ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հունվարի 23-ին կմեկնի Դավոս. այս մասին ՍիվիլՆեթին հայտնեց վարչապետի մամուլի խոսնակ Նազելի Բաղդասարյանը։ Վարչապետը կմասնակցի համաշխարհային տնտեսական ֆորումի շրջանակում պանելային քննարկումների։
Ըստ ֆորումի կայքի՝ Փաշինյանը մասնակցելու է «Ինչպես նախագծել Եվրոպայի հզորությունը» խորագրով քննարկման, որի մասնակիցներից է նաև Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը, մյուս բանախոսների թվում են Փարիզի Sciences Po համալսարանի, բելգիական Syensqo, ֆրանսիական TotalEnergies ընկերությունների ներկայացուցիչները, Եվրամիության առևտրի և տնտեսական անվտանգության հարցերով հանձնակատարը։
Դավոսում է նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա արդեն մի քանի երկկողմ հանդիպումներ է ունեցել, այդ թվում՝ Իսրայելի նախագահ Իցհակ Հերցոգի, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի, Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։
ՀՀ վարչապետի գրասենյակից դեռևս չեն հստակեցնում, թե Նիկոլ Փաշինյանն ինչ երկկողմ հանդիպումներ է անցկացնելու, և արդյոք նախատեսված է Փաշինյան-Ալիև հանդիպում։
Շվեյցարիայի Դավոս քաղաքում հունվարի 20-ին մեկնարկել է Համաշխարհային տնտեսական ֆորումը, որը կտևի մինչև հունվարի 24-ը։ Այս տարվա hամաժողովը տեղի է ունենում «Համագործակցություն ինտելեկտուալ դարաշրջանում» խորագրի ներքո:
Հանդիպմանը մասնակցում են շուրջ 3 000 առաջնորդներ ավելի քան 130 երկրներից և 350 պետական գործիչներ՝ ներառյալ 60 պետությունների և կառավարությունների ղեկավարներ, բոլոր առանցքային տարածաշրջաններից:
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկրորդ անգամ է մասնակցում Դավոսի ֆորումին։ Առաջին անգամ համաշխարհային տնտեսական այս մեծ միջոցառմանը նա մասնակցել էր 2019 թվականին։