Միջազգային քրեական դատարանը՝ հարվածի տակ. ինչ է սա նշանակում Հայաստանի համար

Գուրգեն Պետրոսյան

2025 թվականի հունվարի 9-ին ԱՄՆ Կոնգրեսը ներկայացրեց հատուկ օրենսդրական նախաձեռնություն՝ ուղղված Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) դեմ։ Այս նախաձեռնությունը նախատեսում է պատժամիջոցներ կիրառել յուրաքանչյուր օտարերկրյա անձի նկատմամբ, որը համարվում է ՄՔԴ-ին ուղղակիորեն մասնակցած կամ օժանդակող՝ ներառյալ Իսրայելի նախագահի դեմ հետաքննություն, ձերբակալություն, կալանավորում կամ դատավարություն իրականացնելու գործընթացում։

Այս պատժամիջոցները տարածվում են նաև այն անձանց վրա, որոնք նյութական աջակցություն են ցուցաբերել նման գործողություններին, ինչպես նաև նրանց ընտանիքի անդամների վրա։ Պատժամիջոցները ներառում են՝

  • Գույքի արգելափակում, որն արգելում է ԱՄՆ իրավասության տակ գտնվող գույքի հետ գործարքները
  • Վիզաների սահմանափակում, ինչը նշանակում է մուտքի մերժում ԱՄՆ

Այս քայլը ստեղծում է այնպիսի իրավիճակ, երբ ցանկացած անձ կամ կազմակերպություն, որը որևէ կերպ համագործակցում է ՄՔԴ-ի հետ (օրինակ՝ թարգմանչական կամ տեխնոլոգիական ծառայություններ մատուցելով), կարող է ենթարկվել նույն պատժամիջոցներին։

Օրինակ՝ Microsoft ընկերությունը, որը տեխնոլոգիական ծառայություններ է տրամադրում ՄՔԴ-ին, Սենատի կողմից այս օրենքի հաստատման դեպքում ստիպված կլինի դադարեցնել իր օժանդակությունը, հակառակ դեպքում՝ ինքն էլ կարող է պատժվել։ Սա նշանակում է, որ ՄՔԴ-ն ստիպված կլինի իր ամբողջ տեղեկատվական համակարգը փոխարինել այլընտրանքային լուծումներով։ Հաշվի առնելով, որ դատարանի ապացույցների մեծ մասը պահվում է Microsoft-ի ամպային համակարգերում, ընկերության ծառայությունների դադարեցումը կարող է վտանգել դատարանի գործունեությունը՝ զրկելով այն իր հիմնական տվյալներից։

Սա առաջին դեպքը չէ, որ ՄՔԴ-ն նման հարձակումների է ենթարկվում։ Դեռևս Թրամփի առաջին նախագահության օրոք դատարանի դատախազը բախվել էր նմանատիպ պատժամիջոցների. նրա միջոցներն այն ժամանակ սառեցվել էին։

Թեև ներկայում դեռ պարզ չէ, թե ինչ հետևանքներ կունենա այս օրենսդրական նախաձեռնության գործնական կիրառումը, ակնհայտ է, որ սա հետքայլ է միջազգային իրավունքի զարգացման ճանապարհից։

Եվրոպական պետությունների՝ ՄՔԴ-ի հետ ակնհայտ չհամագործակցելը նույնպես վկայում է, որ պետությունները գերադասում են իրենց ազգային շահերը միջազգային ունիվերսալ արժեքներից։

Օրինակ, Լիբիայի պատերազմական հանցագործությունների մեջ մեղադրվող անձը, որը ձերբակալվել էր Թուրինում ՄՔԴ-ի պահանջի հիման վրա, շուտով ազատ էր արձակվել ու վերադարձել Լիբիա։ Իտալական իշխանությունները մտահոգվել էին, որ Լիբիայի կառավարությունը կարող է դադարեցնել համագործակցությունը փախստականների հոսքը վերահսկելու հարցում, իսկ դա երկրի քաղաքական առաջնահերթ խնդիրներից մեկն էր։ Այս իրավիճակը վկայում է, որ պետությունները փոխում են իրենց մոտեցումները միջազգային համընդհանուր արժեքների նկատմամբ։

Թեև վերջին տարիներին փոքր պետությունները հաճախ ապավինում են միջազգային իրավունքի մեխանիզմներին և գերադասում իրենց խնդիրները լուծել միջազգային ատյաններում, ակնհայտ է, որ այս մոտեցումը մեծ պետությունների կողմից բախվում է խիստ արձագանքի։

Օրինակ՝ Հայաստանի անդամակցությունը Միջազգային քրեական դատարանին հարուցեց Ռուսաստանի կոշտ քննադատությունը։ Այս զարգացումները, ինչպես նաև ռադիկալ քաղաքական ուժերի իշխանության գալը, ցույց են տալիս, որ պետությունները փոխում են իրենց մոտեցումները միջազգային իրավունքի նկատմամբ և հետքայլ են անում մարդու իրավունքներից։ Այս փոփոխությունները պայմանավորված են մի շարք գործոններով, ներառյալ միջազգային իրավունքի նկատմամբ անվստահությունը, ազգային սուվերենության գերակայությունը, երկակի ստանդարտների կիրառումը և այդ ստանդարտների պատճառով հանրության հիասթափությունը։

ՄՔԴ-ի դեմ գործողությունների հետևանքները Հայաստանի համար

Ինչպես արդեն քննարկել ենք, Միջազգային քրեական դատարանը կամ նմանատիպ միջազգային և տարածաշրջանային դատարանները չեն լուծելու Հայաստանի առջև ծառացած խնդիրները, սակայն դրանք կարող են հիմք ստեղծել բանակցությունների համար և օգնել Ադրբեջանի հետ բանակցություններում նվազագույն շեմ սահմանելու մեջ։

Աշխարհը փոխվում է, ու թեև թվում է, թե մենք կրկին հայտնվել ենք Առաջին համաշխարհային պատերազմից հետո ձևավորված Ազգերի Լիգայի պառակտված դարաշրջանում, միջազգային իրավունքը որպես գաղափար և համակարգ չի դադարում գոյություն ունենալ։ Իրավունքը շարունակում է մնալ ուժի մեջ։ Քաղաքական պայմաններն ու առաջնահերթությունները կարող են փոխվել, սակայն դա չի նշանակում, որ Հայաստանը պետք է հրաժարվի իր ստանձնած պարտավորություններից և իրավունքներից։ Նմանապես, եթե Օսմանյան կայսրության իրականացրած Հայոց ցեղասպանության արդյունքում մեր հայրենակիցները զրկվել են իրենց ունեցվածքից, դա չի նշանակում, որ նրանց ժառանգների իրավունքներն այդ սեփականության նկատմամբ դադարել են գոյություն ունենալ։ Իրավունքի ոլորտում այդ իրավունքները շարունակում են պահպանվել։

Հայաստանը պետք է շարունակաբար օգտագործի միջազգային իրավունքի գործիքակազմը՝ պահպանելով իր դիրքերը և պաշտպանելով իր ազգային շահերը՝ անկախ այն հանգամանքից, թե ինչպիսի խոչընդոտների է բախվում և միաժամանակ չմոռանալ այլ ուղությունները զարգացնելուց։

Գուրգեն Պետրոսյանը Հայ-գերմանական իրավաբանների միության նախագահն է, միջազգային իրավունքի մասնագետ, Էրլանգեն-Նյուրնբերգ համալսարանի դասախոս

Մեկնաբանել