Հունվարի 31-ին Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդես է գալիս տարվա առաջին մամուլի ասուլիսով։ ՍիվիլՆեթը հետևում է լրագրողների հետ վարչապետի հարցուպատասխանին և հայտարարությունները ներկայացնում հակադարձ ժամանակագրությամբ։ Լրագրողների հարցերը շարադրված են համառոտ։
16։21
Հարց խաղադրույքների հսկայական ծավալների մասին, ինչո՞ւ այդ գործունեությունը չի արգելվում։ Նաև հարցեր՝ Երևանի օդի աղտոտվածության ու «ինտերնետում ամենաթողության» մասին։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Խաղադրույքները արգելել չի լինի, դա էլ գործունեության մի ձև է, որը կա աշխարհում։ Արել ենք կարգավորումներ, այդ թվում՝ ԶՈՒ-ում, իրավապահ մարմիններում մարդկանց աշխատանքային պայմանագիրը խզելու համար հիմք է սա։ Մենք չենք կարող արգելել կազինոն, բայց կոնկրետ գործողություններ արել ենք։
Օդի աղտոտվածության մասով հանձնարարական կա ինտենսիվ աշխատելու։ Շատ անհանգստացած ենք դրանով։
16։18
Հարց՝ հայ-թուրքական սահմանից ռուս սահմանապահների դուրս բերման ժամկետների մասին, նաև՝ ինչո՞ւ Հայաստանը վերջնականապես չի դուրս գալիս ՀԱՊԿ-ից։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
ՀԱՊԿ-ի մասով նոր բան չունեմ ասելու։ Բելառուսի մասով՝ պրոցեսները տեսնում եք, այս պահին ակտիվ հարաբերություններ չունենք, հետագա իրադարձությունները կերևան։
Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Իրան սահմաններին արդեն որոշ համատեղ ծառայություն իրականացնում ենք։ Իրան-Հայաստանին սահմանին անցագրային կետը ՀՀ սահմանապահ զորքերի վերահսկողության ներքո է։
16։10
Հարց՝ պաշտոնյաների կողմից նվիրատվություններ ստանալու մասին
Հայտարարագրման գործընթացն ունի բազմաթիվ նպատակներ։ Նվիրատվություն տվողն ու ստացողը՝ բոլորը քաղաքացի են։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը թող կատարի իր պարտավորությունները։ Նվիրատվություններ ես էլ եմ ստացել, ընդ որում՝ բավականին մեծ և հայտարարագրել եմ այն։ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը անկախ մարմին է, դիմեք նրանց։
16։05
Հարց՝ գերիների, ֆիննախի ղեկավարի հայտարությունների մասին
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Գերիների հարցը մեր օրակարգում է։
16։00
Հարց՝ Պետդեպի փաստաթղթերի մասով չպե՞տք է քրեաիրավական գնահատական տրվի այդ գործընթացին։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Այդ թղթերը ի մի են բերվում, բանակցային պրոցեսի համակարգված հատորներ չկան։ Եղել է, որ մասնավոր մարդիկ են թղթեր տրամադրել։ Իմ դիտարկմամբ՝ իրավաբանները պիտի գնահատական տան։
15։51
Հարց՝ Հայաստանից հեռացած արցախցիների ու նրանց կողմից քաղաքացիության ու բնակարանի սերտիֆիկատ ստանալու մասին, համակարգի բացերի մասին։Արդյոք Փաշինյանն ու տիկին Աննա Հակոբյանը պատրաստվո՞ւմ են հաջորդ խորհրդարանական ընտրություններին։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Արցախից բռնի տեղահանվածների մասին. մարդկանց արտահոսք կա, չեմ բացառում, որ մի մասը գնացել ու չի վերադարձել։
