Բանկերի շահույթի ռեկորդային աճը չի կարող չուրախացնել, որովհետև այդ շահույթները մասամբ ուղղվելու են մեր տնտեսության ֆինանսավորմանը. ասել է ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը` փետրվարի 4-ին վերաֆինանսավորման տոկոսադրույքի թեմային նվիրված ասուլիսի ժամանակ:
Հայաստանի բանկային համակարգը 2024 թվականին գրանցել է ռեկորդային մեծ շահույթ՝ գերազանցելով 2023-ի ցուցանիշները: ՀՀ առևտրային բանկերը 2024թ-ին արձանագրել են շուրջ 363 մլրդ դրամի զուտ շահույթ, ինչը 49%-ով ավելին է, քան նախորդ տարվա ցուցանիշը: Հայաստանի բանկերի միության տվյալներով, համակարգի ընդհանուր կապիտալն աճել է 20%-ով՝ հասնելով 1,8 տրլն դրամի, իսկ ակտիվները 20%-ով ավելանալով՝ կազմել են 11 տրլն դրամ։
Նշանակալի աճ է արձանագրվել նաև վարկավորման ոլորտում. վարկային ներդրումներն ավելացել են 25%-ով՝ կազմելով 6,3 տրլն դրամ։ Միաժամանակ, հաճախորդների նկատմամբ պարտավորություններն աճել են 17%-ով՝ հասնելով 6,4 տրլն դրամի։
Ըստ ԿԲ նախագահի՝ առկա է հստակ կապ վերաֆինանսավորման տոկոսադրույքի հետևողական նվազեցման և պետական պարտատոմսերի եկամտաբերության կրճատման միջև: «Մենք ունենք էական նվազում եկամտաբերության կորի կարճաժամկետ հատվածում, իսկ երկարաժամկետ հատվածում նվազումը շատ ավելի մեղմ է», – նշել է Գալստյանը:
Նա ընդգծել է, որ ներկայումս ներդրողները, չնայած ԿԲ-ի ցածր տոկոսադրույքին, «երկարաժամկետ հատվածում որոշակի բարձր տոկոսադրույքներով են ձեռք բերում պետական պարտատոմսերը»: Սա իր հերթին, ըստ ԿԲ նախագահի, ուղղորդիչ է դառնում մյուս բոլոր ֆինանսական պրոդուկտների համար:
Գալստյանը նշել է նաև «մյուս ֆենոմենը»՝ վարկային պրոդուկտների նկատմամբ հսկայական պահանջարկը: «Թե՛ բիզնեսը, թե՛ տնային տնտեսությունները բավականին մեծ պահանջարկ ունեն, որը չի թույլ տալիս տոկոսադրույքների էական ճշգրտում», – բացատրել է ԿԲ նախագահը:
Հատկապես նկատելի է հիպոթեքային և սպառողական վարկերի էական աճը դեկտեմբերին: Այս աճի ֆոնին տոկոսադրույքները պահպանվել են նույն մակարդակի վրա: «Տեսակարար կշռով ավելի բարձր տոկոս ունեցող վարկային պրոդուկտների ծավալը մեծացել է», – նշել է Գալստյանը՝ հավելելով, որ դա պետք է «փոխհատուցվեր» բիզնես վարկերի բնագավառում տրված տոկոսներով:
Հղում անելով ԿԲ գործընկերների ուսումնասիրությանը, որն ընդգրկել է 700-ից ավելի ընկերություններ, Մարտին Գալստյանը մատնացույց արեց տարամիտվող դինամիկա բիզնես վարկերի տոկոսադրույքներում: Մի մասի մոտ տոկոսադրույքներն աճել են, մյուսների մոտ՝ նվազել: Մասնավորապես, խոշոր վարկառուների շրջանում նկատվում է մոտ 1 տոկոսային կետով տոկոսադրույքների նվազում: «Այն ընկերությունները, որոնք վերցրել էին 12-13%-ով վարկեր, հիմա վերցնում են 1%-ով ավելի ցածր տոկոսադրույքով», – նշել է ԿԲ ղեկավարը: