Կամավոր ատեստավորման ներդրումից ի վեր ուսուցիչների շուրջ 20%-ը՝ ավելի քան 6 100-ը, օգտվել է ծրագրից և արդեն ստանում է բարձրացված աշխատավարձ։ Այդ մասին կառավարության փետրվարի 6-ին նիստում հայտարարեց Հայաստանի կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը։
Նախարարը նաև ներկայացրեց տվյալներ բարձր վարձատրություն ստացող ուսուցիչների վերաբերյալ․ «Մեր համակարգում կա ավելի քան 1 600 ուսուցիչ, որոնց վարձատրությունը կազմում է 300 000-400 000 դրամ, ինչպես նաև ավելի քան 560 ուսուցիչ, որոնք ստանում են 400 000 դրամից ավելի աշխատավարձ։ Այս ուսուցիչները, որպես կանոն, կամավոր ատեստավորված են կամ ունեն տարակարգ»։
Կառավարության նիստում քննարկվեց և ընդունվեց ուսուցիչների վերապատրաստման, ինչպես նաև տարակարգի յուրաքանչյուր աստիճանի տրամադրման համար անհրաժեշտ փաստաթղթերին ներկայացվող պահանջները հստակեցնող նախագիծը։
Այս համատեքստում նախարարը անդրադարձավ նաև գյուղական դպրոցների ուսուցիչների աշխատավարձերի բարձրացմանը։ «Այս փոփոխությունը հատկապես կարևոր է գյուղական դպրոցների համար, որտեղ համատեղությամբ դասավանդումը կարող է օգնել լրացնել ուսուցչական կադրերի պակասը։ Ավելին, կրթական հետազոտությունները ցույց են տալիս, որ համատեղությամբ աշխատող ուսուցիչների դեպքում երեխաների կրթական արդյունքները բարձր են»,– նշեց Անդրեասյանը՝ հավելելով, որ նախարարությունը պետք է խրախուսի մի քանի դպրոցում դասավանդելու պրակտիկան, եթե ուսուցիչների ծանրաբեռնվածությունը դա թույլ է տալիս։
«Բացի այդ, համատեղությամբ դասավանդող ուսուցիչները ներգրավված են նաև հեռավար դասավանդման գործընթացում։ Ներկայումս համակարգում գործում է շուրջ հարյուր դպրոց, որտեղ հեռավար դասավանդումը կազմակերպվում է ուսուցիչների պակասը լրացնելու համար։ Հենց այս ուսուցիչներն էլ մեր առաջին հերթին մենթոր ուսուցիչներն են, ովքեր դասավանդում են նաև այլ դպրոցների աշակերտներին»,– ամփոփեց նախարարը։