Հայաստանը մի կողմից կորցնում է այն արհեստական աճը, որը ստեղծվել էր ոսկու վերաարտահանման շնորհիվ, մյուս կողմից՝ ստիպված է վերաիմաստավորել տնտեսության իրական ներուժը. «ՍիվիլՆեթ բիզնեսի» հետ զրույցում ասում է ՀՀ նախկին փոխվարչապետ, Հայաստանի ամերիկյան համալսարանի բիզնեսի և տնտեսագիտության քոլեջի դեկան Վաչե Գաբրիելյանը։
Գաբրիելյանը զգուշացնում է, որ 2024-ի վերջին ամիսներին արձանագրված տնտեսական ակտիվության անկումը՝ մինչև 1,5 տոկոս, լուրջ մտահոգության պատճառ պետք է դառնա։ Սակայն, ըստ նրա, սա նաև հնարավորություն է վերանայելու տնտեսության զարգացման հիմնական ուղղությունները և կենտրոնանալու իրական արժեք ստեղծող ոլորտների, մասնավորապես՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, տուրիզմի և արդյունաբերության վրա։
Հայաստանի տնտեսական աճի կտրուկ դանդաղում
Տնտեսական ակտիվության ցուցանիշը 2024 թվականի հոկտեմբերի 5,6 տոկոսից նոյեմբերին նվազել է մինչև 1,5 տոկոս։ Վաչե Գաբրիելյանի գնահատմամբ, այս կտրուկ անկման հիմնական պատճառը ոսկու վերաարտահանման ծավալների էական կրճատումն է: 2024-ին ոսկու արտահանումը կազմել էր ընդհանուր արտահանման 47-50%-ը, սակայն այս ցուցանիշը կայուն չէ:
«Մենք Ռուսաստանի ոսկու արտահանման հիմնական ուղին էինք դարձել, ինչը բնական պայմաններում չի կարող երկարատև լինել: Ռուսաստանը չի կարող իր տնտեսական ողջ գործունեությունը կենտրոնացնել մեկ երկրի վրա, երբ ունի բազմաթիվ այլ գործընկերներ տարածաշրջանում»,- նշում է Գաբրիելյանը:
Հղում անելով Արժույթի միջազգային հիմնադրամի կանխատեսումներին` Գաբրիելյանը նշում է, որ առաջիկայում Հայաստանից ապրանքների արտահանումը կնվազի 2024-ի 12 մլրդ դոլարից մինչև 6,9 մլրդ դոլար: Ներկրումը կկրճատվի 14 մլրդ դոլարից մինչև 9,6 մլրդ դոլար, իսկ ծառայությունների արտահանումը կպահպանի համեմատաբար կայուն մակարդակ:
Շինարարության ոլորտում ևս Գաբրելյանը կանխատեսում է անկում, ինչը պայմանավորված է Երևանում շինարարական բումի ավարտով, քանի որ եկամտահարկի վերադարձի ծրագիրը 2025-ի հունվարի 1-ից դադարեց գործել մայրաքաղաքում: 2024-ին այս ոլորտում գրանցվել էր բարձր ակտիվություն՝ կապված եկամտահարկի վերադարձի մեխանիզմի ժամկետների սպառմամբ, որը շատերին դրդել էր հապճեպ բնակարան ձեռք բերել:
Որոշ ոլորտներում, այնուամենայնիվ, Գաբրիելյանը նկատում է դրական միտումներ: Սննդի արդյունաբերությունը գրանցել է փոքր աճ, տուրիզմի ոլորտը շարունակում է զարգանալ, իսկ ծառայությունների ոլորտը, հատկապես՝ ուղևորափոխադրումները, պահպանում են կայուն դիրքեր:
Գաբրիելյանը չի սպասում, որ Հայաստանի տնտեսությունը կվերադռնա 2022-ի փետրվարի՝ մինչև ուկրաինական պատերազմը գրանցված ցածր ցուցանիշներին, երբ դեռ չէր սկսվել ՌԴ-ից կապիտալի և մարդկային ռեսուրսների ներհոսքը: Սակայն, բացառությամբ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի, որտեղ նշանակալի աճ կա, տնտեսության մյուս ճյուղերում, ըստ Գաբրիելյանի, առաջընթացը դեռ բավարար չէ երկարաժամկետ զարգացման հիմքեր ապահովելու համար:
2025-ի համար կառավարության կողմից կանխատեսվող 5-5,5% տնտեսական աճի ցուցանիշը, ըստ Վաչե Գաբրիելյանի, պահանջում է լրջագույն հաշվարկներ՝ հաշվի առնելով տնտեսության հիմնական ոլորտներում առկա միտումները:
ՏՏ ոլորտ. սահմանափակ դիֆուզիա
Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը վերջին տարիներին արձանագրել է նշանակալի աճ, սակայն այդ զարգացումը, ըստ Գաբրիելյանի, դեռ համաչափ չէ:
