Հայկ Խանումյան
1995-ի վերջին Հայաստանի Հանրապետությունն ընդունեց ՀՀ քաղաքացիության մասին օրենքը։ Սկսվեց խորհրդային կարմիր անձնագրերի փոխարինումը հայկական կապույտ անձնագրերով։ Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում նույնպես խորհրդային կարմիր անձնագրերը փոխարինվեցին հայաստանյան կապույտ անձնագրերով։ Արցախին տրվում էր 070 կոդը։ Նմանատիպ կոդեր ունեին նաև Հայաստանի շրջանները։ 2023-ի սեպտեմբերյան դեպքերից հետո, երբ Արցախի ամբողջ բնակչությունը բռնատեղահանվեց Հայաստանի Հանրապետություն, ՀՀ կառավարությունը հոկտեմբերի 26-ին որոշեց ՀՀ անձնագիր, հետևաբար՝ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձանց այս խմբին ճանաչել փախստական։ Այս որոշումը հակասական է և իրավական շփոթ է առաջացրել։
«Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը և դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշումը փաստում էր, որ Արցախի բնակիչները ՀՀ քաղաքացի չեն։ Մեծ հաշվով, ՀՀ քաղաքացիությունից փաստացի զրկվում էին այն անձինք, որոնց հաշվառումը Լեռնային Ղարաբաղի էր, և որոնք իրենց առաջին ՀՀ անձնագիրը ստացել էին Արցախի Հանրապետության անձնագրային բաժիններից։ Արցախում հաշվառված այն անձինք, որոնք իրենց առաջին անձնագիրը ստացել էին ՀՀ անձնագրային բաժիններից, չէին ստանում փախստականի վկայական և շարունակում էին համարվել ՀՀ քաղաքացի, եթե նույնիսկ նրանք հետագայում նոր անձնագիր էին ստացել Արցախում և ունեին 070 կոդը։ Փախստականի կարգավիճակ չէին ստանում նաև Արցախում հաշվառված և այլ երկրի քաղաքացիություն ունեցող անձինք։
ՀՀ պաշտոնական մարմինները արցախցիներին քաղաքացիությունից զրկելու քննադատություններին պատասխանում են, որ այդ անձնագրերը տրվել էին որպես ճամփորդական փաստաթղթեր և դա հիմնավորում են 1999-ի փետրվարի 24-ին Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կնքված «անձնագրային համակարգի կազմակերպման» մասին համաձայնագրով։ Այստեղ նպատակ չունենք քննարկել այդ համաձայնագրի իրավաչափությունը կամ գոյությունն ընդհանրապես, սակայն կան մի շարք հանգամանքներ, որոնք վկայում են, որ Արցախի ՀՀ անձնագիր ունեցող բնակիչները եղել են ՀՀ լիարժեք քաղաքացիներ։
Այսպես, Արցախի բնակիչները կապույտ անձնագրից բացի կարողացել են ունենալ ՀՀ նույնականացման քարտ (ID քարտ)։ Նույնականացման քարտերի մասին ՀՀ օրենքով նույնականացման քարտ ստանում է ՀՀ քաղաքացին, ավելին, եթե դիմել են քարտ ստանալու համար, պարտավոր են 5-օրյա ժամկետում գրանցվել բնակչության պետական ռեգիստրում։ Սա վկայում է, որ ԼՂՀ բնակչության պետական ռեգիստրը հանդիսացել է ՀՀ բնակչության պետական ռեգիստրի մաս և արցախցիների մասին համապատասխան բոլոր տվյալները առկա են ՀՀ բնակչության պետական ռեգիստրում։ ՀՀ քաղաքացիությունը կորցնելը հիմք է նույնականացման քարտն անվավեր ճանաչելու համար։
Արցախի 070 կոդով ՀՀ անձնագիր ունեցող բնակիչները ծառայության են անցել ՀՀ Զինված ուժերում։ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքը կարգավորում է ՀՀ քաղաքացիների Հայաստանի Հանրապետության պաշտպանությանը մասնակցելու սահմանադրական պարտականության շրջանակներում զինվորական ծառայությանը վերաբերող հարցեր։ Հետևաբար օտարերկրյա քաղաքացին չէր կարող զինվորական պաշտոններ զբաղեցնել ՀՀ ԶՈՒ-ում, եթե առկա չէ այդ մասին հատուկ միջպետական պայմանագիր։
Արցախյան կոդով անձնագրեր ունեցող մարդիկ Հայաստանի Հանրապետությունում նշանակվել են պաշտոնների, որոնք ենթադրում էին ՀՀ քաղաքացիություն։
Քաղաքացիություն չունենալու իրողություններն արցախցիները տարբեր կերպ ընդունեցին։ Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ Արցախի բնակիչներն այնքան էլ չեն շտապում քաղաքացիություն ձեռք բերել։ 2024-ի վերջին քաղաքացիության դիմում ներկայացրածների թիվը 6,724 էր. մեկ ամսում՝ 1,100-ով ավելացել է քաղաքացիություն ձեռք բերածների թիվը։
2024-ի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին Արցախի տեղական ինքնակառավարման և տարածքային կառավարման մարմինների 100 ներկայացուցչի մասնակցությամբ տեղի ունեցած չորս քննարկումներում Արցախի տեղական առաջնորդները մատնանշել են մի շարք խնդիրներ, որ հանդիպում են քաղաքացիություն ստանալիս։
Նշենք այն պատճառները, որոնք խթանում են քաղաքացիություն ստանալը կամ, հակառակը, քաղաքացիության համար չդիմելը։ Բացի տեղական առաջնորդների նշածից, այստեղ առկա են նաև իմ անձնական դիտարկումները.
