2015-ին Արցախում նախաձեռնեցին հայ-ադրբեջանական շփման գծի ողջ երկայնքով մշտադիտարկման սարքերի տեղադրման աշխատանքներ։ Այդ աշխատանքները ավելի ակտիվացան 2016-ի ապրիլյան մարտերից հետո։ Մի քանի տարվա ընթացքում առաջնագծի զգալի մասը արդեն իսկ կահավորված էր ժամանակակից տեսախցիկներով, որոնք թույլ էին տալիս հետևել ադրբեջանական կողմի շարժերին։
Թեև սա ինքնին անհրաժեշտ ու կարևոր գործընթաց էր, որը հարաբերական կայունություն ապահովեց առաջնագծում որոշակի ժամանակահատվածում, այնուամենայնիվ դրա շուրջ ստեղծված աղմուկն ու փիառը վնասակարար լուրջ ազդեցություն ունեցան հասարակության և որոշում կայացնողերի պատկերացումների վրա բանակում տեղի ունեցող գործընթացների վերաբերյալ։
Առաջնագիծը մշտադիտարկման սարքերով կահավորելու գործընթացի մեջ ներգրավված պաշտոնյաները օգտագործում էին այն փիառի համար՝ այդ փոփոխությունները ներկայացնելով որպես անձնական ձեռքբերում։ Երևանից Արցախ ժամանող տարատեսակ պատվիրակությունների համար էլ այցերը ժամանակակից այդ սարքավորումներով կահավորված դիրքեր դարձել էին պաշտոնական արարողակարգի մաս։ Ի դեպ, այդպիսի պավիրակություններից մեկի անդամ էր ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը, որն իր այցից հետո ծավալուն հոդված էր հեղինակել «Հայկական ժամանակ»-ում՝ ներկայացնելով առաջնագծում իրականացվող լուրջ աշխատանքները։
Այս գործընթացի շուրջ ստեղծված տեղեկատվական ֆոնը, այնուամենայնիվ, միմիայն զինված ուժերում համապարփակ բարեփոխումների գործընթացի պատրանք էր ստեղծում՝ խոչընդոտելով Ապրիլյանից դասեր քաղելուն ու գալիք մեծ պատերազմին ավելի պատրաստ լինելուն։
Նույն երևույթի ականատեսը դարձանք 2020-ի հուլիսյան մարտերից հետո, երբ լոկալ մակարդակի էսկալացիան ներկայացվեց որպես իրադարձություն, որը փոխեց ուժերի բալանսը տարածաշրջանում՝ հօգուտ Հայաստանի։ Երկրի բարձրաստիճան պաշտոնյաները հանդես էին գալիս ելույթներով ու հոդվածներով՝ պնդելով, որ Թավշյա հեղափոխությունից հետո իրականացված բարեփոխումների արդյունքում արձանագրվեց այդ «ռազմական հաջողությունը», իսկ Նիկոլ Փաշինյանը օգոստոսին տեղի ունեցած անվտանգության խորհդրի նիստի ընթացքում հայտարարում էր․
«Եվ, ըստ էության, հուլիսյան հաղթական մարտերն ապացուցեցին, որ Ղարաբաղի հարցը չունի ռազմական լուծում: Կարծում եմ՝ ժամանակն է, որ Ադրբեջանի իշխանությունը սա ընդունի, որովհետև նախկինում բազմիցս ասել եմ, որ եթե Ղարաբաղի հարցն ունի ռազմական լուծում, ուրեմն Արցախի ժողովուրդը կարող է արձանագրել, որ ինքը վաղուց այդ հարցը լուծել, ավարտել է»:
Հուլիսյան էսկալացիան ու դրա շուրջ ձևավորված տեղեկատվական ֆոնը ոչ միայն հասարակության, այլև որոշում կայացնողների մոտ անպարտելիության պատրանք ստեղծեցին։ Հայաստանի իշխանություններն այդ մարտերի ավարտից հետո էյֆորիայի մեջ էին ընդհուպ մինչև Ղարաբաղյան երկրորդ պատերազմի մեկնարկը, իսկ միգուցե նաև մինչև պատերազմի առաջին շաբաթի ավարտը, երբ տեղի ունեցավ ադրբեջանական ճեղքումը հարավում։
Այդ իրավիճակը, բնավ, սահմանափակում էր կառավարության՝ պատերազմին նախորդած իրադարձությունները սթափ գնահատելու կարողությունը։ Անվտանգության ոլորտում որևէ լուրջ փորձ ու գիտելիք չունեցող հեղափոխական իշխանությունները սեփական քարոզչության զոհն էին դարձել։
Ղարաբաղյան երկրորդ պատերազմում աղետալի պարտությունից հետո անվտանգության նկատմամբ հանրության և որոշում կայացնողների մոտեցումներում թերևս փոփոխություններ պետք է տեղի ունենային։ Այնուամենայնիվ, այս փուլում իշխանությունները գիտակցաբար նախապատվություն են տալիս փիառ արշավներին, որոնք Զինված ուժերում համապարփակ բարեփոխումների գործընթացի պատրանք են ստեղծում։
Վերջին տարիներին Կառավարությունը առաջնագծի մի քանի հատվածներում ամրաշինական բավական լուրջ աշխատանքներ է նախաձեռնել։ Որոշակի աշխատանքներ են իրականացվել նաև նախորդ տարվա ընթացքում Ադրբեջանի հետ պետական սահմանի դելիմիտացված հատվածում։ Այս ինքնին կարևոր աշխատանքը, սակայն, առիթ է դարձել քարոզչության և փիառի համար։
Վերջին ամիսների ընթացքում պետական տարբեր գերատեսչություններ փորձագետներից, լրագրողներից և հանրային այլ գործիչներից բաղկացած խմբերի պարբերական այցեր են կազմակերպում այդ հատվածներ, ցուցադրելով կատարված աշխատանքները։
Այս գործելաոճը խնդրահարույց է այն առումով, որ հասարակության մոտ պատրանքներ են ստեղծվում զինված ուժերում լայնածավալ բարեփոխումների գործընթացի վերաբերյալ։ Ավելին, կա մեծ հավանականություն, որ որոշում կայացնողները ևս, ինչպես 2020-ի հուլիսյան մարտերից հետո, կրկին սեփական քարոզչության զոհն են դարձել՝ չգիտակցելով բանակում առկա խնդիրների լրջությունը և բարեփոխումների գործընթացում առկա խնդիրները։
Հաշվի առնելով ադրբեջանական շարունակական վտանգի առկայությունը՝ այս մոտեցումը, որի գլխավոր խնդիրը ներքին լսարանի ընկալումների վրա ազդեցություն է, կարող է կրկին լուրջ հետևանքներ ունենալ։ Սահմանի պատշաճ կահավորումը կառավարության ուղիղ պարտականությունն է։ Այդ գործընթացը պետք չէ ներկայացնել որպես ինչ-որ արտառոց ձեռքբերում ու օգտագործել ներքաղաքական նպատակների համար։ Պետք չէ նաև մոռանալ, որ Ղարաբաղյան երկրորդ պատերազմում Հայաստանի պարտությունից հետո անցել է գրեթե հինգ տարի, բայց կառավարությունը շարունակում է Ադրբեջանին արվող միակողմանի զիջումները արդարացնել պատերազմի ու ավելի մեծ կորուստների վտանգով։