Մոլորեցնող պնդումներ՝ Բրիտանիայի կառավարության զգուշացումների մասին

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում հունվարի 21-ից լայնորեն տարածվում է տեղեկություն, որ Մեծ Բրիտանիայի կառավարությունը խորհուրդ է տալիս զերծ մնալ Հայաստան-Ադրբեջան սահմանամերձ բնակավայրեր այցելությունից և Նոյեմբերյան-Իջևան ճանապարհով երթևեկելուց:

Տելեգրամյան ալիքներից մեկը հունվարի 21-ին հայտնել է, թե բրիտանական կառավարության կայքը հունվարի 17-ին «բացահայտել է Ադրբեջանի հնարավոր հարվածի ուղղությունը»՝ թարմացնելով Հայաստանի տարածքում «հնարավոր բախումների կետերը»:

Բրիտանական կառավարության՝ սահմանային այցելությունների խորհրդատվության մասին հունվարի 22-ին հայտնել են նաև Ազգային ժողովի «Հայաստան» դաշինքի պատգամավոր Արթուր Խաչատրյանը և ակտիվիստ Նաիրի Հոխիկյանը, որոնց գրառումները մեծ տարածում են ստացել:

Տեղեկությունը տարածել են Yerevan.today, Armlur.am, 24news.am, Iravunk.com, Aysor.am, Aravot.am, Abcmedia.am, և մի շարք այլ լրատվամիջոցներ՝ այն ներկայացնելով առանց համապատասխան համատեքստի։

Զգուշացումը նոր չէ, գրառումները մոլորեցնող են

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը պարզել է, որ բրիտանական կառավարության՝ անվտանգության և սահմանային այցելությունների վերաբերյալ զգուշացումները նոր չեն և էականորեն չեն փոխվել վերջին տարիներին։

Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի, համագործակցության և զարգացման գրասենյակի (FCDO) կայքի՝ Հայաստան այցելելու վերաբերյալ խորհրդատվության վերջին թարմացումը կատարվել է 2025-ի հունվարի 17-ին։ Նախորդ օրվա՝ հունվարի 16-ի տարբերակի համեմատությամբ հիմնական դրույթները մնացել են անփոփոխ՝ բացառությամբ «Անվտանգություն և ապահովություն» բաժնում ահաբեկչության վերաբերյալ հատվածի, որն էլ էական փոփոխություն չի պարունակում։

Այսպես, նախկին տարբերակում նշվում էր՝ «Հայաստանում ահաբեկչական հարձակումները չեն կարող բացառվել», իսկ նոր տարբերակում ձևակերպումն է՝ «Թեև Հայաստանում վերջին շրջանում ահաբեկչության դեպքեր չեն գրանցվել, հարձակումները չեն կարող բացառվել»։

Էկրանապատկերները՝ բրիտանական կառավարության կայքից։

Ինչ վերաբերում է Հայաստան-Ադրբեջան արևելյան սահմանամերձ տարածքներ այցելություններին և Իջևան-Նոյեմբերյան M16/H26 ճանապարհով երթևեկելու վերաբերյալ զգուշացումներին, դրանք առկա են առվնազն 2013-ից։ Սահմանամերձ տարածքներից 5 կմ հեռավորություն պահպանելու ձևակերպումը առկա է 2018-ից։

Բրիտանիան զգուշացումները հրապարակում է բացառապես իր քաղաքացիների՝ արտերկրում ճամփորդության անվտանգության նպատակով։

Կայքէջում 2020-ի նոյեմբերի 10-ի զգուշացումներում հատուկ շեշտադրվում էին Արցախյան պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակը և դրանից բխող անվտանգության ռիսկերը, ինչպես նաև նշվում էր ռազմական գործողությունների հնարավոր շարունակության, Հայաստանի տարածքում ռազմական օբյեկտների հնարավոր թիրախավորման մասին։Ներկայիս տարբերակում պահպանվել են երկու հիմնական զգուշացումները՝ խուսափել արևելյան սահմանին մոտ 5 կմ գոտուց և Իջևան-Նոյեմբերյան ճանապարհից։

Հայաստանի վերաբերյալ ճամփորդական խորհրդատվության քարտեզը կայքէջում հրապարակվել է առնվազն 2017-ի օգոստոսից։ Ներկայիս տարբերակի համեմատ միակ տարբերությունը 2020-ի 44-օրյա պատերազմից հետո Ադրբեջանի հետ նոր ձևավորված սահմանահատվածն է։

Հատկանշական է, որ հայ-ադրբեջանական սահմանին 2021-ին, 2022-ին և 2023-ի սեպտեմբերին Արցախում տեղի ունեցած սրացումներից առաջ Բրիտանիան լրացուցիչ հատուկ զգուշացումներ չի հրապարակվել։

Այսպիսով, սոցցանցերում տարածվող պնդումները բրիտանական կառավարության զգուշացումների թարմացման և դրանց՝ Ադրբեջանի հնարավոր գործողությունների հետ կապի վերաբերյալ մոլորեցնող են։

Մեկնաբանել