Մաս առաջին
Խնդրում եմ, միացրեք Դվորժակի «Նոր աշխարհ սիմֆոնիան», այն երկրից Լուսին տարված մասունքներից մեկն է և ուղիղ ու խորհրդանշական կապ ունի այս պատմության հետ:
«Փորիր, փոքրիկ, փորիր». սա երդմնակալության ելույթի՝ ինձ համար արտակարգ կարևորություն ունեցող մտքերից մեկն էր, եթե ոչ ամենակարևորն ու միակը: Այնքան կարևոր, որ մի պահ մի կողմ եմ դնում կանանց նկատմամբ հարձակումները, առաջացած ռիսկը ու նաև ծայրահեղականության վերադարձը, որը անխուսափելիորեն հերթական անգամ մեր առարկայացմամբ վրեժ կլուծի մեզնից ու մեր մարմիններից: Դրան պատրաստվում եմ հոգեպես ու մտածում, որ միգուցե նաև ժամանակն է մտածել ինքնապաշտպանության ավելի լայն միջոցների մասին:
Եվրոպական միությունում արևային էներգիայի սպառումը առաջին անգամ գրանցեց պատմական ռեկորդ՝ անցնելով քարածխի վրա հիմնված էներգիայի սպառման: Հինգ տարի անընդմեջ անկում է ապրել գազի ու քարածխի սպառումը: ԵՄ-ում էներգետիկայի ոլորտի գործունեության արդյունքում առաջացած արտանետումների 2007 թվականի ամենաբարձր ցուցանիշից հետո կիսով չափ կրճատվել է, զուգահեռաբար նվազեցնելով ներկրված այրվող օգտակար հանածոներից կախվածությունը: Խոստացված համաեվրոպական կանաչ հանձնառությունը կամ ինչպես ասում են Green Deal-ը արմատապես փոխակերպում է ԵՄ էներգետիկայի ոլորտը: Սա նաև առաջացրել է աշխարհաքաղաքական հետևանքներ: Իհարկե, նախևառաջ անհանգստանալու պատճառ է բոլոր այն երկրների համար, որտեղ կան այրվող օգտակար հանածոների մեծ պաշարներ:
Միայն թե չասեք Ադրբեջանը, որն այդ ոլորտի մասշտաբով միջին դասի չարչի է:
Մինչև 2040 թվականը՝ կատարյալ անկախացումը ներկրվող էներգառեսուրսներից, դեռ իհարկե ըստ մասնագետների կան ահռելի աշխատանքներ: Հիմնական ուղղությունները, որոնք առանձնացվում է վերաբերում են հոսանքի բաշխման խելացի ցանցերին, որոնք միջպետական փոխկապակցվածություն ունեն և համապատասխանում են ժամանակի պահանջներին, օրինակ՝ թվայնացված են: Եվ այս ամենի ֆոնին չեմ կարող չնշել մեր սիրելի Հայաստանի էլեկտրական ցանցերի ու դրանց կառավարման խղճուկ վիճակը, որտեղ դեռ որպես պատմության թանգարանի նմուշներ աչք են ծակում լենինյան հեղափոխության դարաշրջանի հենասյուները: Բայց չգանք դեռ մեզ, սա հետո:
«Փորիր, փոքրիկ, փորիր», և թող եվրոպացիք մտածեն արտանետումների հետևանքների ու գլոբալ տաքացման մասին: Սրան կվերադառնանք, բայց խնդրում եմ նշմարեք, որ Փարիզի համաձայնագրից դուրս գալը հավանաբար իր հիմքում ուներ անբռնազբոս կորզումը: ԱՄՆ էներգետիկայի տեղեկատվության գործակալությունը 2022 թվականին դրան նախորդող տարվա արդյունքների հիման վրա: Այսպես, ԱՄՆ բնական գազի պաշարները 2022 թվականին աճել են 10%-ով՝ հասնելով 691.0 տրիլիոն խորանարդ ֆուտի, ինչը ռեկորդային ցուցանիշ է: Ալյասկայում ու Տեխասում պաշարները աճել են: Բացի