Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց նկատմամբ հարուցված քրեական գործերով դատաքննության մեկնարկի առնչությամբ Միջազգային իրավական հարցերով ներկայացուցչի (ՄԻՀՆ) գրասենյակը հիշեցման կարգով հայտնում է, որ դեռ 2022 և 2024 թվականներին Հայաստանի Հանրապետության կողմից՝ Ադրբեջանում ապօրինաբար մեղադրվող բոլոր հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց արդար դատաքննության, ազատության և անձնական անձեռնմխելիության իրավունքների պաշտպանությանն ուղղված երկու միջպետական գանգատ է ներկայացվել Մարդու իրավունքների եվրոպական դատարան։
ՄԻՀՆ գրասենյակն իր ֆեսյբուքյան էջում արված գրառմամբ հիշեցնում է նաև, որ հետևում է այս օրերին Ադրբեջանում ընթացող դատավարություններին։ «Ցանկանում ենք տեղեկացնել, որ ըստ սահմանված ընթացակարգի և ժամկետների Եվրոպական դատարան կներկայացվեն անհրաժեշտ լրացուցիչ ապացույցներ և պահանջներ»։
***
2023-ի սեպտեմբերին Արցախի դեմ իննամսյա շրջափակումից և երկրամասի ամբողջ հայ բնակչության էթնիկ զտումից հետո Ադրբեջանը գերեվարել է Արցախի նախկին նախագահներ Արկադի Ղուկասյանին, Բակո Սահակյանին, Արայիկ Հարությունյանին, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին, նախկին արտգործնխարար Դավիթ Բաբայանին, ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին և ՊԲ հրամանատարի տեղակալ Դավիթ Մանուկյանին։ Նրանց ներկայացված են բազմապիսի կեղծ մեղադրանքներ, որոնք նախատեսում են ընդհուպ մինչև ցմահ ազատազրկում։
Հունվարի 17-ին Բաքվում կայացել է Արցախի ղեկավարների գործով դատական առաջին նիստը։