Հիզբ ութ-Թահրիրը ձգտում է խալիֆայություն հաստատել Բանգլադեշում

Բանգլադեշում՝ աշխարհի՝ մուսուլմանաբնակ երրորդ խոշորագույն երկրում, վերջին ամիսներին սրվել է իսլամական ծայրահեղականության խնդիրը։ Եթե նախկինում՝ Աուամի Լիգայի աշխարհիկ կառավարության օրոք, իսլամական արմատականությունը վերահսկելի էր, ապա այսօր իրավիճակը փոխվել է։ Հատկապես ակտիվացել է Հիզբ ութ-Թահրիր (ՀուԹ) կազմակերպությունը, որը ձգտում է հաստատել շարիաթի վրա հիմնված խալիֆայություն։

Երկրում ստեղծված քաղաքական անկայունությունն ու ճգնաժամը նպաստել են ՀուԹ-ի ազդեցության մեծացմանը։ Մոհամմադ Յունուսի գլխավորած ժամանակավոր կառավարության օրոք կազմակերպությունն սկսել է բացահայտ քարոզել իր գաղափարախոսությունը և անցկացնել հանրահավաքներ։ Վերջերս Դաքայում կայացած հավաքի ժամանակ նրանք պահանջել են երկրում հաստատել շարիաթի օրենքներով կառավարվող խալիֆայություն։

Թեև 2009-ից ՀուԹ-ը պաշտոնապես արգելված էր Բանգլադեշում, 2024-ի օգոստոսի 5-ին Աուամի Լիգայի կառավարության տապալումից հետո կազմակերպությունը վերսկսեց գործունեությունը։ Նախկին վարչապետ Շեյխ Հասինայի հեռացումից հետո բանտերից ազատ են արձակվել ՀուԹ-ի բազմաթիվ անդամներ։

Այժմ կազմակերպությունը ջանք չի խնայում իր դիրքերն ամրապնդելու համար։ Համագործակցելով իսլամական այլ խմբավորումների հետ՝ նրանք կազմակերպում են ցույցեր, տարածում իրենց գաղափարները և փորձում ընդլայնել ազդեցությունը։ Այս զարգացումները լուրջ մտահոգություն են առաջացրել ինչպես երկրում, այնպես էլ դրա սահմանների դուրս, քանի որ ՀուԹ-ն արգելված է բազմաթիվ երկրներում իր ծայրահեղական գաղափարախոսության պատճառով։

Տեխնոլոգիապես զարգացած ծայրահեղական այս խմբավորման բանգլադեշյան մասնաճյուղը 2011-ին հիմնել են դոկտոր Նասիմուլ Գանին, Շահնևաջը և Դաքայի համալսարանի պրոֆեսոր Գոլամ Մովլան։ Կազմակերպության համակարգողն ու խոսնակը Մոհիուդդին Ահմեդն է՝ հայտնի «Ռոյալ» մականունով, որը եղել է Դաքայի համալսարանի Բիզնեսի կառավարման ինստիտուտի դոցենտ։

ՀուԹ-ը հատկապես ակտիվ է երիտասարդության շրջանում։ Նրանք հավաքագրում են քաղաքաբնակ, տեխնիկական կրթություն ունեցող ուսանողների։ Կազմակերպությունը վերջին ջրհեղեղների ժամանակ իրականացրել է բարեգործական ծրագրեր՝ փորձելով դրական կերպար ձևավորել։ Սակայն փաստերը վկայում են, որ ՀուԹ-ը զբաղվում է երիտասարդներին արմատական խմբերին հավաքագրելով։

Կազմակերպությունն առանձնանում է նաև հակահնդկական հռետորաբանությամբ։ 2024-ի օգոստոսի 23-ին ՀուԹ-ը Հնդկաստանին մեղադրեց Բանգլադեշի վրա ջրային ճնշում գործադրելու մեջ՝ պահանջելով չեղարկել ռազմավարական բոլոր պայմանագրերը։ Նրանք դեմ են նաև ԱՄՆ-ի, Մեծ Բրիտանիայի և միջազգային կառույցների ազդեցությանը։

WhatsApp-ում ՀուԹ-ը ստեղծել է Prabaashi Muslim Network խումբը՝ միավորելով Մեծ Բրիտանիայում բնակվող բանգլադեշցի, հնդիկ և պակիստանցի անդամներին։ Նրանց նպատակն է Բանգլադեշում իսլամական կառավարության հաստատումը։ Խմբի առանցքային դեմքերից են Զիտուզաման Հոքը և լոնդոնյան Brit Builders Ltd.-ի տնօրեն Մդ. Մոշրոֆ Հոսեյնը։

ՀուԹ-ը սուր քննադատության է ենթարկում Բանգլադեշի նախկին վարչապետ Շեյխ Հասինային՝ նրան մեղադրելով կոռուպցիայի, մարդու իրավունքների խախտումների և Հնդկաստանի հետ մերձեցման մեջ։ Նրանք պահանջում են դատական գործ հարուցել Հասինայի դեմ։

2024-ի նոյեմբերի 19-ին կազմակերպությունը Դաքայի համալսարանում ստեղծեց իր ուսանողական թևը՝ «Ազատ Բանգլադեշի ուսանողական միությունը» (ԱԲՈՒՄ)։ Միության համակարգող է նշանակվել Ջամալուդդին Մոհամմադ Խալիդը։ Նոյեմբերի 29-ին ՀուԹ-ը կազմակերպեց միջազգային խալիֆայության առցանց համաժողով, որտեղ քննարկվում էին «Նոր Բանգլադեշ», «Ժողովրդավարության և կապիտալիզմի ձախողումը Արևմուտքում» և այլ թեմաներ։

Ժամանակավոր կառավարությունը ներքին գործերի նախարար է նշանակել ՀուԹ-ի հիմնադիրներից Նասիմուլ Գանիին։ Դաքայի քաղաքագետ Նազմուլ Ահսան Կալիմուլլահի խոսքով՝ կազմակերպությունն այսօր ներթափանցել է հասարակության բոլոր շերտեր։

Աղբյուրները վկայում են, որ ՀուԹ-ն ունի կողմնակիցներ նաև բանակում։ Նրանք դեմ են ժողովրդավարությանն ու կանանց իրավունքներին։ Երկրի խնդիրները լուծելու Յունուսի կառավարության անկարողությունը նպաստել է ծայրահեղական իսլամի վերելքին։ ՀուԹ-ի, Հեֆազաթ-է-իսլամ և արմատական այլ խմբերի աճող համագործակցությունը սպառնալիք է Բանգլադեշի ազգային անվտանգության համար։

ՀուԹ-ի գործողություններն ու հայտարարություններն արտացոլում են նրանց հիմնական նպատակը՝ հաստատել իսլամական խալիֆայություն և մերժել ցանկացած արտաքին ազդեցություն, որը նրանք համարում են վնասակար Բանգլադեշի համար:

Հոդվածի գնօրինակը europeantimes.org կայքում՝ Bangladesh: Hizb ut-Tahrir’s Quest for a Caliphate

Մեկնաբանել