Ռուբեն Վարդանյանի անունն օգտագործվում է առցանց խարդախություններում

Հայկ Հովհաննիսյան, #CivilNetCheck

Սոցցանցերում տարածվում են գովազդային հրապարակումներ, որոնցում օգտագործվում են Արցախի նախկին պետնախարար և գործարար Ռուբեն Վարդանյանի անունն ու լուսանկարները՝ քաղաքացիներից գումարներ կորզելու նպատակով։

Վերջերս ստեղծված կեղծ էջերի միջոցով տարածվող գովազդներում առաջարկվում է ֆինանսական օգնություն Վարդանյանի և «Տրոյկա Դիալոգ» ընկերության անունից՝ ընդամենը հարցաշար լրացնելով։

Էկրանապատկերում՝ կեղծ էջերից մեկի ակտիվ գովազդվող գրառումները։

Հարցմանը մասնակցելու համար պահանջվում է անցնել կասկածելի հղում ունեցող կայք և պատասխանել հարցերի՝ տարիքի, աշխատանքային նախասիրությունների և ներդրումային փորձի վերաբերյալ։

Սակայն, իրականում, սա դասական ֆինանսական՝ ներդրումային խարդախության սխեմա է՝ միտված օգտատերերի անձնական տվյալներն ու դրամական միջոցները կորզելուն։

Ուշագրավ է, որ Meta-ի հարթակներում կեղծ էջերի արգելափակումից խուսափելու համար զեղծարարները գովազդը թաքցնում են հագուստի վաճառքի գովազդներում՝ օգտագործելով հարթակի ծրագրային բացերը։

Կայքում շահարկվում են ոչ միայն Ռուբեն Վարդանյանի և իր նախկին ընկերության անունը, այլև օգտագործվում են Ամերիաբանկի տարբերանշանն ու պաշտոնական կայքի դիզայնը՝ վստահություն ներշնչելու նպատակով։

Կասկածելի կայքէջը հասանելի է միայն Հայաստանի տարածքից այցելուների համար։ Այլ երկրների IP-ով կեղծ էջերում տարածվող հղմամբ անցելու դեպքում կայքը ցույց է տալիս հայկական լրատվամիջոցներից մեկի վերջին լուրերը։ Դրա նպատակը կրկին սոցցանցերում բլոկավորման ալգորիթմներից խուսափելն է։

Էկրանապատկերը՝ Ամերիաբանկին նմանակող կեղծ ներդրումային կայքէջից

Հարցման ավարտին օգտատերերից պահանջվում է տրամադրել անձնական տվյալներ՝ հեռախոսահամար և անուն՝ իբրև «անվճար խորհրդատվություն» ստանալու համար։

Տվյալները լրացնելուց հետո զեղծարարներն անմիջապես զանգահարում են զոհերին։ Նրանք հիմնականում ռուսախոս են և ներկայանում են որպես ֆինանսական խորհրդատուներ՝ փորձելով համոզել կատարել առաջին «փորձնական» ներդրումը։

#CivilNetCheck-ի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ կայքը գրանցված է անհայտ անձանց կողմից և չունի որևէ առնչություն Ռուբեն Վարդանյանի կամ նրա նախկին բիզնես նախագծերի հետ։ Կայքի դոմեյնը գրանցվել է վերջերս և թաքցնում է իրական սեփականատերերի տվյալները։

Էկրանապատկերը՝ Ամերիաբանկին նմանակող կեղծ ներդրումային կայքէջից

Նշենք, որ սա առաջին դեպքը չէ, երբ զեղծարարներն օգտագործում են Վարդանյանի անունը։ Ամիսներ առաջ #CivilNetCheck-ը բացահայտել էր մեկ այլ խարդախություն, որտեղ «դիփ-ֆեյք» տեսանյութում իբր Վարդանյանն առաջարկում էր քաղաքացիներին դիմել իր ստեղծած իրավաբանական ընկերությանը՝ կեղծ բրոքերներից կամ ներդրումներում կորցրած գումարները վերադարձնելու համար։

Ռուբեն Վարդանյանը 2023-ի սեպտեմբերից ապօրինի կալանքի տակ է Բաքվում և չի կարող զբաղվել որևէ տնտեսական գործունեությամբ։ Նախկինում Վարդանյանը եղել է «Տրոյկա Դիալոգ» ներդրումային բանկի հիմնադիրն ու ղեկավարը, որը 2011 թվականին վաճառվել է ռուսական «Սբերբանկին» և միացվել դրան՝ դադարելով գոյություն ունենալ որպես առանձին ընկերություն։

Տես՝ «Զեղծարարներն օգտագործում են Ռուբեն Վարդանյանի «դիփ-ֆեյքը» գումարներ կորզելու համար»

Նմանատիպ խարդախությունները վերջին շրջանում հաճախ են հանդիպում հայկական սոցիալական ցանցերում։ Զեղծարարները հայտնի մարդկանց անուններն ու նկարներն օգտագործում են վստահություն ձեռք բերելու և քաղաքացիներին խաբելու նպատակով։

Մեկնաբանել