Աննա Հակոբյանը «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամ չէ, եթե դիմի՝ մյուս դիմումների պես կքննարկվի։
Ընտանեկան փոդքաստի մասին. արվել է անձնական միջոցներով, ծախսվել է 700 հազար դրամ անձնական միջոցներից։ Իշխանության լծակը կապ ունի՞ փոդքաստի հետ, այո, ունի։ Փոդքաստը վարչապետի գործունեության մաս է։
15։43
Հարց՝ ԵՄ հետ գործընթացի և Պուտինի ու Լավրովի հետ պարզաբանումների մասին։Ռուսաստանի կողմից եղե՞լ են սպառնալիքներ։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Ռուսաստանի կողմից հավանական սպառնալիքների մասով. ԵՄ-ին անդամակցելու մասին չէ խոսքը։ Սա քաղաքական դեկլարացիա է։
Ռուսաստանի հետ հարաբերություններում կան հարցեր, քաղաքացիները ունեն հարցեր տալու իրավունք։ Օրենքի ընդունումը չի նշանակում Հայաստանի անդամակցություն Եվրամիությանը։
Եղել է խոսակցություն ԵԱՏՄ-ում գործերի ու երկկողմ հարաբերությունների մասին։ Փաստ է, որ ՀՀ ավելի քան 50 հազար քաղաքացիներ ստորագրություն են հավաքել ու կոնկրետ հարց են առաջադրել ԱԺ-ին ու կառավարությանը։ Ես համոզմունք ունեմ, որ այդ թեմայի շուրջ կհավաքվի և 50, և 100 հազար ստորագրություն։ Ինչո՞ւ են այպիսի ընկալումներ ձևավորվել՝ դա կապված է նաև Ռուսաստանի հետ հարաբերությունների հետ։ Ռուսաստանն ունի որոշ անհանգստություններ, բայց մեր խոսակցությունները երբեք չեն եղել ու չեն լինի սպառնալիքների լեզվով։
15։41
Հարց կոմունիկացիաների բացման վերաբերյալ Ռուսաստանի հայտարարությունների մասին։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Պրոբլեմը ծագել է էն պահից, երբ դա մեկնաբանվել է որպես ՀՀ ինքնիշխանության սահմանափակում։ Հիմա պրոբլեմը այստեղ է. հայտարարության մեջ արդեն կան անդառնալի ու անշրջելի կետեր։
15։37
Հարց՝ արդյոք Փաշինյա՞նն է խմբագրել Արցախի լուծարման փաստաթուղթը։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Խոսակցություն է գնացել տեքստի մասին, բայց իքս պահի հարց է ծագել՝ էս ում տեքստն է, ո՞վ է ստորագրելու, մեզ ի՞նչ է առաջարկվում էս տեքստի հետ կապված։ Հարցեր եմ ուղղել Արցախի առաջնորդներին։ Հաջորդիվ այդ տեքստը հայտնվել է որպես Լեռնային Ղարաբաղի փաստաթուղթ։
15։30
Սահմանազատման փուլում Բաքուն բարձրացնո՞ւմ է անկլավների հարցը, նաև հարց՝ անխոչընդոտ անցման բանաձևերի մասին։ Մինսկի խմբի լուծարման ե՞րբ եք պատրաստվում գնալ՝ մինչև պայմանագրի կնքումը, թե՞ հետո։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Անկլավների մասով. մենք չենք կարող հրաժարվել անկլավի օրակարգից։ Եթե ես ասեմ, որ անկլավի օրակարգ չկա, դա ՀՀ-ում քրեական պատասխանատվության հիմք է։ Կա Արծվաշեն, որից մենք չենք կարող հրաժարվել։ Ադրբեջանի կողմից հարցի բարձրացումից անկախ՝ անկլավի թեմա մենք ենք բարձրացնում։ Եթե տեսականորեն ուզենք, որ Ադրբեջանը չառնչվի սրա հետ, ո՞վ կարող է Հայաստանի ինքնիշխան տարածքի հարց հանել։
