Այս պահին խոսք չկա այն մասին, որ մենք Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) դուրս ենք գալիս և առարկայական քայլերով գնում ենք դեպի Եվրոպական միություն. ՍիվիլՆեթի հետ զրույցում ասել է Ազգային ժողովի տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։
«Ցավոք, մեր հասարակության մեջ թյուր ընկալում կա, որ եվրոպական ինտեգրման ճանապարհը մեկ ամսվա կամ մեկ տարվա ճանապարհ է»,- նշել է Թունյանը՝ ընդգծելով, որ եթե անգամ վաղը որոշում կայացվի Եվրամիությանն անդամակցության գործընթաց սկսելու մասին, այն կարող է տևել տասը տարուց ավելի:
Հունվարի 9-ին ՀՀ կառավարությունը հաստատեց Եվրամիությանը Հայաստանի անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի նախագիծը և ուղարկեց Ազգային ժողով։ Նախագիծը ներկայացվել էր ԵՄ-ին անդամակցության հարցով 2024-ին Հայաստանում անցկացված ստորագրահավաքի արդյունքում, որի ընթացքում պահանջվող 50,000 ստորագրության փոխարեն հավաքվել էր ավելի քան 52,000-ը։ Ստորագրահավաքը նախաձեռնել էր «Ժողովրդավարական ուժերի պլատֆորմը», որում միավորված են արտախորհրդարանական չորս կուսակցություն և մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ: Տե՛ս ՝ Ինչ է՛ և ինչ չէ՛ Հայաստանում քննարկվող ԵՄ անդամակցության մեկնարկի մասին նախագիծը։
Անդրադառնալով Ազգային ժողովում շրջանառվող ԵՄ անդամակցության մասին օրինագծին՝ Թունյանն ասել է, որ այն դեռ պետք է անցնի մի շարք փուլեր. «Խոսքը վերաբերում է նախաձեռնությանը, որը եկել է Ազգային ժողով ստորագրությունների հիման վրա և պիտի Ազգային ժողովում քննարկվի: Եթե որոշում է կայացվում՝ պիտի լինի հանրաքվե, մարդիկ պետք է իրենց կարծիքը արտահայտեն»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության հունվարի 9-ի նիստին, աջակցություն հայտնելով նախաձեռնությանը, ասել էր, որ օրինագիծը չի նշանակում ավտոմատ անդամակցություն ԵՄ-ին, քանի որ նման որոշում կարող է կայացվել միայն հանրաքվեի միջոցով:
Նախաձեռնությանը կտրուկ արձագանքել էր Ռուսաստանը՝ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերը՝ զգուշացնելով տնտեսական հետևանքների մասին։ Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը նախազգուշացրել էր էներգակիրների և սննդամթերքի գների աճի և երկրի արտահանման ծավալի 70-80 տոկոսով կրճատման մասին։
Բաբկեն Թունյանը Ռուսաստանի փոխվարչապետի հայտարարությունները գնահատում է որպես «կանխարգելիչ նախազգուշական միջոցառումներ»: Նրա խոսքով՝ եթե երկիրն անդամակցում է որևէ միության, ցանկացած պարագայում դա պետք է բխի նրա շահերից։
Հայաստանը իր գնական գազի 85 տոկոսից ավելին ներկրում է Ռուսաստանից՝ արտոնյալ գնով՝ 1000 խմ-ի համար 165 դոլարով. (փաստացի գինը՝ հաշվարկված կալորիականության բանաձևով, սովորաբար տատանվում է 170 դոլարի սահմաններում):
Անդրադառնալով գազի թանկացման հավանականությանը՝ Թունյանը նշել է, որ եթե Ռուսաստանը որոշի, օրինակ, գազի գինը երեք անգամ թանկացնել, դա «նշանակելու է և՛ քաղաքացիների համար գազի սակագնի ավելացում, և՛ գազով աշխատող արտադրատեսակների ինքնարժեքի ավելացում ու մրցունակության նվազում»:
Նա հերքել է ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին խոսակցությունները. «ԵԱՏՄ-ից մենք բավականին օգուտներ ենք ստանում։ Ավելին ասեմ՝ մենք հիմա տարբեր օրենքների մեջ մեր ընթացակարգերը, կարգավորումները համապատասխանեցնում ենք ԵԱՏՄ-ի կանոնակարգերին»:
«Եվրամիությանն անդամակցելու մասին խոսելուց առաջ մենք պիտի նախ ինքներս հասկանանք, թե մենք պատրա՞ստ ենք Եվրոպական միության ստանդարտներով աշխատելու, որովհետեւ ցանկությունը մի բան է, մեկ այլ բան է՝ արդյոք ԵՄ-ն քեզ դիտարկում է բավարար մակարդակի հասած երկիր, որը կարող ես անդամակցել միությանը»,- ասել է նա՝ ընգծելով, որ կարիք կա տնտեսությունը բերել որակապես նոր մակարդակի թե՛ ապրանքների, ծառայությունների որակի, ստանդարտների, թե՛ դրանց վերահսկողության առումով։
Բաբկեն Թունյանը նշել է, որ եվրաինտեգրման հարցում հստակ դիրքորոշումներ կարող են հնչել 2026-ի հունիսին ակնկալվող խորհրդարանական ընտրությունների ժամանակ. «Ակնկալում եմ, որ մինչև այդ բոլոր տեսակետները պարզված կլինեն և քաղաքական ուժերը հստակ հանդես կգան եվրաինտեգրման կամ եվրասիական ինտեգրման թեմայով իրենց տեսլականներով»:
Հայաստանը ԵԱՏՄ-ին անդամակցել է 2015-ի հունվարին։ ԵԱՏՄ հինգ պետություն՝ Ռուսաստանը, Բելառուսը, Ղազախստանը, Ղրղզստանը և Հայաստանը ձևավորել են միասնական տնտեսական տարածք և համագործակցում են մաքսային, առևտրային, էներգետիկ և այլ ոլորտներում։