Բաքվի դատարանում Արցախի ղեկավարների նկատմամբ ընթացող շինծու դատավարության տեսարանները մտահոգիչ են, ըստ վարչապետ Նիկոլ Փաշինյանի։ Հունվարի 22-ին կառավարություն-Ազգային ժողով հարցուպատասխանի ժամանակ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը հարցրեց, թե «ի՞նչ է արել կամ անելու պաշտոնական Երևանը, կա՞ն արդյոք Հայաստանի կողմից ձևակերպված հստակ պահանջներ»։
«Տեղեկությունները, որոնք ստացանք և այդ տեսարանները իհարկե մտահոգիչ են, բայց նաև պիտի արձանագրեմ, որ մենք այս իրավիճակին առաջին հերթին մոտենում ենք չվնասելու տրամաբանությամբ։ Մեր դիվանագիտական շփումներում, դիվանագիտական օրակարգում այդ հարցը մշտապես ներկա է, և մենք շարունակելու ենք այդ ուղղությամբ մեր ջանքերը, որպեսզի հասնենք արդյունքի», – ասաց Փաշինյանը։
Գալստյանի պնդմանը, թե վարչապետը շրջանցեց թեման, և առհասարակ իշխանության լռությունը համարժեք է մեղսակցության, Փաշինյանը հակադարձեց․ «Ես հիմա կարող եմ ձեր ասած հայրենասիրական էմոցիաները բավարարող հայտարարություն անել, բայց այդ հայտարարության ազդեցությունը ու հետևանքներն այդ մարդիկ զգալու են բանտում իրենց մաշկի վրա։ Մենք սա հասկանո՞ւմ ենք, թե՞ չենք հասկանում»։
***
Հունվարի 17-ին Բաքվի դատարանում մեկնարկել է Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության դեմ շինծու դատավարությունը։ Արդեն կայացել է երկու դատկան նիստ՝ կապված տասնհինգ հայերի հետ, իսկ մյուսներից առանձին ընթացող՝ Ռուբեն Վարդանյանի գործով դեռ մեկ նիստ է կայացել։
Դատական գործընթացի նախօրեին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը ուղերձ էր հղել Բաքվի բանտից։ Հրապարակված ուղերձը, ըստ նրա ֆեյսբուքյան պաշտոնական էջի, ընտանիքին փոխանցվել էր հեռախոսազանգի ընթացքում։
Ըստ միջազգային իրավապաշտպան Amnesty International կազմակերպության՝ Ադրբեջանը պետք է ապահովի Ռուբեն Վարդանյանի արդար դատաքննության իրավունքները և հետաքննի իրավունքների խախտման վերաբերյալ պնդումները։