Վեդու ջրամբար. հինգ տարվա խոստումներ և երկարաձգվող ժամկետներ

Շուշան Ստեփանյան, #CivilNetCheck

Հայաստանում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Օլիվիե Դըկոտինյին հունվարի 21-ին այցելել է Վեդու ջրամբար՝ ընթացիկ աշխատանքներին ծանոթանալու համար։ Նա հայտնել է, որ ջրամբարի կառուցումը 80%-ով ֆինանսավորվում է Զարգացման ֆրանսիական գործակալության կողմից։

Սակայն Վեդու ջրամբարի շինարարությունը մի քանի տարի առաջ պետք է ավարտված լիներ։

Այս ջրամբարն ի սկզբանե պետք է պատրաստ լիներ դեռևս 2021-ին։ 2017-ից մեկնարկած ջրամբարի կառուցման համար պարբերաբար նոր ժամկետներ են սահմանվում, սակայն ջրամբարի կառուցումն այդպես էլ չի ավարտվում։

#CivilNetCheck-ն ամփոփել է ջրամբարի՝ արդեն հինգ տարի տևող շինարարությունը, ինչպես նաև փորձել պարզել՝ ներկայում ի՞նչ փուլում է գտնվում այն։

Ինչպե՞ս մեկնարկեց ծրագիրը

Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի ընդհանուր արժեքը կազմում է 90 միլիոն եվրո։ Կառավարությունը 2016-ին վարկային համաձայնագիր կնքեց Զարգացման ֆրանսիական գործակալության հետ ջրամբարի կառուցման համար։ Վերջինս 75 միլիոն եվրո տրամադրեց, իսկ 15 միլիոնը համաֆինանսավորեց կառավարությունը։

Համաձայնագրի համաձայն՝ վարկի մարման ժամկետը 20 տարի է, որից 6 տարին՝ արտոնյալ։ Ջրամբարի շինարարությունն իրականացնում են հայկական «Սահակյանշին» և իրանական «Պեգա Քընսթրաքշն» կոնսորցիումը:

Ներկայում ի՞նչ փուլում է շինարարությունը

Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի հանրային կապերի պատասխանատու Վահե Կոստանդյանը #CivilNetCheck-ին հայտնեց, որ ջրամբարի կառուցման աշխատանքները գրեթե ավարտված են։

«98 տոկոսով ավարտել ենք աշխատանքները, պետք է SKAD համակարգ ներդրվի և ասֆալտապատում կատարվի։ Նախատեսում ենք գարնանն իրականացնել առաջին ջրալցումը»,- նշեց Կոստանդյանը։

Ըստ նրա՝ վերջին տվյալներով ջրամբարը շահագործման կհանձնվի այս տարվա գարնանից։

Սակայն ուշագրավ է, որ մեկ տարի առաջ՝ 2023-ի դեկտեմբերին, ՏԿԵ նախարարությունից #CivilNetCheck-ին դարձյալ հայտնել էին, որ «ջրամբարի շինաշխատանքները 98 տոկոսով կատարված են» և ավարտին կհասցվեն հաջորդ տարում (2024-ին – խմբ․)։

Նախկին և ներկա իշխանությունների սահմանած վերջնաժամկետները

Արարատի մարզում Վեդու ջրամբարի կառուցման ծրագրի մեկնարկը տրվել է դեռ 2013-ին։ Նախկին նախագահ Սերժ Սարգսյանը 2017-ին ներկա էր գտնվել ջրամբարի հիմնարկեքի արարողությանը։ Ջրամբարի կառուցումը նախատեսվում էր ավարտել 2021-ին։

Լուսանկարում՝ Սերժ Սարգսյանը ջրամբարի հիմնարկեքի արարողությանը

էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության Ջրային տնտեսության պետական կոմիտեի նախկին նախագահ Արսեն Հարությունյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ անգամ ասել էր, որ շինաշխատանքներն ավարտվելու են նախատեսված ժամկետից շուտ՝ 2020-ի վերջին։

Ջրամբարը, սակայն, այդպես էլ չավարտեց՝ ո՛չ 2020-ին, ո՛չ էլ 2021-ին։

2022-ին կառավարության նիստի ժամանակ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախկին նախարար գնել Սանոսյանն ասել էր, որ շինաշխատանքները կավարտվեն 2022-ին։ Նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ կորոնավիրուսի և պատերազմի հետևանքով կառուցումը հետաձգվել է։

