Գևորգ Թոսունյան
Նուբարաշենի խճուղուն հարող առանձնացված հատվածն արդեն երկու տարուց ավելի է՝ դարձել է ապօրինի շինաղբի վայր։ Պատճառը 2022-ի օգոստոսի 14-ին Երևանի կենտրոնում գտնվող «Սուրմալու» առևտրի կենտրոնում տեղի ունեցած պայթյունն էր ու հարուցված քրեական գործը։ Այդ վարույթի շրջանակում Քննչական կոմիտեի պահանջով՝ քաղաքապետարանը առանձնացրել էր հատված և տեղափոխել վնասված շինությունների բեկորները։
2022-ի օգոստոսի 14-ին Երևանի կենտրոնական «Սուրմալու» առևտրի կենտրոնում պայթյունից փլվել էին շինություններ, մահացել 16 հոգի։
Տեղափոխումն իրականացվել է շինարարական աղբի համար ոչ թույլատրելի հատված։ Երևանի քաղաքապետարանից ՍիվիլՆեթին դեռ 2022-ին հայտնել էին, որ այդ քայլին գնացել են, քանի որ «ընթանում էին քննչական գործողություններ, հնարավոր է՝ այդ շինաղբի մեջ հայտնաբերվեն պայթուցիկ նյութեր»։ Քաղաքապետարանից նաև վստահեցրել էին, որ իրավապահների աշխատանքի ավարտից հետո փլուզված շենքի մասերը կտեղափոխվեն շինարարական հիմնական աղբավայր։
2024-ի դեկտեմբերին հայտնի դարձավ, որ «Սուրմալու» առևտրի կենտրոնի հրդեհի և պայթյունի գործով նախաքննությունն ավարտվել է։ Այսինքն՝ վերացել է քրեական գործով պայմանավորված ուսումնասիրություն իրականացնելու անհրաժեշտությունը։
Մենք դիմեցինք քաղաքապետարան՝ հասկանալու, թե ինչ է այդ ուղղությամբ իրականացրել համայնքային իշխանությունը, արդյոք շինաղբի օրինական վայր են տեղափոխելու շինության բեկորները։ Քաղաքապետարանից հիշեցրել են, որ Էրեբունի վարչական շրջանի Նուբարաշենի խճուղուն հարող առանձնացված հատված տեղափոխված թափոնները կոնսերվացնելու վերաբերյալ վարույթն իրականացնող համապատասխան մարմնի կողմից նախկինում ստացվել է դիրքորոշում, արգելք՝ թափոնների կոնսերվացումն ոչ նպատակահարմար լինելու վերաբերյալ։
«Ելնելով վերոգրյալից՝ կրկին հարցում է իրականացվել վերոնշյալ թափոնների կոնսերվացման հնարավորության վերաբերյալ»,- նշված է քաղաքապետարանի պատասխանում։
ՍիվիլՆեթը պարզեց, որ այդ հարցումն ուղարկվել է մեր դիմումից հետո։
ՍիվիլՆեթի նկարահանումները ցույց են տվել, որ նշված տարածք անխոչընդոտ մուտք են գործում քաղաքացիները՝ փնտրելով առարկաներ ու մետաղներ։ Տնտեսվարողներն էլ, օգտվելով իրավիճակից, շինաղբն ապօրինաբար այս հատվածում են թափում։
Դիտեք նաև՝