Մարդու իրավունքների եվրոպական դատարանը (ՄԻԵԴ) հունվարի 14-ին որոշում է կայացրել, որով Վրաստանին ժամանակավորապես արգելել է Ադրբեջանին արտահանձնել ադրբեջանցի լրագրող Աֆղան Սադիգովին, որը Թբիլիսում գտնվող Գլդանիի բանտում կալանքի տակ է 2024-ի օգոստոսի 4-ից, հայտարարել է Վրաստանում քաղաքացիական իրավունքներով զբաղվող Սոցիալական արդարադատության կենտրոնը։
Հայտարարությունն արվել է չորեքշաբթի Թբիլիսիի վերաքննիչ դատարանի որոշումից հետո, որով մերժվել էր Սադիգովի բողոքը։ Վերջինս վրացական պետությանը խնդրել էր իրեն փախստականի կամ մարդասիրական կարգավիճակ տրամադրել: Սպասվում է, որ ՄԻԵԴ ժամանակավոր արգելքը կտևի յոթ օր, որի ընթացքում Սոցիալական արդարադատության կենտրոնն ակնկալում է, որ ՄԻԵԴ-ը երկրորդ որոշումը կկայացնի, որով մշտապես կկասեցնի արտահանձնման ցանկացած որոշում, մինչև Սադիգովի գործով Ադրբեջանի դեմ վերջնական որոշում կկայացվի։
Ըստ կենտրոնի՝ Թբիլիսիի վերաքննիչ դատարանը «վերջին ատյանն էր, որը կարող էր պաշտպանել հետապնդվող լրագրողի և խմբագրի իրավունքները և դադարեցնել նրա արտահանձնումը»։
«Սրանով ավարտվեց Աֆղան Սադիգովի գործի քննությունը Վրաստանի ազգային դատարանների կողմից,- հայտարարել է կազմակերպությունը,- Ցավոք, նրանք չունեին անհրաժեշտ անկախություն և ազնվություն, որը հնարավորություն կտար պաշտպանել հետապնդվող լրագրողի հիմնարար իրավունքները»:
Առանց Վրաստանում պաշտպանված կարգավիճակի՝ Սադիգովին սպառնում է արտահանձնում Ադրբեջան, որտեղ նա նախկինում մի քանի անգամ կալանավորվել է այնպիսի մեղադրանքներով, որոնք նա հերքել է և պնդել, որ դրանք քաղաքական դրդապատճառներ ունեն:
Նրա կինը՝ Սևինջ Սադիգովան, ասել է, որ ամուսնու կյանքին վտանգ է սպառնում, եթե նրան ստիպեն վերադառնալ Ադրբեջան։
Սադիգովան OC Media-ին ասել է, որ «[«Վրացական երազանք»-ը և վրացական դատարանները] ոտնահարել են օրենքները, վրացական դատարանը [Վրացական երազանքի հիմնադիր] Բիձինա Իվանիշվիլիի ռեժիմի ներքո անում է այն, ինչ հրահանգում է [Ադրբեջանի նախագահ] Իլհամ Ալիևի ռեժիմը»։
«Աֆղանը շատ ծանր վիճակում է […] նրա առողջական վիճակը շատ վատ է […]։ Նրանք ոչ միայն սպանում են Աֆղանին, այլ խլում են նրա ընտանիքի, նրա երեխաների կյանքը։ Ալիևը ոչնչացրեց մեր կյանքը, և ցավալի է, որ Իվանիշվիլիի ռեժիմն ընդունեց այս քաղաքական պատվերը»,- ասել է նա։
Ըստ Սոցիալական արդարադատության կենտրոնի՝ իրենք ՄԻԵԴ դիմել են երկու անգամ՝ մեկ անգամ՝ 2024-ի դեկտեմբերի 9-ին և կրկին՝ հունվարի 10-ին՝ խնդրելով կիրառել միջանկյալ միջոց և կասեցնել Սադիգովի արտահանձնումն Ադրբեջան։
«Այս մեխանիզմը կիրառվում է այն դեպքերում, երբ առկա է իրավունքների խախտման բարձր և անդառնալի ռիսկ, և անհրաժեշտ է կասեցնել պետությունների՝ Կոնվենցիային հակասող գործողությունները»,- ասված է կենտրոնի հայտարարությունում, որում չի հստակեցվում, թե որ կոնվենցիան նկատի ունեն։