Մինսկի խմբի համանախագահության լուծարման հետ կապված՝ ես ասում եմ պարամետրները։ Եթե մեր ասած պարամետրերով ունենանք արձագանք, կասենք, որ մեր լեգիտիմ ակնկալիքն ապահովված է։
Անցման առաջարկների պատասխանները բարձրաձայնելը կարող է մերժման պատրվակ դառնալ։
15։24
Հարց՝ Սյունիքով Ադրբեջանի «անխոչընդոտ անցման» մասին, նաև հարց՝ գերիների հանդեպ հոգեներգործուն նյութերի կիրառման և այդկերպ էսկալացիա հրահրելու հավանականության մասին։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Անխոչընդոտ անցման մասին. մենք ասում ենք՝ Իրանի առաջարկած պայմանները մենք էլ կարող ենք առաջարկել, մենք էլ ենք ուզում օգտագործել ճանապարհները, մանավանդ, եթե խոսքը գնում է տրանզիտի մասին։ Տրանզիտն ինքնին շատ մեծ վերահսկողություն չի ենթադրում։ Մենք շեշտում ենք մեր իրավազորության սկզբունքը։
Պետք է լինենք հավասարակշռված և մնանք փաստարկների դաշտում, չենք կարող մտնել էմոցիաների դաշտ։
15։17
Հարց՝ հնարավո՞ր է ինչ-որ պահի սկսենք հայտարարագրել գույքն ու ծախսերը և հարց Հայ-ամերիկյան Խարտիայով նախատեսվող գործողությունների մասին։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Խարտիայի մասով. ԱՄՆ- Հայաստան Խարտիայի շրջանակում կարող են գալ մասնագետներ՝ խորհրդատվություն տրամադրելու համար։
15։02
Հարց՝ Ցյուրիխում Փաշինյանի՝ Ցեղասպանության մասին հայտարարությունների մասին, մեջբերում Էրդողանից։ Արդյոք Էրդողանը կամ Ալիևը զենքը դրել են վարչապետի գլխին և ստիպե՞լ են ստորագրել Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը կամ ստիպում են Հայոց ցեղասպանության հարցը հանել օրակարգից, նաև հարց այն կառույցի մասին, որը տվել է տվյալներ՝ Բաքվում պահվող գերիներին հոգեմետ դեղեր տալու մասին։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Ցեղասպանության մասին հայտարարությունների մասին. իմ հարցի նպատակը ռեֆլեքսիան է, աշխարհի ընկալման մեր բանաձևերը քննելն է։
Հարցի առաջին մասին լիարժեք պատասխանել եմ։ Զենքը գլխին՝ երբեք որևէ գործողություն չեմ արել։ 2020 թվականի նոյեմբերի 9-ին խոսքը գնում էր 20-25 հազար զինվորի շրջափակման մասին։
14:58
Հարց՝ ԵԱՏՄ-ից կախվածության ու դրա թուլացման մասին։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Բալանսավորման քաղաքականությունը ենթադրում է նաև տնտեսական դիվերսիֆիկացիա։
14։51
Հարց՝ ԱՆԻՖ-ի գործի մասին, ինչո՞ւ գործով չկան մեղադրյալներ, քննությունը շարունակվում է մեկ քննիչի ներգրավմամբ, գնահատական չարաշահումների մասին, նաև հարց՝ «Իրական Հայաստանի» ռազմավարության մասին։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
ԱՆԻՖ-ի գործի քննության մասին. գնահատում եմ ձախողում, խայտառակություն, շատ վատ։ Ո՞ւմ է պետք դատել, պե՞տք է, թե՞ պետք չէ, կարող եմ կարծիք ունենալ, բայց այն իրավական ուժ չունի։ Սա վստահության անթույլատրելի չարաշահում է։