այդ, նավթի և խտացված նավթի ապացուցված պաշարները 2022 թվականի ավարտին աճել են 9%-ով՝ հասնելով 48.3 միլիարդ բարելի (նախորդ տարվա 44.4 միլիարդ բարելից), իսկ արտադրությունը 2022 թվականին աճել է 6%-ով: Այսինքն փորելու հայտարարված տենդի համար հատկացված բնական պատուհանը բաց է 15 տարով: Պետք է հասցնել կորզել, սպառել, ստեղծել աշխատատեղեր, գեներացնել ազգային համախառն արդյունք, զարկ տալ նորարարություններին և այլն: Կարող եք անվերջ համալրել այս շղթան: Այս կորզումը թույլ կտա դառնալ լուրջ մատակարար և առևտրային գործընկեր այն երկրների հետ, որոնք կնպաստեն ԱՄՆ վարչակազմի հայտարարած քաղաքականությանը ու կմեղմեն մրցակից երկրների, այս դեպքում հիմնականում Չինաստանի տնտեսաքաղաքական ուռճացումը և գլոբալացումը: Այստեղ, անգամ Ռուսաստանին զսպելու մեծացող հնարավորությունը գործոն չէ, խաղասեղանին ավելի մեծ դրույքներ են:
Բայց ինչու՞ գնալ նման հետընթաց քայլի, եթե ԱՄՆ-ի նման տնտեսական հսկան ուներ բավարար մարդկային և ինտելեկտուալ ներուժ, ինչպես նաև եվրոպական հաջողված նախադեպերը՝ կազմակերպելու իր էներգետիկ անցումը դեպի այլընտրանքային և մաքուր էներգետիկա։
Ըստ նավթ արտահանող երկրների կազմակերության (OPEC)՝ նավթի գլոբալ պահանջարկը մինչև 2025 թվականը ամենայն հավանականությամբ կկազմի 38 միլիոն բարել՝ հասնելով 115 միլիոն բարելի օրական: Եվ չնայած զարգացած երկրները շարունակելու են մնալ նավթի հիմնական սպառողները, պահանջարկի աճի գրեթե երեք քառորդը պայմանավորված է լինելու զարգացող երկրներով, որտեղ սպառումը ակնկալվում է, որ կկրկնապատկվի: Վերջապես, կարևոր է նշել, որ Չինաստանը և Հնդկաստանը, կդառնան պահանջարկի աճի հիմնական աղբյուրները:
Եթե ԱՄՆ-ն որոշեր դառնալ նավթի պահանջարկի կայուն և անաչառ մատակարարը, ապա այս պահին հայտարարված պաշարներով շուկայում իր դերակատարությունը կկարողանար պահպանել մոտ երկու տարի։ Այսինքն՝ պարզ է, որ ԱՄՆ-ի անհանգստությունը կապված չէ նավթի պաշարների բարոյական մաշվածության հետ, քանի որ դեռևս առկա է բավարար ժամանակ այդ խնդիրը լուծելու համար։ Սակայն կարելի է ենթադրել, որ ԱՄՆ-ի հետաքրքրությունն այս ոլորտում պայմանավորված է նավթի շուկայում լուրջ խաղացողի դիրք ձեռք բերելու հավակնությամբ։ Սա հատկապես արտահայտվում է OPEC անդամ երկրների նկատմամբ առավելություն ստանալու ձգտման միջոցով՝ նավթի առաջարկի ճկունության ապահովմամբ։ Այս մոտեցումը ԱՄՆ-ի համար դառնում է նոր աշխարհաքաղաքական խաղաքարտ՝ Մերձավոր Արևելքում ընթացող զարգացումների համատեքստում։