Նիկոլ Փաշինյանը նաև ճշտել էր. «Հիմա մենք վստա՞հ ենք, որ տարեվերջին կավարտենք…»: Ինչին ի պատասխան Սանոսյանն ասել էր․ «Ամեն ինչ այդ ուղղությամբ է գնում, եթե այլ հանգամանքներ ի հայտ չգան մեզ հիմա ոչ հայտնի, ամեն ինչ նորմալ կընթանա, կավարտենք»։

2023-ի հունվարին, երբ պարզ դարձավ, որ ջրամբարի շինաշխատանքները դեռ ավարտված չեն, Սանոսյանը հայտարարեց, որ ջրամբարի կառուցման ժամկետը երկարաձգվել է՝ այս անգամ խոստանալով, որ այն կգործարկվի 2023-ի երկրորդ կիսամյակում։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը 2023-ի հուլիսին այցելեց կառուցվող ջրամբար և հանձնարարեց շինարարությունը ամեն գնով մինչև տարեվերջ ավարտել։ «Տենց այլընտրանք չկա՝ անեք, թե չանեք: […] Պետք է ավարտվի»,- հայտարարեց Փաշինյանը։

Լուսանկարում՝ Նիկոլ Փաշինյանը Վեդու ջրամբարի շինհրապարակում

Փաշինյանի հանձնարարությունն անկատար մնաց, և 2023-ի հուլիսին կառավարությունը երկարաձգեց Վեդու ջրամբարի և ոռոգման համակարգի կառուցման ծրագրի իրականացման վերջնաժամկետները 1,5 տարով՝ համապատասխանաբար, մինչև 2024 թվականի դեկտեմբերի 31-ը և 2025 թվականի մարտի 1-ը:

Դեկտեմբերի 31-ին շինաշխատանքները չավարտվեցին և 2023-ի դեկտեմբերին մամուլի ասուլիսի ժամանակ ՏԿԵ նախկին նախարար Գնել Սանոսյանը Վեդու ջրամբարի շինարարությունն ավարտելու նոր ժամկետ նշեց՝ 2024 թվականի գարուն։

«Վեդիի ջրամբարն էլ վերջապես դեկտեմբերին պետք է ավարտեինք, բայց մի փոքր հատված մնացել է և կավարտենք առաջիկա մեկ-երկու ամիսներին՝ մինչև գարունը կավարտենք»,- ասել է ՏԿԵ նախկին նախարարը։

Կառուցապատող ընկերության վարկի ու տույժերի մասին

Հաշվեքննիչ պալատը, 2023-ի իր ընթացիկ եզրակացության մեջ անդրադառնալով Վեդու ջրամբարի ծրագրին, նշել է, որ ժամկետները խախտելու համար կառուցապատողը պետք է տույժ վճարի։

Էկրանապատկերը՝ Հաշվեքննիչ պալատի եզրակացությունից

«Սահակյանշին»-ից #CivilNetCheck-ին հայտնեցին, որ ժամկետների հետ կապված տույժեր կիրառվել են։

2023-ին կառավարությունը նաև «Սահակյանշին» ընկերությանը 1,6 մլրդ դրամի վարկ է տրամադրել՝ ջրամբարի կառուցման աշխատանքները պատշաճ իրականացնելու նպատակով։

Կառավարության ընդունած որոշման հիմնավորման մեջ նշվում է, որ վարկը տրամադրվել է, քանի որ կորոնավիրուսային վարակով, պատերազմական իրավիճակով, շինարարական նյութերի թանկացմամբ, ինչպես նաև եվրոյի փոխարժեքի նվազմամբ պայմանավորված՝ ընկերության մոտ ֆինանսական խնդիրներ են առաջացել։

Էկրանապատկերը՝ կառավարության որոշումից

Այսպիսով, Վեդու ջրամբարի կառուցման ժամկետները պարբերաբար երկարաձգվել են, իսկ ջրամբարը մինչ օրս ամբողջությամբ կառուցված չէ։

Մեկնաբանել