Հունվարի 24-ին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հրամանագիր ստորագրեց 90 օրով սառեցնելու ԱՄՆ գրեթե ողջ արտաքին օգնությունը։ Նշվեց, որ հրամանագրի նպատակն է դրանց արդյունավետության գնահատումը և արտաքին քաղաքականության հետ այդ ծարգրերի համապատասխանության վերանայումը։ Սպիտակ տան որոշումը մեծապես ազդում է նաև հայաստանյան մեդիա դաշտի վրա։ Հայաստանում շատ լրատվամիջոցներ, մեդիայի զարգացմամբ զբաղվող ՀԿ-ներ և կրթական ծրագրեր ֆինանսավորվում են ԱՄՆ-ի կողմից։
«Հետք Մեդիա Գործարան» կրթական նախագիծը հինգերորդ տարին է՝ գործում է Պետքարտուղարության դրամաշնորհի շրջանակում։ Նախագծի ղեկավար Հարություն Մանսուրյանի խոսքով՝ ֆինանսավորման սառեցման պատճառով արդեն իսկ խնդիրներ կան։ «Երկու օրից պիտի լիներ մեր հանդիպումը Աղվերանում և արդեն ծրագրել էինք ամեն ինչ, ուղարկել էինք մարդկանց, ուսանողներին»,- ասում է նա՝ նշելով, որ նոր ծրագրերի մասով ամեն ինչ սառեցնում են և որևէ նոր բան նախաձեռնել չեն կարող։

«Հետք Մեդիա Գործարանը» դարձել է լրագրողական բարձրորակ կրթության յուրատեսակ դարբնոց, որը մեծապես լրացնում է երկրի կրթական համակարգի բացերը։ Մանսուրյանը նշում է, որ իրենք դռները չեն փակելու ուսանողների առաջ և փորձելու են այս երեք ամսվա համար ֆինանսավորման այլ աղբյուրներ գտնել։
2023-ին մեկնարկել էր ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) 15 մլն դոլարանոց հնգամյա ծրագիրը, որի նպատակն էր Հայաստանում նպաստել մեդիայի զարգացմանը։ Այս ծրագիրը, որի շահառու էին հայաստանյան մի շարք անկախ լրատվամիջոցներ (ՍիվիլՆեթն այդ թվում), կանգնել է։
Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեն ևս ծրագրի շահառու էր։ Կազմակերպության ղեկավար Աշոտ Մելիքյանն ասում է, որ ծրագրով նախատեսում էին լրատվամիջոցներին ու լրագրողներին իրավական աջակցություն տրամադրել դատական ատյաններում։
Աշոտ Մելիքյանի խոսքով՝ նաև հարկային մարմինների հետ կարող են խնդիրներ առաջանալ, քանի որ սառեցումը հունվարի 24-ից է, իսկ իրենք մինչ այդ արդեն աշխատանքներ են կատարել և պարտավորություններ ձևավորել։
Հայաստանյան անկախ լրատվամիջոցներից մեկի՝ Factor TV-ի հիմնադիր-տնօրեն Արևիկ Սահակյանն ասում է, որ ամերիկյան դրամաշնորհների սառեցումը իրենց գործունեության համար ևս խնդիրներ է առաջացրել։
«Մենք իրականացնում էինք վոչդոգինգ լրագրություն՝ հաշվետու և թափանցիկ կառավարման, կոռուպցիայի դեմ պայքարի, ապատեղեկատվական հոսքերի հակազդմանն ուղղված ծրագրեր, որոնց արդյունքը հանրության՝ տեղեկացված որոշումներր կայացնելու կարողությունների զարգացումն էր»,- նշում է նա։ Ամերիկյան ֆինանսավորմամբ այդ ծրագիրը ևս առկախվել է։

Սահակյանը նշում է, որ ծրագրերի մի ամբողջ շարք հարցականի տակ է հայտնվել՝ հետաքննական դասընթացներն օտարերկրյա հայտնի մասնագետների ներգրավմամբ, պետական գնումների, քաղաքական փողերի և պաշտոնյաների կոռուպցիոն գործունեության բացահայտմանն ուղղված հետաքննությունների իրականացումը, փաստերի ստուգման հատուկ նախագիծը, ինչպես նաև ստուդիայում կազմակերպվող բանավեճերը։
«Սա շատ մեծ հարված է անկախ մեդիային։ Հանրությունը կարող է զրկվել հավաստի և որակյալ տեղեկատվություն ստանալու՝ առանց այդ էլ սակավաթիվ հնարավորություններից՝ դրանից բխող բոլոր հետևանքներով որակյալ լրագրության և ժողովրդավարության համար»,- ասում է Factor TV-ի հիմնադիր-տնօրենը։
Երևանի մամուլի ակումբի պատվավոր նախագահ Բորիս Նավասարդյանն էլ նշում է, որ ԱՄՆ-ի մասնակցությունը Հայաստանում լրատվամիջոցների աջակցությանը շատ մեծ բաժին է կազմում. «Որակյալ լրատվական բովանդակության մեծ մասը արտադրվում է հենց այն լրատվամիջոցներում, որոնք ստանում են աջակցություն տարբեր դոնոր կազմակերպություններից, այդ թվում՝ ամերիկյան։ Նման գումարների բացակայությունը լուրջ հարված կյլինի առաջին հերթին լրատվական դաշտի որակյալ սեգմենտին»։
ՍիվիլՆեթը ևս ամերիկյան դրամաշնորհային ծրագրերի շահառու է։ Լրատվամիջոցի գլխավոր խմբագիր Կարեն Հարությունյանը նշում է, որ այս իրավիճակը անորոշություն է ստեղծել։ «Վերանայում ենք մեր մի շարք ծրագրեր ու գործողություններ, որոնք միտված էին նաև մեր ռազմավարական զարգացմանը»,- ասում է նա՝ հավելելով, որ փորձում են ֆինանսական այլ աղբյուրներ գտնել։ Նրա խոսքով՝ սա մեծ հարված կլինի անկախ մեդիային Հայաստանում։
Հայաստանյան մեդիայի և հասարակական կազմակերպությունների մյուս մեծ դոնորը Եվրոպական միությունն է և եվրոպական առանձին երկրներ։ Այնուամենայնիվ, ամերիկյան աջակցության դադարեցման հետևանքով ստեղծված բացը լրացնելը մարտահրավեր է մեդիայի համար։
Միացյալ Նահանգներում նախագահ Թրամփի որոշումը դարձել է ներքաղաքական ու դատական քննարկումների թեմա։ Երկու տասնյակ դատախազ վիճարկում է նրա որոշումը։ Սպիտակ տունը հայտարարել է, որ մի շարք ուղղություններով, այդ թվում՝ մարդասիրական օգնության մասով աջակցությունը շարունակվելու է։ Անորոշությունն ամբողջ աշխարհի մասշտաբով, սակայն, շարունակվում է։
Սիրանուշ Ադամյան