ՄԻՊ-ը մտահոգիչ է համարում Ղարիբ Բաբայանի դեպքը   

Լուսանկարում՝ Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը։

Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը (ՄԻՊ) արձագանքել է Ղարիբ Բաբայանի նկատմամբ հարուցված քրեական գործին՝ մտահոգություն հայտնելով անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցելու հանգամանքի առնչությամբ (Քրեական օրենսգրքի 329-րդ հոդված)։

«Հանրային շահին առնչվող, հանրային հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ արված հայտարարությունների, հրապարակումների, տարածված նյութերի, քաղաքական բանավեճի, քաղաքական բնույթի քննադատության և երկխոսության պարագայում խոսքի իրավաչափ սահմանափակման շրջանակը բավականին նեղ է, և այդ սահմանափակումը, հատկապես եթե այն իրականացվում է քրեաիրավական կառուցակարգերով, պետք է ունենա ակնհայտ ծանրակշիռ պատճառներ»,- նշված է հայտարարությունում։

Պաշտպանի գրասենյակը նշել է, որ քաղաքական գործիչներին և պետական իշխանությանն ուղղված քննադատության թույլատրելի շրջանակն ավելի լայն է, քան մասնավոր անձանց պարագայում։ Ավելին, ըստ գրասենյակի, ոստիկանությունը՝ որպես իրավապահ մարմին, չի կարող դիտարկվել որպես խոցելի խումբ կամ ճնշումների ենթարկված փոքրամասնություն։

Ղարիբ Բաբայանը ձերբակալվել էր այն բանից հետո, երբ սոցիալական ցանցում տարածել էր տեսանյութ, որտեղ Իրանի ազգությամբ ադրբեջանցի քաղաքացիներ Երևանի Հանրապետության հրապարակում երգում էին «Ջան Ղարաբաղ» երգը։ Տեսանյութին կից գրառման մեջ նա քննադատել էր ոստիկանության անգործությունը՝ զուգահեռներ անցկացնելով Եռաբլուրում զոհված զինծառայողների ծնողների նկատմամբ ոստիկանության գործողությունների հետ։

Նրա նկատմամբ քրեական գործ է հարուցվել իշխանության և ոստիկանության նկատմամբ ատելություն, խտրականություն և թշնամանք հրահրելու մեղադրանքով։ Երեկ երեկոյան Աջափնյակի դատարանը չի բավարարել Բաբայանի կալանավորման միջնորդությունը, սակայն սահմանափակել է նրա՝ հրապարակային խոսքով հանդես գալու իրավունքը։

Գործը լայն հանրային արձագանք է ստացել։ Մի շարք իրավապաշտպաններ և հասարակական գործիչներ քննադատել են իշխանությունների գործողությունները։ Արցախի նախկին օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը կոչ է արել կարճել «խայտառակ քրեական գործը» Բաբայանի դեմ և հարուցել նոր քրեական գործ տեսանյութում երևացող անձանց դեմ։

Տե՛ս նաև՝ Իրանի ադրբեջանցիների երգի տեսանյութը տեղադրողը ձերբակալվել է, կեսգիշերն անց՝ ազատ արձակվել

Մեկնաբանել