Ես բարեվարք եմ, դու բարեվարք ես, նա բարեվարք է. բայց երկիրն ավարտվում է

Պատկերը ստեղծված է ԱԲ-ով։

Արևելյան երաժշտության մեջ ֆոնային մեղեդին ապահովող երաժշտին ասում են՝ դամքաշ, այսինքն՝ ձայնակցող։

Մենք ակամա դառնում ենք ձայնակցող։

Այսօր Բարձրագույն դատական խորհրդի անդամության համար Ալեքսանդր Սիրունյանի թեկնածությունը քննարկելու ընթացքում տպավորություն էր, թե մինչ այս պահը Արցախի շուրջ, մասին, վերաբերյալ, վասն ամեն ինչ ընդունելի էր, իսկ ահա, Ալեքսանդր Սիրունյանի հակաարցախյան գրառումները, ուղղակի այլևս անհնարին դարձրեց ամեն ինչ։

Հասարակական մի շարք կազմակերպություններ բողոքի հայտարարություն են ստորագրել Սիրունյանի առաջադրման դեմ։

Սոցիալական ցանցն այսօր ապրեց ընդդեմ Սիրունյանի։

Եվ այս հոգեբավության խրախճաքի ընթացքում չենք ասում՝ իսկ ով հնարավոր դարձրեց, որ փաստաբան մարդը ինչ ուզի ասի Արցախի մասին։ Ո՞վ էր հակաարցախյան հիստերիայի խմբավարը։

Եթե ձեզ խնդրեն մտքում ասել այն մարդու անունը, որը հնարավոր դարձրեց հակաարցախյան հռետորաբանությունը՝ ու՞մ անունը կտաք՝ Ալեքսանդր Սիրունյանի՞։ Իհարկե՝ ոչ։

Եթե ձեզ խնդրեն մտքում ասել այն մարդու անունը, որին բոլորից շատ է խանգարել Արցախը իր անսպասելի փառքը վայելելու համար, դուք ու՞մ անունը կտաք՝ Ալեքսանդր Սիրունյանի՞։ Իհարկե՝ ոչ։

Արցախի հանձնումը ո՞ւմ իշխանության օրոք է եղել. այդ մարդու թեկնածության հնարավորության դեմ հասարակական կազմակերպությունները հայտարարություն տարածե՞լ էին։ Իհարկե՝ ոչ։

«Բարեվարքություն» ճաշակով բառը, որն այսօր շատ օգտագործվեց, իբրև ընդուված կարգի խախտում, օգտագործվում է, իհարկե, միմիայն լավ բանի իմաստով, որը խախտվել է։

Բայց բառը մի ուրիշ երանգ սկսեց կրել․ մենք բոլորս կերտում ենք մեր բարի վարքը, խնամում, փայփայում ենք մեր բարեվարքությունը։ Խույս տալով շատ թիրախային կոշտությունից՝ ընտրում ենք բալասանվորված, կյանքի համար համատեղելի քննադատությունը, հաճախ՝ կոկիկ ու գեղարվեստական լռությունը, և մեկ էլ առաջանում է մի Սիրունյան, և մենք անզսպելի այլախոհ ենք։

Աժ-ում Ալեն Սիմոնյանին Սիրունյանի բարեվարքության մասին հարց են տալիս՝ մի մարդու, ԱԺ մի նախագահի, որը Հայաստանի պատմության մեջ մնալու է որպես օրենսդիր մարմնի՝ քաղաքացու վրա թքող միակ ղեկավար։

Ալեքսանդր Սիրունյանը ԲԴԽ անդամության հրաշալի թեկնածու է այսօր, երևի՝ դեռ երկար, քանի որ ՀՀ Կառավարության կայքում չգիտես ինչու «Բարեվարքություն» հայեցակարգ կա, և հոդվածը վկայում է, որ «Բարեվարքություն բառի ամենատարածված իմաստը սերտորեն կապված է դրա լատինական իմաստի՝ «integras»-ի հետ, որը նշանակում է «անեղծ, ամբողջական, ներդաշնակ»։ Կարևորը՝ ՆԵՐԴԱՇՆԱԿ։

Մալխասյանցի բառարանում բարեվար բառի բացատրությունը սա է․ «Իրան կարգին պահող»։

Մեկնաբանել