ԱՄՆ-ի աշխարհաքաղաքական ճկունության դրական բալանսին կարելի է ավելացնել որոշ ՕՊԵԿ անդամ երկրներ, ինչպիսիք են Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քուվեյթը, Նիգերիան և որոշակի իմաստով նաև Իրաքը՝ հաշվի առնելով այն, ինչ մնացել է այդ երկրից: Միաժամանակ, այդ բալանսից կարելի է հանել Իրանի Իսլամական Հանրապետությունը, որը շարունակում է գտնվել ԱՄՆ պատժամիջոցների տակ ու կստանանք քաղաքական այն դերակատարների և տեղական արբանյակների քարտեզը, որոնք Գազայում ճգնաժամի պայմաններում մաքոքային դիվանագիտության ԱՄՆ նախորդ վարչակազմի ակտիվ քայլերին աջակցում էին կամ դիմադրում արտապետական զինված ուժերի միջոցով:
Հատկանշական է նաև, որ Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն, չնայած Գազայում իրականացվող ռազմական հանցագործությունների մեղադրանքներին, արժանացավ ԱՄՆ Կոնգրեսի օրենսդիրների երկարատև ծափահարություններին: Սա վկայում է, որ քաղաքական աջակցությունը Իսրայելին մնում է ամուր, անկախ տարածաշրջանային հակասություններից: Հիշեցում, այնտեղ էր նաև Էլոն Մասկը: Սրան կվերադառնանք հաջորդիվ:
«Փորիր, փոքրիկ, փորիր», և թող ֆիատ դարձած դոլարի երաշխավորը դառնա նավթն ու տնտեսական պետականաշինությունը՝ պատմության անիվը վերադարձնելով նախաճգնաժամային Ամերիկայի փառավոր դարաշրջանին: Լավ բայց մինչև ե՞րբ:
Աստվածների վրեժը
ՄԱԿ-ի Մարդկային զարգացման 2023-24 թվականի զեկույցը առանձնանում է յուրահատուկ նարատիվով: Այն ազդարարում է, կարելի է ասել, մարդու գերմարդկային ազդեցության դարաշրջանի սկիզբը և դրա հետևանքները: Առաջին անգամ պատմության մեջ մեր փոքր ֆիզիկական չափերով մենք համամոլորակային ազդեցություն ենք ունենում: Զեկույցը շեշտում է, որ այս գործընթացների արդյունքում ձևավորված բևեռացվածությունն ու փակուղայնությունը հաղթահարելը անխուսափելի անհրաժեշտություն են:
Չնայած կլիմայի վրա մեր ազդեցությունն արդեն դուրս է եկել մարդաչափության սահմաններից, աշխարհի բնակչության 68 տոկոսը որևէ ազդեցություն չունի որոշումների կայացման վրա։ Իսկ այս ոլորտում մենք՝ կանայք, անշուշտ, ռեկորդակիր ենք. թե՛ Աֆղանստանում, թե՛ ԱՄՆ-ում, թե՛ իմ սիրելի Հայաստանում, մեզ հետ հաշվի նստող պարզապես չկա։ Սակայն սա միայն հարցի մի մասն է։ Համավարակները, աղետները, ռեսուրսների անհավասար բաշխվածությունը և բնակչության շարունակվող աճը մինչև 2100 թվականը ավելացնում են բեռը մեր փոքրացող մոլորակի վրա։
Մոլորակի վրա մարդածին ազդեցության մեծացումը ժամկետանց է դարձրել նախկին բոլոր լուծումները, իսկ քաղաքական վերնախավերը՝ չունենալով իրենց համար ավանդական ու ճանաչելի որևէ «բալասան», քաղաքացիներին կերակրում են էժանագին պոպուլիզմով։ Իհարկե, նման իրավիճակում պարտադիր է գտնել մեկին, կարևոր չէ ում, որին կարելի է մատնացույց անել և մարդկանց զբաղեցնել ատելությամբ։ Դա շատ արդյունավետ և գործուն մեթոդ է։ Մեր ամիգդալային ուղղվող ազդակները մոտ հինգ անգամ մեծացնում են մարդու կենտրոնանալու հավանականությունը, հատկապես ատելության լիցքով։