«Իրական Հայաստանի» ռազմավարությունը պետք է փաստաթղթավորվի։ Աշխատանքը սկսված է։ Այն պետք է արտացոլվի մնացած բոլոր փաստաթղթերում։
14։30
Հարց՝ հայտարարգրման ընթացքում բանկային գաղտնիքի բացահայտման մտավախությունների մասին, ինչպես նաև «ժողովրդին քացու տակ գցելու» մասին։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Նույնականացման քարտերի մասին. եթե վճարումը արվել է, բայց կառավարության պատճառով քարտը չի ստացվել, հայտարարագրման ժամկետները նրա համար կասեցվում են։
Ինչո՞ւ մեկը պետք է եկամտային հարկ վճարի, մյուսը՝ ոչ։ Գուցե շատ մարդիկ կցանկանան հարկ վճարել, բայց դրա ենթակառուցվածքները չկան։
Բանկային գաղտնիքի մասին. այսօր ժողովրդավարական երկրները գնում են այն ճանապարհով, որ բանկային գաղտնիքը սրբազան կով չէ, այն կարող է բացահայտվել։ Բանկային գաղտնիքին ոչ ոք հասանելիություն չի ստանում։
Այս փոփոխությունները օրինական գործունեություն ծավալելու մասին են։
Մենք ստանում ենք նամակներ նրա մասին, որ համատարած ստվերային առևտուր է գնում։ Որքա՞ն կարելի է հանդուրժել։ Մեզ մեղադրում են ստվերի դեմ չպայքարելու մեջ։ Ստվերից օգտվում են խոշոր ձեռներեցները։
14։24
Հարցեր՝ Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթի մասին, կապ կա՞ Մեղրիի փոխանակման պլանի և Հոկտեմբերի 27-ի միջև, ինչպես նաև Նոյեմբերի 9-ը չկատարելու վտանգների մասին, ինչո՞ւ հետ չի կանչվում այդ փաստաթուղթը։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Պետդեպի գաղտնազերծած փաստաթղթի մասին. այդպիսի վարկածներ կան, անձամբ ես ինչ եմ մտածում այս համատեքստում պատեհ չէ։
Նոյեմբերի 9-ի փաստաթղթի մասին։ Մեկնաբանություն կա, որ ճանապարհով անցումը պետք է լինի ՀՀ իրավազորությունից դուրս, նման բան չկա։ Չկա նման բան գրված, որ ռուսաստանյան ուժերը պետք է գետնի վրա ներկա լինեն։ ՀՀ-ն որևէ փաստաթղթով իր որևէ տարածքի հանդեպ իր իրավազորությունից չի հրաժարվել։ Այս բոլոր մեկնաբանությունները հիմք չունեն։
14։00
Հարցեր՝ Մինսկի խումբը լուծարելու, սահմանադրական փոփոխություններ անելու և առաքված զենքի վերադարձի վերաբերյալ Ալիևի երեք պահանջների մասին, Արթուր Ջավադյանի նշանակման, Վրաստանի հետ տարածքային վեճի մասին։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Մենք էլ ունենք Ադրբեջանի սպառազինությունների հետ կապված մտահոգություններ, առաջարկել ենք ստեղծել սպառազինությունների փոխադարձ վերահսկողության համատեղ մեխանիզմներ։
Հայաստանի Հանրապետությունը իրավունք ունի՞ բանակ ունենալ։ Այո, ունի։ Մենք ունե՞նք տարածքային պահանջներ հարևանների հանդեպ։ Ոչ, չունենք։ ՀՀ բանակի միակ խնդիրը ՀՀ ինքնիշխան տարածքի պաշտպանությունն ու անվտանգությունն են։ Հայաստանը ունի Զինված Ուժեր ունենալու իրավունք, քաղաքացիներին պաշտպանելու պարտականություն։
«Արևմտյան Ադրբեջան» խոսույթը ուղիղ ոտնձգություն է Հայաստանի տարածքային ամբողջականության հանդեպ։ Համապատասխան անունով կազմակերպության հայեցակարգում ձևակերպումներ են դրված, որոնք նշանակում են, որ այդ խոսույթն օգտագործող ցանկացած մարդ չի ճանաչում Հայաստանի տարածքային ամբողջականությունն առնվազն 60 տոկոսով։ Փաշինյանի խոսքով, այս խոսույթներին վերջ կարող է տրվել խաղաղության պայմանագրի ստորագրմամբ։
Մինսկի խմբի լուծարման պահանջի մասով. համաձայն ենք, բայց ուզում ենք համոզվել, որ լուծարումից հետո տարածքային պահանջներ չեն լինի։ Եթե լինի խաղաղություն, մեր ինչի՞ն է պետք Մինսկի խումբը։
Սահմանադրության փոփոխության մասով ես տվել եմ ծավալուն հարցազրույց։ Հղում եմ կատարել մեր ՍԴ որոշմանը։ Մեր սահմանադրությունում տարածքային պահանջներ չկան, Ադրբեջանի Սահմանադրությունում՝ կան, բայց մենք այն փոխելու հարց չենք բարձրացնում։ Երբ ստորագրենք խաղաղության պայմանագիր, այն ուղարկելու ենք ՍԴ՝ դրա համապատասխանությունը Սահմանադրությանը ստուգելու համար։
13։50
Հարցեր՝ Մեղրին Լեռնային Ղարաբաղի հետ փոխանակելու գաղտնազերծված փաստաթղթերի, ԱՄՆ առաջիկա այցի և Լուկաշենկոյի հայտարարությունների մասին։
Դիվանագիտական փաստաթղթերի արտահոսքը փակեց թեման. բանավիճելու բան չկա, այն անիմաստ է։
Շատերը քննարկում են Մեղրիի ռազմավարական նշանակությունը, ես ասում եմ՝ եկեք չքննարկենք այն, ինչ քննարկելու նյութ չի։
Մեղրիի տարբերակի մասին ռեպորտաժի մասին. երեք նախագահներին հրավիրել էի բանավեճի։ Նույնիսկ չեմ ալարել, մի մեջբերում եմ արել այդ ռեպորտաժից (Ազատություն ՌԿ – խմբ):
ԱՄՆ այցի հիմնական առիթը կրոնական ազատությունների գագաթնաժողովին մասնակցելն է։ Թրամփի հետ հանդիպում նախատեսված չէ։
Լուկաշենկոյի հետ բանավեճն ավարտվել է։
13։41
Հարց՝ ըստ հարցումների քաղաքացիների մեծ մասը հրաժարվել է հարց ուղղել վարչապետին, հնչել է դժգոհություն ու վրդովմունք։ Ինչո՞ւ են այսպես արձագանքում քաղաքացիները։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Ցավում եմ իհարկե այսպիսի արձագանքների համար, բայց դա չի փոխում իմ պատասխանները։ Ամենաշատը ցավում եմ այս ամենը 2018-19թթ. ասելու խելք չունենալու համար։
Բոլոր իմ մինչ այս հնչած մտքերը պատասխանում են այդ հարցին։ Պիտի շատ խոնարհ, սիրելով ասենք՝ հացի փող ունենալու ձևը աշխատելն է։ Աշխատավարձը քի՞չ է։ Պատճառներից մեկը գուցե որակավորո՞ւմն է։ Պետք է բացատրենք, որ անհրաժեշտ է աշխատել։
13։36
Հարց՝ Հայաստան-ԵԱՏՄ-Իրանի առևտրաշրջանառությունը մեծացնելու քայլերի մասին։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Մենք ԵԱՏՄ-ում վատ չենք զգում մեզ, թվերը խոսում են դրա մասին։ Շահագրգռված ենք խորացնել Իրանի հետ մեր հարաբերությունները։ Մյուս կողմից, մենք չենք կարող չնկատել մեր ժողովրդի առնվազն որոշակի հատվածի ձգտումները ապագայի համար ձևավորել ընտրանքներ։
13:24
Հարց՝ Ցեղասպանության վերաբերյալ ժխտողական ընկալվող հայտարարությունների, արտաքին ճնշման մասին։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Հայաստանի Հանրապետության հարատևությունը՝ իր միջազգայնորեն ճանաչված տարածքով, ոչ միայն հնարավոր է, այլ անխուսափելի։
Ես նաև ոչ միայն ձվածեղ եմ անում, այլ նաև անընդհատ կարդում եմ Հայոց պատմություն։
Կարո՞ղ է պարզվի, որ ինչ-որ շրջանակներ մեր ցավոտ կետեր օգտագործել են մեր հայրենիքում անկախ պետություն ունենալը անհնար դարձնելու համար։
Ցեղասպանության ժխտումը Հայաստանում քրեորեն պատժելի է։ Փաստը անքննելի է և անժխտելի։ Ընդհանրապես, կարելի է զարմանալ, թե ինչպես մեկին կարելի է մեղադրել Ցեղասպանությունը ուրանալու մեջ, եթե նա օգտագործում է Ցեղասպանություն բառը։
Խոսքը սրա մասին է. Ցեղասպանությունը արդյոք մեզ չպե՞տք է դրդի, որ մի հատ էլ անդրադառնանք աշխարհի մեր ընկալումներին, կարո՞ղ է չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին քաջալերումների վրա։
13։12
Հարց՝ «Զանգեզուրի միջանցքի» պահանջների, հայկական կողմի առաջարկներին Բաքվի պատասխանի, Բաքվի հետ շփումների մասին։ Նախատեսվո՞ւմ է ղեկավարների կամ ԱԳՆ-ների հանդիպում։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Ապաշրջափակման մասով. «Մեր առաջարկն է, որ Արևմտյան Ադրբեջանից լինի երկաթուղային բեռնատար հաղորդակցություն Նախիջևանի Ինքնավար Հանրապետություն և հակառակ ուղղությամբ։ Էժան և իրատեսական տարբերակը Մեղրիի երկաթուղին է՝ Արևմտյան Ադրբեջանից, այսինքն՝ Զանգելանի շրջանից, Մեղրիով դեպի Նախիջևան, հակառակ ուղղությամբ՝ Երասխից Նախիջևանի տարածքով Մեղրի և հետադարձ։ Նպատակն է, որ Հայաստանը Ադրբեջանի տարածքով հնարավորություն ունենա միջազգային առևտրի համար և հակառակը։ Մենք առաջարկում ենք սկսել բեռնափոխադրումներից, իսկ հետո կարող ենք անցնել ուղևորափոխադրումներին»։
Խաղաղության պայմանագրի մասով. 17 հոդվածներից 15-ը համաձայնեցված են։ Երկուսի մասով Հայաստանը լուծումներ է առաջադրել։ Մենք պետք է համոզվենք, որ ոչ միայն միջազգային ատյաններից ենք հետ կանչում հայցերը, այլ նաև հրաժարվում ենք վեճերից։
Սահմանազատման հանձնաժողովների գծով հանդիպման պայմանավորվածություն երբ լինի, կասվի տեղի ու ժամի մասին։ Պայմանավորվածություն կա, որ առաջիկայում կենտրոնանան Վրաստանի սահմանից մինչև Իրանի սահման Հայաստան-Ադրբեջան սահմանի սահմանագծման աշխատանքների վրա։
12։50
Ե՞րբ եք շինելու Ալիևին, ե՞րբ եք խոհանոցից դուրս գալու, անցնելու նախընտրական ծրագրի կատարմանը։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Զոհվածների ընտանիքներին ասում եմ. դուք՝ ամեն մեկդ, կորցրել եք մի հոգու, ես՝ հազարավորների։ Կասեն՝ դերասանություն եմ անում։
Մեր ռազմավարությունները պետք է հենվեն լեգիտիմության վրա, միայն դա է ճանապարհը, որ մենք մուրճի զոհը չդառնանք։ Իմ խնդիրն է չեզոքացնել բոլոր սպառնալիքները, որոնք կան բոլոր կողմերից։ Եթե մտածողության փոփոխություն չլիներ, Կիրանցի սահմանազատումը տեղի չէր ունենա։
