Լեմկինի ինստիտուտը Փաշինյանին կոչ է անում չկրկնել Ցեղասպանության ժխտողական խոսույթները

Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հայտարարություն է տարածել՝ քննադատելով Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի՝ Հայոց ցեղասպանության վերաբերյալ մեկնաբանությունները։

Հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը, խոսելով Հայոց ցեղասպանության մասին, ասել է՝ «պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել»։

Լեմկինի ինստիտուտը նշում է, որ վարչապետի հայտարարություններն անտեսում են միջազգային գիտական հանրության բազմամյա հետազոտությունները Հայոց ցեղասպանության վերաբերյալ։

Նրանք մտահոգություն են հայտնում, որ այս դիրքորոշումը վնասում է ցեղասպանության զոհերի արդարության որոնման գործընթացին և վտանգավոր է՝ հաշվի առնելով ներկայիս աշխարհաքաղաքական իրավիճակը, հատկապես Արցախի հայության նկատմամբ Ադրբեջանի գործողությունների և Հայաստանի հանդեպ սպառնալիքների համատեքստում։

«Մենք այս հայտարարություններն ու որոշումները դիտարկում ենք որպես Հարավային Կովկասում թշնամական հարևանների նկատմամբ Հայաստանի դիվանագիտական և ռազմական թուլության հետևանք: Այնուամենայնիվ, մենք պետք է մատնանշենք ցեղասպանության ժխտման սխալները և դրա սպառնալիքները Հայաստանի ինքնիշխանության ամբողջականությանը, նույնիսկ եթե դա արվում է մեկ կամ մի քանի գլոբալ գերտերությունների և տարածաշրջանային հեգեմոնների ճնշմանն ի պատասխան»,- նշվում է հայտարարությունում։

Ակնարկելով, որ Հայոց ցեղասպանության հիմնական հարցերը, ինչպիսիք են «ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել», դեռևս պատշաճ կերպով չեն պատասխան չեն ստացել, Փաշինյանի հայտարարությունը ձգտում է վիճարկել Հայոց ցեղասպանությունը որպես պատմական հաստատված փաստ. «Այս հիմնական հարցերը մեկ դարից ավելի շարժիչ ուժ են եղել Հայոց ցեղասպանության պատմական ուսումնասիրության համար: Նույնիսկ Ռաֆայել Լեմկինը, որը Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում ստեղծեց «ցեղասպանություն» եզրույթը, ուսումնասիրել է հայկական դեպքը և օգտագործել այն 1920-ական և 1930-ական թվականներին ցեղասպանության իր հայեցակարգի մշակման հիմքում»:

Հայտարարությունում նշվում է, որ վարչապետը, ըստ երևույթին, կարծում է, որ Հայոց ցեղասպանության պաշտոնական ճանաչման ջանքերի հետևում քաղաքական թաքնված օրակարգ կա. «Վարչապետը հստակ չի նշել, թե ովքեր են այդ ենթադրյալ դավադիրները և ինչ են նրանք ձգտում ձեռք բերել, սակայն նա ոչ մեկ անգամ ակնարկել է անցյալի և ներկայի այս դավադրական մեկնաբանությունը: Սա այն պատճառներից մեկն է, թե ինչու են նրա հայտարարությունները թվում, որ արձագանքում են թուրքական ժխտողականությանը ոչ միայն բովանդակությամբ, այլև ռազմավարությամբ»:

Լեմկինի ինստիտուտը Հայաստանի վարչապետին կոչ է անում հստակեցնել իր դիրքորոշումը և խուսափել ցեղասպանությունը ժխտողների հռետորաբանության կրկնությունից։

Լեմկինի ինստիտուտը կազմակերպություն է, որի նպատակն է անմիջական օգնության տրամադրումը ցեղասպանության վտանգի տակ գտնվող ժողովուրդներին, երբ միջազգային հանրությունը չի արձագանքում, ցեղասպանության կանխարգելման թափանցիկ վերլուծական համակարգի մշակումը և տարածումը, ցեղասպանության զոհերի խնդիրների բարձրաձայնումը և հանրայնացումը։ Կազմակերպությունն սկսել է գործել 2017-ից՝ Իրաքում «Իսլամական պետության» իրականացրած ցեղասպանությունից հետո:

Մեկնաբանել