Ըստ կենտրոնի՝ ՄԻԵԴ-ը բավարարել է դիմումը և երեքշաբթի կայացրել է միջանկյալ որոշում, որով վրացական իշխանություններին ցուցում է տվել, որ ելնելով կողմերի շահերից և վարույթի պատշաճ ընթացքն ապահովելու իր պարտավորությունից, Սադիգովը չպետք է արտահանձնվի Ադրբեջանին, քանի դեռ Թբիլիսիի Վերաքննիչ դատարանի որոշումից հետո չի անցել առնվազն յոթ օր։
«Միջանկյալ միջոց կիրառելու վերաբերյալ այս որոշումն Արդարադատության եվրոպական դատարանի միջանկյալ որոշումն է, քանի որ գործի քննությունն ազգային դատարանների մակարդակով դեռ ավարտված չէր»,- ասվում է կենտրոնի հայտարարությունում։
«Մարդու իրավունքների եվրոպական դատարանը չի միջամտել երկրի դատարանների իրավասությանը և սպասել է երկրի մակարդակով իրավական պաշտպանության մեխանիզմների սպառմանը։ ՄԻԵԴ-ն այս գործով վերջնական որոշում կկայացնի միայն երկրի դատարանների վերջնական որոշումից հետո»,- նշվում է հայտարարությունում։
Սոցիալական արդարադատության կենտրոնի իրավաբան Մարիամ Կվելաշվիլին OC Media-ին ասել է, որ յոթ օրվա հաշվարկն սկսվել է Սադիգովի գործով չորեքշաբթի Թբիլիսիի Վերաքննիչ դատարանի կողմից որոշման կայացման պահից։
«Քանի որ ֆորսմաժորային իրավիճակ էր, [Թբիլիսիի] Վերաքննիչ դատարանի որոշումից հետո արդարադատության նախարարը կարող է նույն օրը որոշում կայացնել արտահանձնման մասին և նույն օրը արտահանձնել տվյալ անձին, [ՄԻԵԴ]-ն այս որոշումը կայացրել է միջանկյալ ակտի տեսքով»,- պարզաբանել է Կվելաշվիլին։
«Այս ընթացքում [ՄԻԵԴ]-ը, ի թիվս այլ բաների, արդեն կգնահատի բողոքարկման որոշումը, և մենք ակնկալում ենք, որ վերջնական որոշում կկայացվի, որը կկանխի Աֆղանի արտահանձնումն ապագայում»,- հավելել է Կվելաշվիլին։
Նա պարզաբանել է, սովորաբար, երբ ՄԻԵԴ-ն ընդունում է այս միջանկյալ որոշումը, դրան հաջորդում է մեկ այլ որոշում, որում արդեն ասվում է, որ քանի դեռ ՄԻԵԴ-ը գործը վերջնականապես չի քննել, տվյալ անձը չպետք է արտահանձնվի։
«Ինչպես գիտեք, [ՄԻԵԴ-ում գործերը] քննվում են չորսից հինգ տարի ժամկետով, և այդ ընթացքում արտահանձնում չպետք է տեղի ունենա»,- նշել է Կվելաշվիլին։
OC Media-ն Սադիգովի գործի վերաբերյալ ՄԻԵԴ-ից մեկնաբանություն է խնդրել, սակայն պատասխան չի ստացել։ Ադրբեջանական լրատվամիջոցի և Azel.TV YouTube-յան ալիքի ղեկավար Սադիգովն ի սկզբանե ձերբակալվել էր Թբիլիսիում 2024-ի օգոստոսի 3-ին: Նա իր ընտանիքի հետ Վրաստանում էր ապրում 2023-ի դեկտեմբերից և նախատեսում էր հեռանալ երկրից ձերբակալությունից երկու շաբաթ առաջ, սակայն օդանավակայանի միգրացիայի ծառայության աշխատակիցները նրան արգել են դուրս գալ Վրաստանից։