Դե ինչ, այսօրվանից արևը կծագի արևելքում և մայր կմտնի արևմուտքում, ու կլինի մարդ ու կին։ Բայց, եթե լուրջ, ինքնության ուրիշացումը ժամանակ շահելու ամենամոտ ու էժան գործիքն է, թեև՝ դրա հետևանքների գինը այլ հարց է։
Ու Թրամփի՝ «Փորիր, փոքրիկ, փորիր» ավետումը հակադրվում է ջերմաստիճանի նվազեցման անհրաժեշտությանը, մարդկանց խմբերի ապաբևեռացմանն ու ներառվածությանը՝ այդ թվում աղքատացման հետևանքով: Բայդենը իր հրաժեշտի խոսքում նախազգուշացրեց, որ Ամերիկայում ձևավորվում է ծայրահեղ հարստության, իշխանության և ազդեցության օլիգարխիա, որը բառացիորեն սպառնում է ժողովրդավարությանը, հիմնական իրավունքներին ու ազատություններին, ինչպես նաև բոլորի համար արդարացի հնարավորություններին։ Մի քանի գերհարուստների ձեռքերում իշխանության վտանգավոր կենտրոնացումը կարող է լուրջ հետևանքներ ունենալ, եթե նրանց կողմից իշխանության չարաշահումը չվերահսկվի։
Սա համամոլորակային գույժ է՝ շատ ավելի վտանգավոր, քան երկրորդ համաշխարհային պատերազմից առաջ ձևավորված աշխարհաքաղաքական իրավիճակը։ Թրամփի երդմնակալությանը ներկա գտնվող գերհարուստների, այդ թվում Մասկի համախառն հարստությունը գնահատվում էր մոտ հինգ տրիլիոն դոլար (12 զրո), որը մոտենում է ԱՄՆ բյուջետային ծախսերին, թե՛ ներդրումների, թե՛ ընթացիկ ծախսերի տեսքով:
Բայդենը ճիշտ էր. մարդկությունը մոտեցել է մի կետին, որտեղ պետությունը՝ որպես հանրային բարիք և կառավարման միջոց, կարող է մասնավորեցվել կամ ոչնչացվել խմբային տարբեր շահերի ազդեցության արդյունքում։ Եվ ԱՄՆ այս վարչակազմը՝ իր բիզնեսմեն նախագահով, աշխարհը հասցրել է գոյաբանական վերջաբանին, թե…
Տիեզերական պորտալ
Մաս երկրորդ
Մտապահեք Ստարգեյթը, սա Թրմափի առաջարկն է: Այն կստեղծի 100000 աշխատատեղ ու կպահանջի 500 միլիարդ դոլարի ներդրում: Այն նախաձեռնվել է OpenAI-ի, Oracle-ի, Softbank-ի և ԱՄԷ-ի ներդրումային հիմնադրամի համագործակցությամբ՝ նպատակ ունենալով ԱՄՆ-ում ամրապնդել ԱԲ ենթակառուցվածքները։ Նախագիծը ներառում է տվյալների կենտրոնների կառուցում, որոնցից առաջինը տեղակայված է Տեխասում: Այնուամենայնիվ, նախագիծը բախվում է մի շարք մարտահրավերների։ ԱԲ կենտրոնների կառուցումը պահանջում է հսկայական էներգիա և ջուր, ինչը կարող է ծանրաբեռնել ռեսուրսների կառավարման համակարգը։ Այս ամենը, համակցված կլիմայական նպատակներին սպառնացող վտանգների հետ, նախագիծը դարձնում է ոչ միայն տեխնոլոգիական առաջընթացի հնարավորություն, այլև գլոբալ մարտահրավեր՝ պահանջելով կայուն և պատասխանատու ռեսուրսների կառավարում։
Հիմա շատ ավելի հասկանալի է դառնում Փարիզի համաձայնագրից Թրամփի վարչակազմի դուրս գալու որոշումն ու կրկներգի նման հնչող «Փորիր, փոքրիկ, փորիր» արտահայտությունը: ԱՄՆ-ում մեգանախագծեր եղել են, բայց թեևս այս համատեքստում նման մասշտաբի երկու նախագիծ է արժանի հիշատակման:
Առաջինը՝ միջուկային դարաշրջանում կառուցված Միջպետական ավտոմայրուղիների համակարգը (Interstate Highway System), համարվում է ԱՄՆ-ի ամենախոշոր ենթակառուցվածքային ծրագրերից մեկը։ Դրա նպատակն էր ստեղծել ավելի քան 46,000 մղոն ավտոմայրուղիների ցանց՝ բարելավելու տրանսպորտային համակարգը և խթանելու առևտուրը։ Մոտ 500 միլիարդ դոլարի ներդրումները ժամանկին նպաստեցին ամերիկացիների բնակության և ճանապարհորդության ձևերի փոփոխությանը՝ միաժամանակ վերափոխելով երկրի տնտեսությունը և քաղաքաշինության զարգացումը։ Այն դարձավ ամերիկյան արդիականացման և տնտեսական ինտեգրման հիմնասյուն։ Սակայն, ամերիկացիների կյանքը հեղափոխող, շարժունակության ձևը մշտապես փոխակերպած ու այսօրվա ուրբանիզմը կանխանշած այս մեգանախագիծը նաև խորացրեց ԱՄՆ-ի էներգետիկ կախվածությունը, որը 1973 թվականին հանգեցրեց հայտնի աշխարհաքաղաքական և էներգետիկ ճգնաժամի։
Երկրորդը՝ տիեզերական մրցավազքի շրջանակում իրականացված, այսօրվա գնահատմամբ 280 միլիարդ դոլարին համարժեք ներդրումային Ապոլոն ծրագիրն էր։ Այս նախագիծը Լուսնի վրա իջեցրեց մարդուն՝ մեկնարկելով մարդու վերմոլորակային նկրտումների դարաշրջանը։ Ծրագիրն ունեցավ ոչ միայն գիտական և տեխնոլոգիական, այլև աշխարհաքաղաքական մեծ նշանակություն՝ ամրապնդելով ԱՄՆ-ի դիրքերը տիեզերքում՝ պարտադրելով համագործակցային մրցակցության մոդել։ Սակայն, դրա արդյունքները նաև նպաստեցին Սովետական Միության տնտեսական ճգնաժամին, որը չկարողացավ համաքայլ ընթանալ ոչ միայն տիեզերական, այլև միջուկային մրցավազքում։
Բնակչության դեռևս աճող թվաքանակը և մոլորակի սահմանափակ ռեսուրսների սպառումը, որը խթանվում է իներցիոն վարքագծով, հանգեցնում են նրան, որ գերմարդը՝ իր զգացողությունների հաշվին, ոչնչացնում է այս պահին մեզ հայտնի միակ բարենպաստ միջավայրը։ Սա մեզ մոտեցրել է մեր սահմանային խաղին, որը կամ կհանգեցնի ինքնաոչնչացման, կամ կստիպի գտնել նոր միջավայր։
Հասկանում եմ, որ նորընտիր նախագահը շատերի համար իրավացիորեն էպատաժային կերպար է թվում, բայց չեմ կարող չանդրադառնալ նրա երդմնակալության ելույթին ևս մեկ անգամ։ Ամերիկան կգնա աստղերի հետևից՝ իրացնելով իր «կանխորոշված ճակատագիրը», և կարմիր մոլորակի վրա կփողփողա ԱՄՆ դրոշը։ Իր խոսքում Մարսի գրավումը ոչ միայն կծառայի գիտական նվաճումներին, այլև ամերիկյան ուժի և համաշխարհային առաջնորդության խորհրդանիշ կդառնա։ Նախագահը նաև ընդգծեց, որ Մարսի հետազոտությունը կարող է դառնալ մարդու հաջորդ «տարածքային նվաճումը», հատկապես եթե Երկրի բնական ռեսուրսները սպառվեն։
Հիսունականների ԱՄՆ տրանսպորտային մեգանախագիծը բազային հաղորդակցական նվազագույնն էր, որը իսկապես հեղափոխեց Ամերիկան ու ամերիկացուն։ Անհնար է չնկատել, որ Արհեստական բանականությունը (ԱԲ) ներկայումս հանդիսանում է հաղորդակցական նոր հեղափոխության մունետիկը, և պատահական չէ, որ ԱՄՆ-ն գնում է այսպիսի շատ ռիսկային և կարճաժամկետ, բայց սահմանային վնասակարությամբ ներդրումների։
