Ինչո՞ւ Երևանի պետական համալսարանը (ԵՊՀ) պատրաստ չէ ընդունել NVIDIA ընկերության սուպերկոմպյուտերը, որի համար Հայաստանի պետական բյուջեից վճարվել է 8,5 մլն դոլար։ Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչնեերի հետ հանդիպմանը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է այս հարցին։
Ժնևի համալսարանի պրոֆեսոր, քաղաքագետ Վիգէն Չըթըրեանը հիշեցրել է 2020-ի պատերազմից հետո ստեղծված՝ Սփյուռքի ու Հայաստանի 350 գիտնականների միավորող Armenian Society of Fellows կազմակերպության մասին և նշել Հայաստանին հատկացվելիք NVIDIA ընկերության սուպերկոմպյուտերի մասին, որը Հայաստանի պետության և սփյուռքի գիտնականների աշխատանքի արդյունք է։

Վիգէն Չըթըերանը
Չըթրեանը նշել է, որ Հայաստանի պետական համակարգի դանդաղ աշխատանքի պատճառով շատ մեծ դժվարություններ ունեն աշխատանքը առաջ տանելու առումով։ «Օրինակ՝ այդ սուպերկոմպյուտերը, որ ի վերջո կարողացանք գնել՝ ի շնորհիվ պետական բյուջեի 8,5 մլն դոլար հատկացման, Երևանի պետական համալսարանը պատրաստ չէ ընդունել, և գոնե 9-12 ամիս ուշանալու է, ինչի պատճառով Հայաստանի պետական բյուջեն 3 մլն դոլար կորցնելու է, քանի որ այդ կոմպյուտերի չաշխատելը այդ գումարին հավասար է»,- ասել է Չըթըրեանը՝ հորդորելով ձև գտնել իրար հետ աշխատելու, որպեսզի ուղիղ կապ ստեղծվի գիտական այդ կազմակերպությունների և պետության միջև, և բյուրոկրատական բարդ համակարգն ավելի արագ և ճկուն աշխատի։
Փաշինյանն ասել է, որ սուպերկոմպյուտերը ձեռք բերելու որոշումը անձամբ է կայացրել այն բանից հետո, երբ NVIDIA ընկերության ղեկավար Ջենսեն Հուանգը եկավ Հայաստան։ «Ես 2019 թվականին այցելել էի նրանց ընկերություն, իհարկե այնտեղ էլ մեր սփյուռքահայ հայրենակիցը՝ պարոն (Ռև) Լիպարիտյանը, որը աշխատում է NVIDIA-ում, շատ մեծ դեր ունեցավ։ Ինքն էր կազմակերպել այդ այցը»։
«Ես որոշեցի, որ մենք պետք է այդ սուպերկոմպյուտերը ձեռք բերենք, որքան էլ դա խնդրահարույց էր թվում։ Այո՛, ես տեղյակ եմ, որ հիմա դրա հետ կապված փոփոխություններ կան, և ժամանակացույցի ուշացումներ են եղել,- ասել է Փաշինյանը՝ նշելով, թե այդ խնդիրները ոչ միայն մեզ մոտ են։- Աշխարհի բոլոր կառավարությունները դանդաղ են աշխատում»։
«Մեր կառավարությունը, իհարկե, աշխարհի կառավարություններից ավելի դանդաղ է աշխատում երկու հիմնական պատճառով։ Առաջինը՝ կադրերի պրոֆեսիոնալիզմի մակարդակով մենք զիջում ենք։ Երկրորդը՝ աշխատանքի վարձատրության չափով»,- ասել է նա։
«Սուպերկոմպյուտերի նախագիծը շատ կարևոր է, և վստահ եմ՝ այն իր մեծ ազդեցությունը կունենա Հայաստանի գիտական ու տեխնոլոգիական զարգացման վրա։ Մենք հասկանում ենք, որ խնդիրներ կան բյուրոկրատիայի հետ, և համաձայն եմ, որ այդ բյուրոկրատիան պետք է ավելի ճկուն աշխատի։ Դա հեշտ չէ, բայց մենք պարտավոր ենք շարունակել աշխատանքները։ Այդ թվում՝ Սփյուռքի և Հայաստանի գիտնականների միջև համագործակցությունը պետք է խորանա, և մենք պիտի գտնենք ավելի արդյունավետ մեխանիզմներ՝ նման խնդիրները լուծելու համար»,- ասել է Նիկոլ Փաշինյանը։
Շվեյցարահայ համայնքի հետ Փաշինյանի հանդիպումից տե՛ս նաև՝
2018-ին կաթողիկոսին հեռացնելը «մեր օրակարգի հարց չի եղել». Նիկոլ Փաշինյան