Արտգործնախարարը պատասխանեց հարցին, թե ինչու է սահմանազատումը շարունակվելու հյուսիսից

Ինձ մնար՝ Հայաստանի սահմանազատումը կսկսեի Խաղաղ օվկիանոսից ու կավարտեի Ատլանտյանով. արտգործնախարար Արարատ Միրզոյանը այսպես պատասխանեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի հարցին կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ։

Հայաստանի և Ադրբեջանի փոխվարչապետները նախօրեին համաձայնության են եկել սահմանազատման հաջորդ փուլը իրականացնել հյուսիսային հատվածում՝ Տավուշի մարզում։

Արթուր Խաչատրյանը արտգործնախարարից հետաքրքրվեց, թե ինչու սահմանազատումը չի իրականացվում հարավից։ Խաչատրյանի խոսքով՝ սահմանազատումը հյուսիսից սկսելու դեպքում պետությունը մտնում է ադրբեջանական օրակարգ։ Ըստ նրա՝ նույնը չէր լինի, եթե սահմանազատումը սկսվեր հարավից։

Հարցին պատասխանեց արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանը։ Նա հաստատեց, որ Հայաստանը զավթման տակ 200 քառակուսի կիլոմետրից ավելի տարածք ունի, որը հասցեագրելու են սահմանազատման գործընթացով։

«Մենք շահագրգիռ ենք, որ սահմանազատման գործընթացը շարունակվի։ Մենք համարում ենք այն խաղաղության գործընթացի շատ էական և կարևոր բաղադրիչ հենասյուներից մեկը։ Մեր կողմից եղել են կառուցողական ջանքեր, և ադրբեջանական կողմի հետ եկել ենք ընդհանուր հայտարարի։ Հիմա ունենք շատ հստակ պայմանավորվածություններ», – շեշտեց Միրզոյանը։

Մինչ այդ էլ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը սահմանազատման մասին հարց ուղղեց փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին։ Նա հետաքրքրվեց, թե արդյոք Տավուշի մարզում առաջիկայում իրականացվելիք սահմանազատման արդյունքում Հայաստան-Վրաստան միջպետական ճանապարհն անցնելու է Ադրբեջանի վերահսկողության տակ։ Այս հարցը ևս հստակ պատասխան չստացավ։

Մհեր Գրիգորյանը հիշեցրեց, որ հունվարի 16-ին Ադրբեջանի և Հայաստանի սահմանազատման հանձնաժողովները որոշեցին պետական սահմանի սահմանազատումն իրականացնել հյուսիսային հատվածից և նա պատգամավորին հորդորեց հարցի պատասխանը փնտրել այդ որոշման մեջ։

«Պայմանավորվածությունները հրապարակվում են, և չեն կարող գաղտնի մնալ։ Վերջին հանդիպման վերաբերյալ կա մամլո հաղորդագրություն։ Եթե ձեր ասածը այդ պայմանավորվածության մեջ չկա, ուրեմն չկա նման պայմանավորվածություն», – շեշտեց Գրիգորյանը։

***

Հունվարի 16-ին Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղի ունեցավ երկու երկրների սահմանազատման և սահմանային անվտանգության հարցերով հանձնաժողովների տասնմեկերորդ հանդիպումը՝ Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի նախագահությամբ:

Հանդիպման ընթացքում կողմերը համաձայնության են եկել սկսել պետական ​​սահմանի սահմանազատման համալիր աշխատանքները հյուսիսային հատվածից՝ Հայաստանի Հանրապետության, Ադրբեջանի Հանրապետության և Վրաստանի սահմանների հատման կետից և այնուհետև հարավային ուղղությամբ՝ հյուսիսից հարավ մինչև Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության սահմանը Իրանի Իսլամական Հանրապետության հետ:

Ազգային ժողովն էլ 2024-ի հոկտեմբերի 23-ին ընդունեց Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման հանձնաժողովների կանոնակարգը վավերացնելու օրենքի նախագիծը։

Հայաստանի և Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգը ստորագրվել էր 2024-ի օգոստոսի 30-ին: Սեպտեմբերի 5-ին կառավարությունը քննարկել և հաստատել էր կանոնակարգը՝ այն ուղարկելով Սահմանադրական դատարան։ ՍԴ-ն սեպտեմբերի 26-ին կանոնակարգը Սահմանադրությանը համապատասխանող էր ճանաչել: ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովը հոկտեմբերի 21-ին դրական եզրակացություն էր տվել նախագծին և ներկայացրել խորհրդարանի վավերացմանը։

Մեկնաբանել