Հ.Աբրահամյանն ընդունել է Կուբայի դեսպանին

ՀՀ ԱԺ նախագահ Հովիկ Աբրահամյանն այսօր ընդունել է ՀՀ-ում Կուբայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Վալդես Ֆիգերոային` դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ:

ԱԺ նախագահը կարևորել է Հայաստանի և Կուբայի միջև հարաբերությունների զարգացումը, միջխորհրադարանական գործակցության ակտիվացումը, առևտրատնտեսական կապերի աշխուժացումը: Հովիկ Աբրահամյանը նշել է, որ Հայաստանի խորհրդարանում ձևավորվել է Հայաստան-Կուբա պատգամավորական բարեկամության խումբ:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Կուբայի դեսպանը նույնպես անհրաժեշտ է համարել փոխգործակցության ակտիվացումը տարբեր ուղղություններով: Նա կարևորել է միջխորհրդարանական կապերի զարգացումը, ինչպես նաև համագործակցությունը մշակույթի, զբոսաշրջության, դեղագործության, առողջապահության և այլ ոլորտներում:

ԱԺ նախագահը վստահություն է հայտնել, որ վերադառնալով Կուբայի ԱԳՆ, դեսպանը կշարունակի իր նպաստը բերել Կուբա-Հայաստան հարաբերությունների հետագա զարգացման գործում: Դեսպան Վալդես Ֆիգերոան հավաստիացրել է, որ այսուհետ ևս ամեն ինչ կանի զարգացնելու հայ-կուբայական հարաբերությունները:

Հանդիպմանը քննարկվել են այլ հարցեր ևս: