Գյումրեցի միայնակ կնոջը զրկել են բնակարան ստանալու իրավունքից

Աղետի գոտում նախորդ երեք տարիների ընթացքում բնակբաշխման գործընթացը իրականացնող ՀՀ քաղաքաշինության նախարարության կողմից Գյումրու անօթևանների հերթացուցակում հաշվառված մոտ 400 անօթևան ընտանիք, տարաբնույթ պատճառներով զրկվել են բնակարան ստանալու իրավունքից. հաղորդում է «Շիրակ կենտրոն» ՀԿ-ն: Այդ ընտանիքները համալրել են Գյումրու վագոն-տնակներում ապրող ավելի քան 3500 այն անօթևան ընտանիքների շարքերը, որ չունեն երկրաշարժի հետևանքով անօթևանի կարգավիճակ և նույնիսկ անհայտ է, թե երբևէ կունենան բնակարաններ: Համենայնդեպս, պետությունը նրանց բնակարաններ տրամադրելու որևէ պարտավորություն չի ստանձնել: Այդպիսի ընտանիքների թվում կան տասնյակ միայնակ տարեցներ, որոնց տնակները վաղուց շարքից դուրս են եկել, և իրենք պարզապես ի վիճակի չեն գոնե մասնակի նորոգել իրենց կացարանները:

«Շիրակ կենտրոնի» աշխատակիցները բնակարանային իրավունքից զրկելու պատճառներին ծանոթանալու և տեսանյութ պատրաստելու նպատակով, այսօր այցելել են Գյումրու Մանուշյան փողոցի հարակից տարածքի տնակային ավանում բնակվող Դոլորես Մանուկյանին. միայնակ կինն ապրում է կիսափուլ տնակում, որի բոլոր անկյուններից ներս է լցվում անձրևաջուրը, տնակը նաև լի է առնետներով. նրա կենսապայմանները ներկայացվում են տեսանյութում:

Մեկնաբանել