Սա, ըստ էության, պարտադրված լուծում է, որն ուղղված է սեփական գործունեությամբ սեփական միջավայրային սահմանին հասած գերմարդուն փակուղուց դուրս բերելուն։ Եթե այն ժամանակ ճանապարհների կառուցումը զուգահեռվում էր Լուսնի վրա մարդու վայրէջքի հետ, ապա այսօր ակամայից այս զուգահեռը ընդլայնվում է՝ ԱԲ-ից Լուսնի վրա կայան և Մարս ուղևորություն տանող, արդեն ոչ այնքան հեռու երազանքով։
Ճանապարհ դեպի Վերին Երուսաղեմ
Գևորգ Տեր-Գաբրիելյանի «Մեծ Տիեզերափայլը» վեպը կամ, չգիտեմ, ասում են ֆենտեզին, ես գրականագետ չեմ, դժվարամարս է, շփոթեցնող: Թվում է, թե վեպի հերոսի նման շեղվում ես, բայց երբ առարկայությունից անջատվում ես, մի անասելի խտացված մտահորդում է, որը ուղեղի տաքացում է հարուցում: Մի տեսակ միկրոսինգուլյարուցյան զգացում է համակում: Հայտնության 1:8-ից մինչև Օմեգա կետի տեսություն հասկանում ես, թե որքան է մարդկությունը մոտեցել քվանտային լարափակոցում տեսականից գործնական փորձարկումներին ու այս ամենի համար մեզ մեր բանականությունը չի բավարարում. մենք մոտեցել ենք գերլուսային արագությունները հնարավոր ու կիրառական դարձնելուն: Բայց շատ շեղվեցի, կներեք: Ուղղակի սա շատ կարևոր էր այս ողջ քաղաքական խառնաշփոթում:
Մտածում եմ երանի նրանց, որ կտեսնեն ու կշոշափեն Գաղատացիներում զետեղված 4:26 ալեգորիկ, մեզ անհեթեթ թվացող, կամ հնացած ու հեքիաթային հնչող աստվածաշնչյան մշակութային կոդերը:
2025 թվականի հունվարի 14-ին Վաշինգտոնում ՀՀ արտգործնախարար Արարատ Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ստորագրեցին Հայաստան-ԱՄՆ ռազմավարական գործընկերության հռչակագիրը։ Այս հռչակագիրը սահմանում է համագործակցության ընդլայնված շրջանակ՝ ներառելով այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են տնտեսական զարգացումը, պաշտպանությունը, անվտանգությունը և ժողովրդավարության խթանումը, ինչպես նաև մշակութային ոլորտում համագործակցությունն ու մարդկանց միջև ուղիղ շփումների խթանումը:
Հնչեցին բազմաթիվ հակասական կարծիքներ՝ թեր- և գերարժևորումներով։ Հատկապես շատ քննարկվեց անվտանգության հարցերին նվիրված երրորդ բաժինը, որը հաճախ տրիվիալացվում էր հարց ու պատասխանով։ Շատերի պատկերացմամբ, սա մեզ չի երաշխավորի պաշտպանության ամենաուղիղ միջոցը՝ ամերիկյան կամ ՆԱՏՕ-ի զինվորի սապոգի տեսքով։ Այդ մոտեցումը բավականին պարզունակ էր թվում, և մի տեսակ ամաչելու առիթ էր, բայց ստիպված եմ նշել՝ սապոգը միշտ միայն մերն է լինելու։
Քննարկումների ժամանակ մեծ ուշադրություն դարձվեց ատոմային էներգետիկայի ոլորտում համագործակցությանը, ինչպես նաև դրա դրական և բացասական կողմերին։ Ավելի քիչ խոսվեց տրանսպորտային կապուղիների մասին և այն հնարավորությունների, որոնք կարող են բացվել գլոբալ առևտրային շուկաների հասանելիությունը մեծացնելու համար՝ տարածաշրջանային տրանսպորտային ցանցերի հետ ինտեգրման միջոցով։
Այս համատեքստում «երեք գումարած երեք» սահմանափակման մեխանիզմը դժվար թե դիմանա իրական փորձություններին, քանի որ սեղանին դրված խաղադրույքներն անհամեմատ ավելի մեծ են։ Ու այս ամենը, թե ահռելի հնարավորություն է, թե սպառնալիք: Թե մինչ այս չէինք քնում, հիմա քուններս լրիվ կկորցնենք:
Մյուս կողմից, գրեթե չվերլուծվեց հինգերորդ բաժնում ամրագրված մշակութային շփումների ընդլայնման հեռանկարը՝ թե ինչ նոր դռներ կարող է այն բացել։ Իսկ սա, ըստ իս, այն փաստաթղթի գոհարն է և նպատակը, մնացած բոլոր բաժինները խնդիրներ են, որոնք սպասարկում են այս նպատակի իրացումը:
Կարծես տեղայնացված և ակտիվ ռազմական գործողությունները՝ այստեղ ու այնտեղ, միևնույն ժամանակ ունեն փոխկապակցվածություն։ Մի կողմից, սա արտացոլում է էներգետիկ ռեսուրսների շուրջ մրցակցության ասիմետրիկ պատառոտումները, մյուս կողմից՝ տեխնոլոգիական ապագային հասանելիություն ապահովող անցումային փուլում կարևոր օգտակար հանածոների քարտեզի շուրջ պայքար է գնում։
Այն նաև ընդգծում է ռեսուրսների և կապուղիների ձևավորման վրա հիմնված գլոբալ ցանցերի ու դրանց միջև մշակութային կոդերի ճշգրտումը, որը դեռևս առկա է քաղաքական-մշակութային վիճաբանությունների և ժողովրդավարության ամրագրման մասին կլիշե հնչող խոսույթների շրջանակում՝ տարբեր համաժողովներում ներկայացվող հանձնառություններով։ Սա Բայդենի վարչակազմի կառավարման շրջանում գերիշխող խոսույթն էր, որը բաժանում էր աշխարհը «ժողովրդավարական» և «ոչ ժողովրդավարական» ճամբարների։
Մինչդեռ Թրամփը, արդեն մի քանի օր, իր անվանը հատուկ անսպասելիությամբ, բոլորիս պահում է «թաթերի վրա»։ Մշակութային կոդերի շուրջ ստեղծված խառնաշփոթը և ճամբարացումները մեզ ուղղորդում են մի լրացուցիչ ու կարծես մոռացված մակարդակի։ Շատերիս դեմքը սառում է ինչ-որ անորոշ ծամածռության մեջ, որը չի կարողանում ըմբռնել, թե ինչպես կարելի է ժամանակակից մարդուն ընդարմացնել այդ նախադարյա ու կարծրացած տեքստերով։
Պարզունակ հնչող ու մասնավորապես ուղիղ մեկնաբանվող, իմ տեսակին էլի ու էլի ստրկացնող հնազանդության կիսատպռատ մեկնաբանությունները, նախամարդու վրեժն է սեփական անկարողությունից փախուստի ճանապարհին: Մինչդեռ սրանք մեր վարքագիծը մոտավորապես երկու հազար տարի նախասահմանող բազային կոդեր են, որոնք ցանցի համար կարող են դառնալ հաղորդակցությունը երաշխավորող բանալիներ:
Ես սարսուռով սպասում եմ քրիստոնեության հիմնարար տեքստերին հղվելու պարզունակ հաճախականության մեծացմանը ողջ աշխարհում: Բայց այդ գրոտեսքը տեխնոլոգիաների դարում վստահաբար սրելու է մեր մշակութային զգայարանները ու հանգեցնելու հետ-միջնադարյան հետգիտականությանը, որը հավանաբար ԱյբԲենականացված մարդուն կտա ազատության մի նոր զգացողություն, նախկինում նմանը չունեցած ի-ռացիոյի անվերջանալի համադրությունների նորարարությամբ: Մենք իսկապես մոտենում ենք սինգուլյարության դարաժշրջանին:
Բայց մեկ է պարզ չէ, թե սա ինչ կապ ունի Վաշինգտոնում ստորագրված թղթի կտորի հետ:
Հայաստանում մեկնարկել են հանրային քննարկումներ Ակադեմիական քաղաքի գաղափարի շուրջ, որը մեզ համար կարող է թվալ որպես մեգանախագիծ, որն, իհարկե, ընդունվել է ոչ միանշանակ։ Մեր մեջ դեռ առկա նախամարդկայինը դիմադրում է, ինչպես դիմադրում է բազային մշակութային կոդերը պահպանելու և դրանք չտափակացնելու ջանքերին։
Ցիտեմ. «Հայաստանը և Միացյալ Նահանգները ճանաչում են Հայաստանի Ակադեմիական քաղաքի ներուժը՝ որպես ակադեմիական համագործակցության և նորարարության կենտրոն՝ նպաստելով կրթության և գիտահետազոտական ընդհանուր նպատակների առաջմղմանը»:
Այբբենականացման փուլում գտնվող մարդկության առաջամարտիկ տնտեսությունը չի ալարել ամրագրել Ակադեմիական քաղաքի շրջանակներում նոր ձևավորվող ցանցի տեխնոմշակութային միաձույլ կոդերի մշակման հեռանկարի շուրջ համագործակցությունը Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև։
Արագածից այս ամենը այնքան պարզ է երևում։
Արարատից Սիոն ճանապարհին հայ մարդը կանգ է առել Բյուրականի աստղադիտարանում, Ալիխանյանների հիմնած՝ Արագածի գլխին նստած տիեզերական ճառագայթների հատկությունները ուսումնասիրող կայանում, իսկ հետո ժամանակավորապես նահանջել նախամարդկային ժամանակավորության չափայնություն:
Ու հիմա, արդեն Ակադեմիական քաղաքում, մենք կարող ենք շարունակել մեր մասնակցությունը գերմարդկային չափումների մեգանախագծում։ Մենք ունենք դրա պատմական փորձը։ Լուսնի վրա իջած երեք տիեզերագնացի և նրանց ընտանիքների ապրումների մասին կարդալիս հասկանում ես, որ նրանք էլ մեկ այլ իմաստով կարծես մահտեսիներ եղած լինեն։
Հայերն էլ, Հայաստանում քրիստոնեության հաստատումից ի վեր, այցելել ու հաստատվել են նոր ուխտի միջնորդի՝ «մարդեղման» վկայությունը հանդիսացող Սիոն լեռան և կենդանի Աստծու քաղաքում։ Մերձավոր Արևելքում մեր մշակութային ժառանգությունը մի տեսակ ոտնահետք է, որի շոշափելիությունը սերտորեն կապված է խաչակրաց արշավանքների և հայկական նախավերջին պետականության՝ Կիլիկյան թագավորության հետ։ Իսկ այս խարտիայի հինգերորդ բաժինը թույլ է տալիս հանդգնել ու պնդել, որ մենք կարող ենք լրջորեն նախապատրաստվել վերմոլորակային «մահտեսիների» անդրանիկ փորձերին միանալուն, այդ թվում՝ նաև մեր պատմական ու մշակութային ժառանգության ներուժի շնորհիվ։
Ու մինչ կարմիր մոլորակի վրա հայտնվելը, հուսամ՝ մի շարք հանրույթների հետ միասին մենք էլ, Հին Երուսաղեմի նման, Նոր Երուսաղեմում կունենանք մեր թաղամասը, բայց արդեն Լուսնի վրա։
Լսո՞ւմ եք տիեզերքի խլացնող լռությունը: