Ցեղասպանության փաստն անքննելի ու անժխտելի է. Նիկոլ Փաշինյան

Names of the virtual march attendants are written on the Armenian Genocide memorial complex on the 105th anniversary of the Armenian Genocide, Yerevan, Armenia 24 April 2020

Ցեղասպանության փաստն անքննելի ու անժխտելի է. այսօր հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ Երևանի մարզահամերգային համալիրում ընթացող մամուլի ասուլիսին։

Հունվարի 24-ին Ցյուրիխում Շվեյցարիայի հայ համայնքի ներկայացուցիչների հետ հանդիպմանը, ի պատասխան Ցեղասպանության մասին հարցի, Նիկոլ Փաշինյանն ասել էր. «Պետք է հասկանանք՝ ինչ է տեղի ունեցել և ինչու է տեղի ունեցել, ինչպես ենք մենք դա ընկալել, ում միջոցով ենք ընկալել, ոնց է, որ 1939 թվին հայոց ցեղասպանության օրակարգ չի եղել, և ոնց է, որ 1950 թվին հայոց ցեղասպանության օրակարգ հայտնվել է»։ Փաշինյանն ակնարկել էր, թե Ցեղասպանության հարցը օրակարգ են բերել խորհրդային առաջնորդները։

Այսօրվա ասուլիսին մեկնաբանելով իր այս հայտարարությունը՝ Փաշինյանը նշեց, որ «Ցեղասպանության ժխտումը կամ հերքումը ՀՀ-ում քրեական հանցագործություն է»։

«Ես չեմ հավակնում իմ բարձրացրած հարցին պատասխան տալ։ Որովհետև հասկանում եմ, որ այդ հարցը շատ լուրջ ու խորը հարց է»,- ասաց նա։

Վարչապետը զարմանալի է համարում այն, թե «ինչպես կարելի է ինչ-որ մեկին մեղադրել Ցեղասպանությունն ուրանալու մեջ, երբ նա երևույթի մասին խոսելիս օգտագործում է ցեղասպանություն տերմինը»։

«Ցեղասպանությունը արդյոք մեզ չպե՞տք է դրդի, որ մենք մի հատ էլ անդրադառնանք աշխարհն ընկալելու մեր բանաձևերին։ Մենք կարո՞ղ է իրողությունները դարասկզբին էլ, դարի վերջին էլ, այսօր էլ, կարո՞ղ է ճշգրիտ չենք ընկալում, կարո՞ղ է չափից ավելի մեծ հույս ենք դնում արտաքին ինչ-որ խրախուսանքների, կարո՞ղ է լավ չենք հաշվարկում այդ ազդակների նկատմամբ մեր վերաբերմունքը։ Այս հարցը հրատապ է այսօր, դարասկզբին։ Ես ասում եմ՝ ժողովուրդ, մենք պետք է վերադառնանք մեր բանաձևերին, մենք անընդհատ խոսում ենք ու պիտի խոսենք Մեծ եղեռնի մասին»,- ասաց Փաշինյանը։

Նա ասաց, թե «մեր իրականության մեջ ընկալված է երիտթուրքերի ու Հայ հեղափոխական դաշնակցության հարաբերությունների հարցը»՝ նկատի ունենալով 1908-ին ՀՅԴ-ի համագործակցությունը երիտթուրքերի հետ։

Փաշինյանն ասաց, որ Ցեղասպանությունը ոչ միայն անհերքելի է, այլև «մեր ինքնության մասն է, Ցեղասպանության ժխտումը նշանակում է չճանաչել սեփական ժողովրդի ինքնությունը»։

***

Շվեյցարիայի հայ համայնքի հետ հունվարի 24-ի հանդիպմանը Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը մեծ քննադատության է արժանացել Հայաստանում և աշխարհում։

Լեմկինի ցեղասպանությունների կանխարգելման ինստիտուտը նրան կոչ է արել չկրկնել Ցեղասպանության ժխտողական խոսույթները։

Շվեյցարիայի հայկական և հայանպաստ կազմակերպությունների խորհուրդը (Conseil des Associations arméniennes et arménophiles de Suisse – CAAS) ևս խորը մտահոգություն է հայտնել Ցյուրիխում Հայոց հնչած հայտարարությունների կապակցությամբ:

Հայաստանում և Սփյուռքում հասարակական ու քաղաքական շատ գործիչներ ու ակադեմիականներ անընդունելի են համարել նրա հայտարարությունը։

Մեկնաբանել