Փետրվարի 4-ին Կենտրոնական բանկի խորհրդի նիստի ժամանակ որոշվել է իջեցնել վերաֆինանսավորման տոկոսադրույքը 0,25 տոկոսային կետով՝ սահմանելով 6,75 %։ Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող լոմբարդային ռեպոյի տոկոսադրույքը սահմանվել է 8,25 %, բանկերից ներգրավվող միջոցների տոկոսադրույքը՝ 5,25 %:
ԿԲ-ն 2023-ի հունիսից պարբերաբար իջեցնում է վերաֆինանսավորման տոկոսադրույքը, ինչը նշանակում է, որ փողը շուկայում առավել հասանելի է դառնում։
Նախորդ տարի ԿԲ-ն, ներկայացնելով տնտեսական իրավիճակի ամփոփագիրը, նշել էր, որ տոկոսադրույքի իջեցման որոշման հիմքում դրված են սցենարային ուսումնասիրություններ: Մի կողմից, եղել են մտահոգություններ երկրի ռիսկերի և տոկոսադրույքների մասին, որոնք կարող էին պահանջել ավելի խիստ մոտեցում: Մյուս կողմից, առկա են նշաններ, որ տնտեսության մեջ պահանջարկը թույլ է, ինչը կարող էր հանգեցնել երկարատև ցածր գնաճի: