Ադրբեջանը 1 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային, փակել «Ռուսական տունն» ու USAID-ն

Ադրբեջանը 1 մլն դոլար է հատկացրել Ուկրաինային մարդասիրական օգնություն ցուցաբերելու համար։ Համապատասխան հրամանագիրը ստորագրել է երկրի նախագահ Իլհամ Ալիևը, հայտնում է «Ազատություն» ռադիոկայանի ադրբեջանական ծառայությունը։

Ալիևի ստորագրած հրամանագրում ասվում է, որ հատկացված միջոցները կուղղվեն Ադրբեջանում արտադրված էլեկտրասարքավորումների ձեռք բերմանը և կուղարկվեն Ուկրաինա՝ որպես մարդասիրական օգնության:

Ադրբեջանն Ուկրաինային տրամադրել է շուրջ 40 մլն դոլարի աջակցություն

Նախկինում էլ Ադրբեջանը մարդասիրական օգնություն է ուղարկել Կիև։ 2023 թվականի հուլիսին Ալիևը 7,6 մլն դոլար էր հատկացրել երկրի էներգետիկայի նախարարությանը՝ Ուկրաինա էլեկտրական սարքավորումներ գնելու և առաքելու համար։

2022 թվականին Ադրբեջանն Ուկրաինային մարդասիրական օգնություն է տրամադրել ավելի քան 30 մլն մանաթի (17,6 մլն դոլարի) չափով։ Սա Բաքվի կողմից մեկ այլ երկրին հատկացված ամենամեծ աջակցությունն էր այդ տարի։ Բաքուն ուղարկել է դեղորայք, սնունդ, տրանսֆորմատորներ և գեներատորներ և ընդունել ուկրաինացի երեխաներին բժշկական և հոգեբանական վերականգնման համար։

Ուկրաինայի դեմ Ռուսաստանի սանձազերծած պատերազմի սկզբից ի վեր Ալիևը հայտարարել է, որ Բաքուն աջակցում է Ուկրաինայի տարածքային ամբողջականությանը։

«Ուկրաինայի պատերազմը մեծ ողբերգություն է երկու ժողովուրդների համար, որոնք շատ մոտ են միմյանց թե՛ էթնիկական, թե՛ կրոնական տեսանկյունից։ Սա մեծ ողբերգություն է»,- ասել էր պետության ղեկավարը։

Միաժամանակ, Բաքուն հրաժարվել է Կիևին զենք մատակարարել։ «Չնայած մեզ խնդրում են, մենք չենք կարող», – ասել է Ալիևը։

2024-ի տարեվերջի դրությամբ՝ Ադրբեջանը մոտ 40 մլն դոլարի աջակցություն է տրամադրել Ուկրաինային։

Պաշտոնական Մոսկվան բազմիցս հայտարարել է, որ անթույլատրելի է համարում ցանկացած օգնություն Ուկրաինային։

Լարվածություն՝ ինքնաթիռի կործանումից հետո

Վերջին շրջանում ռուս-ադրբեջանական հարաբերություններում որոշակի լարվածություն է առաջացել։ Ադրբեջանից Չեչնիա ուղևորվող մարդատար ինքնաթիռի կործանումից հետո Իլհամ Ալիևը հայտարարել է, որ ադրբեջանական ինքնաթիռի աղետի մեղավորը Ռուսաստանի ներկայացուցիչներն են, և ռուսական կողմը պետք է ներողություն խնդրի Ադրբեջանից։

Կործանված ինքնաթիռի շուրջ լարվածության ֆոնին ռուս-ադրբեջանական տարաձայնությունները սրվել են տեղեկատվական դաշտում։

Հունվարի 28-ին ՌԴ ԱԳՆ էր կանչվել Ադրբեջանի դեսպան Ռահման Մուստաֆաևը «ադրբեջանական ԶԼՄ-ներում մի շարք հակառուսական հրապարակումների, ինչպես նաև Բաքվում «Ռուսական տան» դեմ ապատեղեկատվության արշավի առնչությամբ»: Հաջորդ օրն էլ՝ հունվարի 29-ին, Ադրբեջանի ԱԳն էր հրավիրվել ՌԴ դեսպան Միխայիլ Եվդոկիմովը։ Դեսպանին փոխանցվել է, որ ռուսական մամուլում հրապարակումները, ինչպես նաև Ռուսաստանի որոշ պաշտոնական շրջանակների կողմից Ադրբեջանի դեմ ուղղված ապատեղեկատվական հաղորդագրությունների և ռեպորտաժների հրապարակումը թյուրիմացություն է առաջացնում և հակասում է երկու երկրների միջև դաշնակցային համագործակցության մասին հռչակագրի բովանդակությանը և ոգուն։

Ադրբեջանը փակեց «Ռոսսոտրուդնիչեստվո»-ն

Փետրվարի 6-ին ադրբեջանական Report-ը, վկայակոչելով իրազեկ աղբյուրներին, հայտնում է, որ ադրբեջանական կողմը դիվանագիտական ​​ուղիներով Ռուսաստանին պաշտոնական ծանուցում է ուղարկել Ադրբեջանի Հանրապետության տարածքում «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալության աշխատանքի դադարեցման մասին։ «Ռոսսոտրուդնիչեստվո» գործակալությունը առաջատար դեր ունի աշխարհում Ռուսաստանի մարդասիրական ազդեցության տարածման գործում։ Կազմակերպությունը ներկայացված է աշխարհի 71 երկրներում՝ «Ռուսասկան տուն» ոչ պաշտոնական անվան տակ։

Ադրբեջանը ծանուցում է ուղարկել նաև ԱՄՆ-ին՝ երկրում ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) գործունեությունը դադարեցնելու մասին։ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարության մամուլի ծառայության ղեկավար Այխան Հաջիզադեի խոսքով, Ադրբեջանը ծանուցման մեջ նշել է, որ ԱՄՆ ՄԶԳ-ն իրավական հիմք չունի երկրում գործելու համար, և որ այն պետք է դադարեցնի իր գործունեությունը:

Էլեն Մուրադյան

Մեկնաբանել