Երևանի նախկին քաղաքապետ Հայկ Մարությանը հունվարի 21-ին հայտարարեց, որ Ազգային անվտանգության ծառայությունը տարբեր թերթերի միջոցով կեղծ տեղեկություններ է տարածում, թե իբր փետրվարի մեկից տրանսպորտի թանկացումը բոյկոտող քաղաքացիները կտուգանվեն։
«КГБ»-ն պատվերն է կատարում, ես հենց «КГБ» եմ ասում, ոչ թե ԱԱԾ, գիտենք՝ դա որտեղից է գալիս։ Թերթի միջոցով տարածում են կեղծ լուրեր, թե հիսուն հազար դրամի տուգանք է հասնում այն բանի համար, որ հարյուր դրամ մուծեն։ Նման տուգանք Հայաստանում չկա»,- ասաց Մարությանը։
Նա հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանը, փաստացի, դրական է վերաբերվում թանկացմանը՝ նկատի ունենալով վարչապետի՝ այսօր առավոտյան մետրոյով երթևեկելու ու մարդկանց հետ զրուցելու տեսանյութը։
«Փաստացի նա հաշտ է այս իրողության հետ։ Հաշտ է, որ տրանսպորտը դառնում է 300 դրամ։ Պետք է իմանալ, որ մեկ կամ յոթ օրվա տոմսերի դեպքում բացարձակ որևէ զեղչ չի գործում։ Այսօր Փաշինյանն էր ասում, որ թոշակառուները հարցնում էին զեղչի մասին։ Պարոն Փաշինյան, այդ զեղչը չի գործում մեկ կամ յոթ օրվա դեպքում՝ ոչ թոշակառուների, ոչ ուսանողների համար», – շեշտեց Մարությանը։
Գևորգ Թոսունյան