Նավթը կթանկանա, բայց քիչ

Մինչև ընթացիկ տասնամյակի վերջ WTI տեսակի նավթի գնանշումները կկայունան, իսկ Brent տեսակի նավթը կթանկանա աննշան, ասվում է Reuters գործակալության ուսումնասիրության մեջ։ Այն ամփոփում է Եվրոպայի, Ամերիկայի, Ասիայի և Ավստրալիայի 20 առաջատար բանկերի և վերլուծական կենտրոնների փորձագետների՝ մինչև 2020թ. նավթի գների դինամիկայի կանխատեսումները:

Reuters-ի ուսումնասիրությունը հերքում է այս էներգակրի անխուսափելի թանկացման մասին լայն տարածում գտած տեսակետը։ Կասկածի տակ են առնվում նաև դժվարամատչելի տարածաշրջաններում նավթի արդյունահանման բավական թանկ ներդրումային ծրագրերի հեռանակարները: Ուսումնասիրությունը ներառում է հիմնականում եվրոպական Brent-ի և ամերիկյան WTI-ի գների կանխատեսումները՝ միավորելով երբեմն իրարամերժ մոտեցումներ:

Այսպես, բրիտանական Barclays-ի փորձագետների կարծիքով՝ 2020-ին նավթի երկու տեսակն էլ կթանկանա մինչև $184-185/բարել: Շվեյցարական UBS-ում և Credit Suisse-ում կարծում են, որ եվրոպական նավթի գնանշումները զգալիորեն կնվազեն: Ըստ UBS-ի՝ Brent-ի գինը կկազմի $95/բարել, ըստ՝ Credit Suisse-ի՝ $90/բարել:

Բոլոր 20 կանխատեսումների միջին ցուցանիշի համաձայն՝ Brent-ի գինը կկազմի $118/բարել: Գրեթե նույն գինն է կանխատեսել ֆրանսիական Societe Generale-ը՝ $116/բարել, և ճապոնական Nomura-ն՝ $115/բարել: Եթե հաշվի առնենք, որ եվրոպական նավթի գինը ներկայում $108/բարել է, առաջիկա ութ տարում գնանշումների բարձրացումն աննշան է:

Փորձագետները զգալի դինամիկա են կանխատեսել ամերիկյան WTI տեսակի նավթի գնի համար։ Ներկայիս $86/բարել-ից 2020-ին $116/բարել թանկացումը նավթի այս տեսակի համար ոչ այնքան գների աճ է, որքան դրանց կարգավորում ու եվրոպական և ամերիկյան նավթի գնանշումների միջև տարիներով ձևավորված տարբերության կրճատում:

Ըստ Reuters-ի ուսումնասիրության՝ բանկերն ապագայում ավելի խիստ մոտեցում կորդեգրեն նավթային այն նախագծերի ֆինանսավորման հարցում, որոնց բիզնես ծրագիրը հիմնավորված կլինի նավթի կտրուկ թանկացման ակնկալիքների վրա։

Մեկնաբանել