Վարչապետը Վաշինգտոնում քննարկել է Հայաստան-Սփյուռք կապերն ու հայ-ամերիկյան խարտիան

ԱՄՆ-ում Հայաստանի դեսպանատանը վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Եկեղեցիների համաշխարհային խորհրդի և Վատիկանի միջև հանձնախմբի ատենապետ Տ. Վիգեն արքեպիսկոպոս Այքազյանի և Վաշինգտոնի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովիվ Տ. Հովսեփ քահանա Կարապետյանի հետ:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Սփյուռքում հայապահպանությանն առնչվող հիմնախնդիրներ։ Վարչապետ Փաշինյանը կարևորել է լեզվի և մշակույթի պահպանման ուղղությամբ հետևողական քայլերի իրականացումը՝ ընդգծելով այս հարցերում պետական օժանդակության նշանակությունը։

Մտքեր են փոխանակվել Հայաստան-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված քայլերի շուրջ:

Այնուհետև վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Nahigian Strategies կազմակερպության նախագահ Քիթ Նահիգյանի հետ: Քննարկվել են Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել նաև Ամերիկայի հայկական համագումարի ղեկավարների հետ: Քննարկվել են կազմակերպության գործունեությանը, Հայաստան-ԱՄՆ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու առաջմղմանը վերաբերող հարցեր:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ԱՄՆ-ի հետ ստորագրված ռազմավարական գործընկերության համաձայնագիրը նոր հնարավորություններ է բացում երկկողմ կապերի ընդլայնման համար: Նա հույս է հայտնել, որ համագումարը կշարունակի իր ջանքերը՝ միտված տարբեր ոլորտներում կապերի ընդլայնմանը:

Հանդիպման ընթացքում մտքեր են փոխանակվել Իրական Հայաստանի գաղափարախոսության, ինչպես նաև տարածաշրջանում խաղաղության ու կայունության ապահովման շուրջ:

Մեկնաբանել