ԱԺ-ն առաջին ընթերցմամբ ընդունեց ԵՄ-ին անդամակցության գործընթացի մեկնարկի օրինագիծը

Ազգային ժողովը 63 կողմ, 7 դեմ ձայների հարաբերակցությամբ առաջին ընթերցմամբ ընդունեց «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենքի նախագիծը: Նախագիծը կառավարությունը հաստատել էր հունվարի 9-ին։

Նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը, ներկայացնելով օրենքի նախագիծը, ասել է, որ օրենքը կմեծացնի ՀՀ ինքնիշխանության ամրապնդումն ու դիմակայունությունը, կնպաստի տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը՝ ուժերի հավասարակշռության վերականգնման միջոցով, կնպաստի ՀՀ ազգային անվտանգության ապահովման մեծացման հնարավորությանը, ՀՀ ազգային բանակի համապատասխանեցմանը ԵՄ երկրների բանակների արդիական չափանիշներին և այլն։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Սեյրան Օհանյանի դիտարկմամբ՝ ԵՄ-ին Հայաստանի հանրապետության անդամակցության առաջադրված օրակարգը չի համապատասխանում ԵՄ-ի կողմից սահմանված համապատասխան անդամակցության ընթացակարգերին։

«ՀՀ-ի կողմից չկա ընթացակարգային նման դիմում, իսկ եվրոպական կողմից՝ անդամակցության թեկնածուի կարգավիճակի հարցի որոշման շուրջ բանակցությունների մեկնարկի բացառիկ մանդատ ունեցող ԵԽ-ն նման որևէ քաղաքական դիրքորոշում չի հայտնել։ Նման գործելակերպը միայն կարող է խաթարել ՀՀ-ԵՄ հարաբերությունների զարգացմանը»,- ասել է Օհանյանը։

«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը նախաձեռնող խմբին հորդորում է հաշվի առնել Հայաստանի աշխարհագրությունը, միևնույն ժամանակ հիշատակելով հարևան Վրաստանի փորձը։

«Մեր հարևան Վրաստանն ինչո՞ւ մինչև հիմա ԵՄ անդամ չէ, երբ գործընթացներ եղել են, անդամակցության թեկնածություն ստացել է։ Կամ, երբ ԵՄ-ն կասեցրել է Վրաստանի անդամակցության գործընթացը, մենք պարաշուտո՞վ ենք գնում Եվրամիություն»,- նշել է ընդդիմադիր պատգամավորը։

Գրիգորյանի կարծիքով՝ ԵՄ-ին ՀՀ-ի անդամակցելու գործընթացը ֆարս է, բացառապես ներքին օրակարգի սպասարկման թեմա։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության ղեկավար Հայկ Կոնջորյանն ընդդիմությանը կոչ է արել դադարել փրկիչներ որոնել։ Ըստ պատգամավորի՝ քաղաքականության մեջ գոյություն չունի փրկություն։

«Կառափնարան տանող ճանապարհն այն է, որ Հայաստանն իրավունք չունի, բացի արդեն իր համար նախասահմանված մոդելի, ինքնուրույն մտածել, թե ինչպես կարող է ինքնուրույն իր քաղաքականությունն իրականացնել։

2020 թվականից սկսած՝ մենք տեսել ենք, թե ինչ է լինում, երբ ձվերը տանում դնում ես նույն զամբյուղի մեջ։ Երբ դուք տարել բոլոր ձվերը դրել եք նույն զամբյուղի մեջ, զամբյուղի տերը վերցրել տարել է այդ զամբյուղը», – ասել է Կոնջորյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանն էլ նշել է, որ օրինագծի վերաբերյալ ոչ ընդդիմության հիմնավորումների հետ է համամիտ, ոչ էլ՝ նախաձեռնող խմբի։

ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ իշխանական պատգամավորը հայտարարել է, որ նախագծում ներկայացված հիմնավորումներն անիրատեսական են և կեղծ ակնկալիքներ են ստեղծում հասարակության շրջանում։

«Համամիտ եմ նախագծի բուն էության հետ, որ անհրաժեշտություն է գործընթաց մեկնարկելը, բայց ցավով պետք է նշեմ, որ ընդդիմության շեշտադրումները կրկին նպաստեցին նրան, որպեսզի հասարակությունում ձևավորվեն այն կեղծ պատկերացումները, թե սա անվտանգային նախաձեռնություն է, կփոխի ՀՀ անվտանգային ճարտարապետությունը»,- ասել է Ղազարյանը։

Դիմելով նախաձեռնող խմբի լիազոր ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանին՝ Ղազարյանը նշել է, որ օրինագծի հիմնավորումների մեջ շեղումներ կան «Իրական Հայաստանի» կոնցեպտից։

Հունվարի 9-ի կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը, կարևորելով ԵՄ-ի անդամակցության հարցով ստորագրահավաքի նախաձեռնությունը, նշել էր, որ նախագիծը չի ենթադրում Հայաստանի անդամակցություն ԵՄ-ին։ «Այդ կետում որոշում կայացնելը կարող է լինել միայն ու միայն հանրաքվեի ճանապարհով»,- ասել էր Փաշինյանը։

Օրենքի նախագիծը կառավարությանը ներկայացվել էր ԵՄ-ին անդամակցության հարցով 2024-ին Հայաստանում անցկացված ստորագրահավաքի արդյունքում, որի ընթացքում պահանջվող 50 000 ստորագրության փոխարեն հավաքվել էր ավելի քան 52 000-ը։ Ստորագրահավաքը նախաձեռնել էր «Ժողովրդավարական ուժերի պլատֆորմը», որում միավորված են արտախորհրդարանական չորս կուսակցություն և մի շարք քաղաքացիական նախաձեռնություններ:

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը դեկտեմբերի 10-ի նիստում հաստատել էր «Եվրոպական միությանը ՀՀ-ի անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» նախաձեռնության ներկայացրած ստորագրությունների վավերականությունը։

Էլեն Մուրադյան

Մեկնաբանել