Ոլորտում գրանցվել է աշխատավարձերի էական բարձրացում: Մինչ մասնավոր հատվածի միջին աշխատավարձը Հայաստանում կազմում է շուրջ 300,000 դրամ, ՏՏ ոլորտում այն գերազանցում է 1 մլն դրամը: Նախքան ռուս մասնագետների ներհոսքը, ՏՏ ոլորտի աշխատավարձերը միջին ցուցանիշից 2, անգամ էին բարձր, իսկ ներկայում տարբերությունը կազմում է 3-4 անգամ:
Գաբրիելյանը նշում է, որ ռուսաստանցի մասնագետների ներհոսքի արդյունքում ոլորտում տեղի ունեցավ արտադրողականության էական աճ, սակայն այդ արտադրանքի մեծ մասը դուրս է գնում երկրից: Չնայած զարգացմանը՝ տեխնոլոգիական գիտելիքների տարածումը տեղական շուկայում սահմանափակ է:
«Որոշակի դիֆուզիա տեղի է ունեցել, սակայն այն բավարար չէ ոլորտի էական փոխակերպման համար: Տեղական ընկերությունները դեռ սահմանափակ չափով են ներգրավված նոր պատվերներում, իսկ տեղական մասնագետներին գիտելիքների և հմտությունների փոխանցումը դանդաղ է ընթանում: Արտադրողականության աճը դրական է, բայց դրա դիֆուզիոն էֆեկտը, որը տանում է կարողությունների բարձրացման, շատ մեծ չէ»,- ասում է Գաբրիելյանը:
Նրա խոսքով՝ ոլորտի հետագա զարգացման համար անհրաժեշտ է ավելի համակարգված մոտեցում՝ ուղղված տեղական էկոհամակարգի ամրապնդմանը և տեխնոլոգիական գիտելիքների ավելի արդյունավետ փոխանցմանը:
ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերություն
Հունվարի 15-ին ստորագրված հայ-ամերիկյան ռազմավարական գործընկերության կանոնադրության առնչությամբ հանրային ընկալումները տարբեր են՝ փրկության ծրագրից մինչև ռիսկային փաստաթուղթ: Վաչե Գաբրիելյանի կարծիքով՝ ակնկալիքներն այդ փաստաթղթից պետք է հավասարակշռել:
«Այս պահին տնտեսական տեսակետից դեռ էական փոփոխություններ այդ փաստաթղթից չեմ ակնկալում»,- նշում է Գաբրիելյանը: Նրա գնահատմամբ՝ էներգետիկ ոլորտում համագործակցության հնարավորությունները սահմանափակ են: Հայաստանը չի կարող ձեռք բերել ավելի էժան էներգակիրներ, քան ներկայում ստանում է Ռուսաստանից:
Նա նշում է, որ երկարաժամկետ հեռանկարում հնարավոր է՝ Հայաստանում ամերիկյան կամ արևմտյան տեխնելոգիաներով փոքրամասշտաբ մոդուլային ատոմակայանների կառուցում, սակայն այս տեխնոլոգիան դեռ փորձարկման փուլում է նույնիսկ ԱՄՆ-ում: Բացի այդ, ատոմակայանի վառելիքի մատակարարման հարցը, ըստ Գաբրիելյանի, մնում է բաց, քանի որ ԱՄՆ-ն ինքն է ուրան գնում Ռուսաստանից:
ԱՄՆ-ի հետ առևտրային հարաբերությունների զարգացման տեսանկյունից ևս կան խոչընդոտներ: Գաբրիելյանը հարց է բարձրացնում, թե որոնք են այն ապրանքատեսակները, որ Հայաստանը կարող է մրցունակ կերպով առաջարկել ամերիկյան շուկայում: Հաշվի առնելով Հայաստանի անդամակցությունը ԵԱՏՄ-ին՝ նա անհավանական է համարում, որ այդ միության մեկ անդամ երկիր, տվյալ դեպքում Հայաստանը ստանա էականորեն տարբերվող արտոնություններ ամերիկայն շուկային հասանելիության տեսանկյունից:
«Փաստաթուղթն այդ ուղղությամբ ավելի սերտ աշխատելու մտադրությունների մասին է: Դա ընդամենը նշանակում է, որ հարցերը քննարկելու և դրանց պարբերաբար անդրադառնալու լուրջ մտադրություններ կան»,- բացատրում է Գաբրիելյանը:
Նրա կարծիքով՝ համաձայնագրի հիմնական շեշտադրումը կլինի անվտանգության ոլորտում, քան տնտեսականում: Թեև տնտեսական համագործակցության զարգացումը չի բացառվում, անմիջական տնտեսական արդյունքներ առայժմ չեն կանխատեսվում:
Արշալույս Մղդեսյան
Վաչե Գաբրիելյանի հետ հարցազրույցը՝ ստորև։