– քաղաքացիության համար դիմում են նրանք, ովքեր ցանկանում են դառնալ քաղաքացիական ծառայող, հանրային ծառայող, ծառայության անցնել զինված ուժերում կամ ուժային այլ կառույցներում,
– ցանկանում են դառնալ ՀՀ կառավարության բնակարանային ապահովության ծրագրի շահառու, որի պայմաններից մեկը ընտանիքի բոլոր անդամների ՀՀ քաղաքացի լինելն է։
Պաշտոնական տվյալները ցույց են տալիս, որ բնակարանային ապահովության ծրագրի մեկնարկից հետո քաղաքացիություն ընդունողների թիվը սկսել է աճել, թեև, մեծամասնությունը դեռ պահպանում է փախստականի կարգավիճակը։
Քաղաքացիության չդիմելու պատճառներ
Քաղաքացիության չդիմելու պատճառներից առաջինը հոգեբանական է։ Անձնագիր չփոխողները վախեր ունեն, որ դրանով փակում են Արցախ վերադառնալու հնարավորությունը կամ հետագայում իրենց ունեցվածքի համար փոխհատուցում ստանալու հնարավորությունը։
Երկրորդ պատճառը քիչ կամ սխալ տեղեկացվածությունն է։ Անձնագիր չփոխողները ենթադրում են, որ քաղաքացիություն ստանալով՝ կդադարեն լինել սոցիալական ծրագրերի շահառու։ Վերջին շրջանում հայաստանյան համապատասխան գերատեսչությունները ակտիվ արշավ են արել՝ տեղեկացնելով, որ քաղաքացիության ձեռքբերումը բռնի տեղահանված անձին չի զրկում սոցիալական ծրագրերի շահառու լինելուց։
Հաջորդ պատճառը տեխնիկական է։ Թեև առկա է արցախցիներին քաղաքացիություն շնորհելու հեշտացված մեխանիզմ, այնուամենայնիվ քաղաքացիություն անցելու ամբողջ գործընթացով բնակիչն անցնում է, գործընթացը միջինում տևում է երկու ամիս։ Մինչդեռ, ինչպես նշեցինք, ՀՀ բնակչության պետական ռեգիստրում Արցախում անձնագիր ստացած բոլոր անձանց տվյալներն առկա են, անձնագիր ստանալն այս դեպքում կարող է տևել րոպեներ։ Ու չնայած սրան՝ մարդիկ պարտավոր են ներկայցնել անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը։ Պատերազմի ու տեղահանության ընթացքում փաստաթղթերը կորցրած կամ փաստաթղթերում տառասխալ ունեցող անձինք կանգնում են լրացուցիչ խնդիրների ու գործընթացների առջև։ Շատ ընտանիքներ, չունենալով համապատասխան տեղեկություններ կամ ուղեցույցներ, հրաժարվում են քաղաքացիություն ստանալու մտքից։ Այստեղ տեղին կլինեին այնպիսի ծրագրերը, որոնք կօգնեին նման խնդիրներ ունեցող քաղաքացիներին վերականգնել, այդ թվում՝ դատական կարգով, իրենց փաստաթղերը և դիմել քաղաքացիության համար։
Քաղաքացիության չդիմելու հաջորդ պատճառը պրակտիկ հաշվարկն է։ Արական սեռի որոշ անձինք կամ տանը տղա երեխա ունեցող որոշ ընտանիքներ չեն ցանկանում առնչվել զինվորական ծառայության հետ։ Սրա մասին հրապարակային չի խոսվում։ Լրագրողական ու վերլուծական տարբեր նյութերում, որոնք հիմնված են արցախցիների հետ հարցազրույցների վրա, այս պատճառը չի նշվում, սակայն ավելի խորքային վերլուծությունը (արդեն հիշատակված տեղական առաջնորդների հանդիպումները ու հեղինակի այլ դիտարկումներ) հաստատում են վերոնշյալ պնդումը։ Արցախի Հանրապետության պարտադիր զորակոչվող զինծառայողների թիվը Պաշտպանության բանակում եղել է մոտ 2,400՝ ամեն զորակոչի 600-ի չափով։ Ընդ որում, այդ թիվն աճում էր՝ պայմանավորված 2000-ականների կեսերից սկսող ծնելիության աճով։ Պաշտպանության բանակի լուծարումից հետո պարտադիր զորակոչված զինվորները զորացրվեցին, իսկ ՀՀ քաղաքացիություն չունեցող 18-ամյա արական սեռի քաղաքացիները չեն կարող զորակոչվել ՀՀ զինված ուժեր։
