Քրդերը 1915-ի հայերը չեն, որ կոտորեք. քուրդ պատգամավորը` Էրդողանին

Իզմիրում նոյեմբերի 4-ին քրդական «Խաղաղություն և ժողովրդավարություն» կուսակցությունը երթ էր կազմակերպել, որի նպատակն էր աջակցել թուրքական տարբեր բանտերում 55 օր շարունակ հացադուլ անող քուրդ բանտարկյալներին, հաղորդում է թուրքական Milliyet-ը: Երթին մասնակցում էր նաև քրդական կուսակցության Մուշից ընտրված պատգամավոր Սըրրը Սաքըքը:

Սըրրը Սաքըքը անդրադարձել է Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի մի հայտարարությանը, որում Էրդողանը, նկատի ունենալով քրդերին, ասում է, որ որոշ մարդկանց համար անհրաժեշտ է մահապատիժը վերականգնել: Էրդողանի այս հայտարարության վերաբերյալ քուրդ պատգամավորը երթի ժամանակ ասել է. «Խելքներդ գլուխնե´րդ հավաքեք, քրդերը 1915թ. հայեր չեն, որ կոտորեք, քրդերը սեպտեմբերի 6-7 հույները չեն, քրդերը հրեաները չեն, որ դաժանություններ գործեք»:

Քուրդ պատգամավորն ասել է նաև, որ թուրքական կառավարությունն «Անկախության դատարաններում» հազարավոր քրդերի է կախաղան բարձրացրել: «Քրդերը չեն խոնարհվելու, քրդերին մահապատժով սպառնալը պարապ զբաղմունք է»,- հայտարարել է քուրդ պատգամավորը:

Հետաքրքրական է, որ Milliyet-ը Սաքըքի այս խոսքերը Թուրքիայի համար սպառնալիք է որակել:

Մեկնաբանել