Ազգային ժողովի նիստում այսօր քննարկվեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը կառավարությունը հաստատել էր հունվարի 9-ին։
Արտաքին գործերի նախարարի տեղակալ Պարույր Հովհաննիսյանը հայտարարեց, որ օրինագծի ընդունումը չի ենթադրում ԵՄ-ին ՀՀ անդամակցության հայտ, բայց այն ամրագրում է ԵՄ-ի հետ հարաբերությունների խորացումը։ Հովհաննիսյանն ընդգծեց, որ Հայաստանը մեծապես կարևորում է Հայաստան-ԵՄ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի (CEPA) արդյունավետ կիրարկումը։
Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը ստորագրվել է 2017-ի նոյեմբերին և ուժի մեջ է մտել 2021-ի մարտին։
«2022-ից Հայաստանում տեղակայված է ԵՄ քաղաքացիական դիտորդական առաքելությունը, որը բազմիցս ապացուցել է, որ տարածաշրջանում կայունության հիմնասյուներից մեկն է»,- ասաց Հովհաննիսյանը` հիշեցնելով, որ ԵՄ խորհրդի կողմից վերջերս որոշում է կայացվել Հայաստանում երկարաձգել առաքելության ժամկետը եւս երկու տարով:
Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, թվարկեց, թե ինչ կտա օրենքի նախագծի ընդունումը Հայաստանին։ Ըստ նրա՝ օրենքը կմեծացնի ՀՀ ինքնիշխանության ամրապնդումն ու դիմակայունությունը, կնպաստի տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը՝ ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, կնպաստի ՀՀ ազգային անվտանգության ապահովման մեծացման հնարավորությանը, ՀՀ ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ երկրների բանակների արդիական չափանիշներին և այլն։
Ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը հետաքրքրվեց, թե ինչպես է այս օրենքի նախագիծը կայունություն ու խաղաղություն բերելու։
Արտակ Զեյնալյանն արձագանքեց, որ սա գործընթացի մեկնարկի մասին է, «սրանք կանխատեսումներ են, խոստումներ չեն», և վիճակն ավելի բարվոք կլինի, քան հիմա է։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Մարիա Կարապետյանն էլ հարցադրում արեց՝ «ՀՀ-ն փոխո՞ւմ է իր արտաքին քաղաքական վեկտորը», և պատասխանեց՝ ոչ: «Ֆունդամենտալ խնդիրն այստեղ այն է, որ Հայաստանը Արևմուտքի և Ռուսաստանի միջև չէ, Հայաստանը Վրաստանի, Ադրբեջանի, Իրանի և Թուրքիայի միջև է: Մենք պետք է սովորենք քաղաքական և աշխարհաքաղաքական իմաստով աշխարհին նայել մեր տնից՝ Հարավային Կովկասից»,- ասաց Կարապետյանը:
«Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը ԵՄ-ին անդամակցելու մասին օրինագիծն անվանեց «բարի ցանկությունների ժողովածու»։
«Պարտադիր է, որ բարի ցանկությունների համար Հայաստանն աշխարհաքաղաքական փակուղու առա՞ջ կանգնի»,- ասաց Մամիջանյանը՝ նշելով, որ Հայաստանին ԵՄ-ում չեն սպասում։
Հունվարի 9-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ԵՄ-ի անդամակցության հարցով ստորագրահավաքի նախաձեռնությունը, նշել էր, որ նախագիծը չի ենթադրում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին։ «Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով»,- ասել էր նա։
Օրենքի նախագիծը կառավարությանը ներկայացվել էր ԵՄ-ին անդամակցության հարցով 2024-ին Հայաստանում անցկացված ստորագրահավաքի արդյունքում, որի ընթացքում պահանջվող 50,000 ստորագրության փոխարեն հավաքվել էր ավելի քան 52,000-ը։ Ստորագրահավաքը նախաձեռնել էր «Ժողովրդավարական ուժերի պլատֆորմը», որում միավորված են արտախորհրդարանական չորս կուսակցություն և մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ:
Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել էր «Եվրոպական միությանը ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։
Տե՛ս նաև՝ Ինչ է՛ և ինչ չէ՛ Հայաստանում քննարկվող ԵՄ անդամակցության մեկնարկի մասին նախագիծը։
Էլեն Մուրադյան