Մուրճի մասին. Մուրճը շատ ուժեղ արտահայտվել է նրանով, որ ՀՀ-ն այդ մուրճի բերումով այսօր ավելի անկախ երկիր է, քան շատերը կարող էին պատկերացնել։ Այն արտահայտվել է ապօրինի գույքի բռնագանձման գործընթացով, տասնյակ միլիարդավոր դրամների տեսքով։ Այն ոչ մեկի գլխին չի ընկել։ Հայաստանն ընկալվում է որպես ժողովրդավարական երկիր։
Այսօր դուք ազատորեն վայելում եք խոսքի ազատությունը, մուրճը ձեր իրավունքը պաշտպանելու համար է։ Նախկինում կարո՞ղ էիք ասել այս ամենը ու հանգիստ ապրե՞լ։ Այդ ամենը մուրճն է, այն ապօրինության գործիք չէ, այլ օրինականության գործիք է։
12։40
Հարց՝ թալանածը հետ բերելու խոստումը չկատարելու պատճառների մասին։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի բաժնեմասերից 21,8 տոկոսը փոխանցվել է Հայաստանին, որից ՀՀ-ն 33 մլրդ դրամի շահաբաժին է ստացել։
2021 թվականին կառավարությունը ԶՊՄԿ-ի սեփականատեր է դարձել։ Մեր բաժնեմասը արժե մի քանի տասնյակ միլիարդ դրամ։
Այդ գողացվածը մի տեղում դրված է և մենք գիտե՞նք դրա տեղը։ Ինչու դա տեղի չի ունեցել։ Գողացվածը մի տեղում չէ, տասնյակ, երբեմն հարյուրավոր տեղերում է։ Մեզ անհրաժեշտ է համակարգ, որը կտեղորոշի ու հետ կբերի ամենը։
Գողացվածը վերադարձնել, այո այդպիսի օրակարգ եղել է և կա։ Բայց գործնականում ո՞նց է դա տեղի ունենում։
12։25
Իշխանության վարկանիշն ընկել է, արդյոք մտահոգություն կա՞։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Իմ կարգավիճակի ու անցած ճանապարհի բերումով ստիպված եմ առերեսվել մեր այդ խնդիրների հետ, դուք՝ ոչ։ Եթե ես չառերեսվեմ այդ խնդրի հետ, տեղի կունենան բաներ և ձեզ հետ, և երկրի հետ, իմը՝ ջհանդամ։
Մեր կոնսենսուսը եղել է պատմական Հայաստանի կոնցեպտի շուրջ։ Բայց Իրական Հայաստանը մեր մտածողության մեջ որպես բազիս չի եղել։ Բոլորիս պրոբլեմը կուտակվում է իմ մեջ։ Պատմականի ու Իրականի ընտրանքի մեջ պետք է ընտրենք Իրականը։
Զենքերի մասով. երբեք չի եղել, որ գործարանային արտադրության զենքեր նվեր ստանանք։
Օրհներգի մասով. առաջարկը հետևյալն է. վերջին տունը տանենք երկրորդ։ Օրհներգը ավարտվի՝ «Թող միշտ պանծա Հայաստան» բառերով։
Այո, խնդիրը մեր մեջ է, իմ մեջ է խնդիրը, բայց ես իմ մեջի խնդիրը բոլորիս մեջ արտահայտվում է. ես օդից չեմ ընկել։
12։10
Արդյոք հայտարագրումը լրացուցիչ ճնշում ու բեռ կարո՞ղ է դառնալ սոցիալապես անապահով խավի համար։
Նիկոլ Փաշինյանի պատասխանները
Սոցիալապես խոցելի խավերի համար հայտարարագրումը որևէ պարագայում չի կարող լրացուցիչ հարկային կամ ֆինանսական բեռ ավելացնել։
Նույնիսկ նվազագույն աշխատավարձ ստացող քաղաքացին կարող է հետ ստանալ 100 000 դրամ, որը կվերադարձվի կրթության և առողջապահության վրա կատարված ծախսերից։ Նրա խոսքով՝ այդ գումարը ինքնաշխատ կերպով է ցուցադրվելու անձին։
12:00
Փաշինյանը ներկայացնում է «Իրական Հայաստանի» տեսլականը, բերում ցուցանիշներ։