Այսինքն, արցախցիներին զրկելով ՀՀ քաղաքացիությունից՝ ՀՀ կառավարությունը պարտադիր զինվորական ծառայության մեջ տարեկան չի ներգրավում 1,200 զինվորի։ Ընդ որում, զինվորական ծառայությունից խուսափելու պատճառը ոչ միայն կարճ ժամանակում պատերազմների միջով անցած լինելն է, այլև ՀՀ զինված ուժերում առկա ցածր կարգապահությունը, հայաստանյան հասարակության մեջ զինվորական ծառայության հարգի չլինելը, հայաստանյան հասարակության կողմից զանգվածաբար պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելը, որը դառնում է նաև կառավարության նիստերի քննարկման առարկա։ Կարճ ասած, երբ պարտադիր զորակոչի, զինվորական ծառայության մեջ ներգրավելու գործընթացներում չի պահպանվում արդարությունը, մարդիկ չեն ուզում դիտարկվել միայն որպես ծառայության ենթակա զանգված։
***
Կարելի է ենթադրել, որ 2025-ին քաղաքացիություն ընդունողների թիվը կբազմապատկվի բնակարանային ապահովության ծրագրում սպասվող փոփոխությունների և ծրագրի ակտիվացման հետ։ Միևնույն ժամանակ, ներկայում էլ քաղաքացիություն ստանալ ցանկացող, բայց փաստաթղթային խնդիրներ ունեցող բնակիչները կարիք ունեն իրավական և տեխնիկական աջակցության, որը կարող են ստանձնել հասարակական կազմակերպությունները։
Քաղաքացիություն ընդունելը թերևս ավելի ճիշտ որոշում է։ Այն տալիս է մի շարք առավելություններ՝ հանրային ծառայության, ուժային կառույցներում ներգրավելուց մինչև քաղաքական մասնակցության, ընտրություններին մասնակցելու հնարավորություն։ Միաժամանակ քաղաքացիության առկայությունը թույլ կտա օգտվել բնակապահովության ծրագրից, բնակարան ունենալ կամ մեղմացնել բնակարան ձեռք բերելու հարցում առկա ծախսերը՝ ապագայում տնտեսապես ավելի մրցունակ դառնալու հեռանկարով։
Եվրամիության հետ առանց վիզայի ռեժիմի շուրջ բանակցությունները ենթադրում են, որ առաջիկայում Հայաստանի քաղաքացին առանց վիզայի կարող է գնալ ԵՄ, որը նաև արտագնա կարճաժամկետ աշխատանքի հնարավորություններ է բացում։ Հետևաբար, աշխատանքային մոբիլության այս հեռանկարը ևս կարող է հրապուրիչ լինել քաղաքացիության օգտին ընտրություն կատարելու համար։
Վերջում կառաջարկեմ մասնակցել հետևյալ հարցմանը, որի հղումը դնում եմ այստեղ։
Եթե Արցախից բռնի տեղահանված եք, նախատեսո՞ւմ եք, թե՞ չեք նախատեսում ստանալ ՀՀ քաղաքացիություն
- Արդեն ստացել եմ
- Այո՛
- Այո՛, բայց միայն բնակապահովության ծրագրից օգտվելու պարագայում
- Չեմ հրաժարվի փախստականի կարգավիճակից ու չեմ դիմի ՀՀ քաղաքացիության
12 Comments
Չեմ հրաժարվի փախստականի կարգավիճակից,և չեմ ընդունի Հհ քաղաքացիություն։
Շեմ ուզում
Չեմ հրաժարվի փախստականի կարգավիճակից և չեմ դիմի ՀՀ քաղաքացիություն ստանալու համար:
Նախատեսում եմ ստանալ ՀՀ քաղաքացիություն
Չեմ դիմել ու չեմ դիմելու։ Իմ ներկայիս արցախյան անձնագրով էլ ես ինձ լիիրավ ՀՀ քաղաքացի եմ զգում։
Դեմ եմ
Չեմ հրաժարվի փախստականի կարգավիճակից ու չեմ դիմի ՀՀ քաղաքացիության
Ես դիմել եմ և արդեն պիտի ստանամ Հհ անձնագիր
Այո,բայց միայն բնակապահովության ծրագրից
օգտվելու պարագայում։
Այո, նախատեսում եմ ստանալ ՀՀ քաղաքացիություն
Ես 1995 թվականից ՀՀ քաղաքացի եմ։
Չեմ հրաժարվի փախստականի կարգավիճակից ու չեմ դիմի ՀՀ քաղաքացիության