Թուրքիայում քննարկել են Կարսի հատվածի «Արևելյան դարպասի» բացումը 

Հայ-թուրքական կարգավորման գործընթացում Թուրքիայի հատուկ ներկայացուցիչ Սերդար Քըլըչը արտաքին քաղաքական գերատեսչության մի խումբ անդամների հետ հանդիպել է Կարսի Առևտրի և արդյունաբերության պալատի կառավարման խորհրդի նախագահ Քադիր Բոզանին և խորհրդի այլ անդամների, հաղորդում է թուրքական RadioYanki-ն։

Ըստ թուրքական աղբյուրի՝ հանդիպմանը պաշտոնյաները քննարկել են Հայաստանին հարակից Կարսի Աքյաքյա շրջանի «Արևելյան դարպասի» բացման հարցը՝ խոսելով այդ հեռանկարի պարագայում Կարսի սոցիալ-տնտեսական վիճակի հնարավոր ազդեցության մասին։

«Ուշադիր հետևում ենք Ադրբեջան-Թուրքիա և Հայաստան կարգավորման գործընթացին։ Ադրբեջանի, Թուրքիայի և Հայաստանի միջև խնդիրների լուծման և կարգավորումից հետո «Արևելյան դարպաս» սահմանակետի բացումը ոչ միայն կնպաստի Կարսի սոցիալ-տնտեսական իրավիճակի բարելավմանը, այլև՝ ամբողջ տարաշրջանի», – հայտարարել է Քադիր Բոզանը՝ տարածաշրջանի համատեքստում դիտարկելով առևտրային ծավալների մեծացման հնարավորությունը։

Թուրքիան չնայած պաշտոնապես հայտարարում է, որ Երևանի և Անկարայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացն առանց նախապայմանների է ընթանում, սակայն թուրք պաշտոնյաներն այդ հարցն անթաքույց կապում են Հայաստանի և Ադրբեջանի միջև ստորագրվելիք խաղաղության պայմանագրով։

Օրերս Թուրքիայի հետ բանակցություններում Հայաստանի հատուկ ներկայացուցիչ Ռուբեն Ռուբինյանը լրագրողների հետ ճեպազրույցում չի համաձայնել այն պնդման հետ, թե Երևան-Անկարա երկխոսությունը մտել է փակուղի։ Նա նշել է, որ թուրք իր պաշտնակցի հետ մշտական կապի մեջ է՝ միաժամանակ նկատելով, թե Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացն ուղղակիորեն կախված է թուրքական քաղաքական կամքից։

Մեկնաբանել