Գլխավոր Լրահոս

Քաղաքապետարանը վերայանում է այգիների վարձակալության պայմանագրերը

Քաղաքապետարանը վերայանում է այգիների վարձակալության պայմանագրերը

Գևորգ Թոսունյան

Երևանի քաղաքապետարանի հունվարի 20-ի գործակարգավարական նիստին քննարկվեց երկարաժամկետ վարձակալությամբ տրամադրված անբարեկարգ այգիների պայմանագրերը։ 

Քաղաքապետարանում ձևավորվել է աշխատանքային խումբ, որն ուսումնասիրել է Քանաքեռ-Զեյթուն, Էրեբունի, Շենգավիթ և Կենտրոն վարչական շրջանների պայմանագրերը, ինչպես նաև խնդրահարույց գործերը։ Ըստ քաղաքային իշխանության՝ 45 գործ է ուսումնասիրվել։ Ուսումնասիրության արդյունքում պայմանագրերից մի մասի դեպքում տրվել են լուծումներ՝ նոր սակագներով և նոր պայմաններով վարձակալության պայմանագիր կնքելու տեսքով, իսկ մնացած մասի դեպքում՝ գործող պայմանագրերի լուծման միջոցով։ Նիստին չհաստակեցվեց, թե որ այգիների մասին է խոսքը։

1,6 մլրդ դրամ չհավաքագրվող պարտք

ՍիվիլՆեթը 2024-ի օգոստոսին քաղաքապետարանից ստացել էր Երևանի այգիների վարձակալության պայմանագրերն ու պարտքի չափի մասին տեղեկություն։ Ըստ այդմ՝ միայն Կենտրոն վարչական շրջանում վարձակալները համայնքին պարտք են ավելի քան 1,6 մլրդ դրամ։ Այս գումարի հավաքագրման ուղղությամբ հարցումներ են ուղարկվել քաղաքապետարան։

Երևանի այգիների վարձակալության հարցը շարունակում է խնդրահարույց մնալ։ Թեև Երևանում 2021-ից փուլային կերպով բարձրանում է գույքահարկը, սակայն վարձակալության պայմանագրերի վերանայման աշխատանքներ համակարգված ձևով չեն իրականացվել։ Քաղաքային իշխանությունը չունի հստակ ռազմավարություն՝ ապագայում այգիների վերաբերյալ, բացակայում են ինչպես բարեկարգման, այնպես էլ ներդրումների հաստատման չափորոշիչները։ Հրապարակային չէ նոր պայմանագրեր կնքելու ընթացակարգն ու քաղաքականությունը։

Քաղաքային իշխանությունները շատ դեպքերում կաշկանդված են լուծել ժամկետանց պայմանագրերն ու ազատել հողակտորները շինություններից, քանի որ Քաղաքացիական օրենսգրքով վարձակալության ժամկետի ավարտից հետո այն գործում է, եթե վարձակալը շարունակում է մուծումներ անել։ Մյուս կողմից, եթե վարձակալը առարկում է տարածքի ապամոնտաժմանը, քաղաքապետարանը ստիպված է երկար ձգվող դատական գործընթացների միջով անցնել՝ ազատելու համայնքային տարածքը։

Անտրամաբանական վարձակալություններ

Երևանի այգիները վարձակալության սահմանաչափը շատ դեպքերում անտրամաբանական է ու չի արտացոլում իրականությունը։ Օրինակ՝ Օղակաձև զբոսայգու 4-րդ գոտում 10 523 քմ տարածք է վարձակալության տրամադրված, որտեղ շինությունների գերակշիռ մասը լքված վիճակում է։ Վարձակալության տարեկան վճարը 201 000 դրամ է, ամսական՝ ընդամենը 16 750 դրամ։ Վարձակալությունը կնքվել է «Ֆլամինգո» ՍՊԸ-ի հետ ու ավարտվել 2021-ին։ Ըստ Քաղաքացիական օրենսգրքի՝ վարձակալության ժամկետի ավարտից հետո այն գործում է, եթե վարձակալը շարունակում է մուծումներ անել։

Նմանաբնույթ պայմանագրեր բազմաթիվ են վարչական շրջաններում։

Լուսանկարը՝ հեղինակի

Հետևեք մեզ Telegram-ում Telegram

Կարդալ ավելին

Տեղեկագիր

Բաժանորդագրվեք մեր տեղեկագրին և առաջինը ստացեք մեր շաբաթական ամփոփումները

Բաժանորդագրվելով Դուք տալիս եք համաձայնություն մեր Գաղտնիության քաղաքականություն համար։

ՍիվիլՆեթն արգելում է օգտագործել իր հոդվածներն ու լուսանկարներն առանց պատշաճ հղման, ներբեռնել և առցանց այլ հարթակներում վերբեռնել իր պատրաստած և տարբերանշանը կրող տեսանյութերը։ ՍիվիլՆեթի տեսանյութերի մասնակի օգտագործումը կարող է լինել միայն ՍիվիլՆեթի գիտությամբ և համաձայնությամբ։

Արդենի պողոտա 315, գրասենյակ 30 Գլենդել, Կալիֆոռնիա 91203

+1(818)749-450 [email protected]

Հյուսիսային պողոտա 1, գրասենյակ 30 Երևան 0010, Հայաստան

+374(10)500-119

CIVILNET © 2011-2026։ Բոլոր իրավունքները պաշտպանված են։

Մշակված է՝ MATEMAT-ում