Հայաստանի բանկերը 16%-ով շատ հարկ են վճարել ինը ամիսներին

Բանկային համակարգում շահույթի և աշխատավարձերի ավելացումը նպաստել է պետբյուջեի հարկային եկամուտների աճին։ Այս տարվա ինն ամիսներին Հայաստանի 21 առևտրային բանկերը պետբյուջե են վճարել մոտ Դ24 մլրդ-ի հարկեր և պարտադիր սոցվճարներ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 16,1%-ով կամ Դ3,3 մլրդ-ով։ Ընդ որում` բանկերն ավելացրել են մասնաբաժինը 1000 խոշոր հարկատուների ընդհանուր հարկային եկամուտների ծավալում։

Հայաստանի 21 առևտրային բանկերն էլ ներառված են 1000 խոշոր հարկատուների Պետեկամուտների կոմիտեի հունվար-սեպտեմբերի ցանկում, ընդ որում, նրանցից 13-ը՝ առաջին 100-յակում։ Բանկերին բաժին է ընկել Հայաստանի 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարած հարկերի 5,3%-ը, այն դեպքում, երբ անցած տարվա ինն ամիսներին ցուցանիշը 5% էր։ Այս տարվա հունվար-սեպտեմբերին բանկերն ապահովել են պետբյուջեի հարկերի և պարտադիր սոցվճարների 3,8%-ը (անցած տարի՝ 3,6%-ը)։ Բանկերի կողմից պետբյուջե վճարված հարկերի ծավալի, ինչպես նաև ընդհանուր հարկերում նրանց մասնաբաժնի աճը ունի ինչպես օբյեկտիվ, այնպես էլ սուբյեկտիվ պատճառներ։

Ազգային վիճակագրական ծառայությaն տվյալներով՝ այս տարվա ինն ամիսներին ֆինանսական և ապահովագրական գործունեության ոլորտում միջին աշխատավարձերն աճել են 5,5%-ով։ Նույն ժամանակահատվածում առանձին բանկեր շարունակել են ընդլայնման գործընթացը՝ հիմնելով նոր մասնաճյուղեր և ըստ այդմ ավելացնելով աշխատակիցների թիվը։ Բանկերի կողմից վճարվող հարկերի 92,5%-ը ուղղակի հարկեր են (եկամտահարկ, շահութահարկ)։ Աշխատավարձերի բարձրացումն ու նոր աշխատատարի ստեղծումը անխուսափելիորեն բերում է հարկերի ծավալի աճի։ Այս տարվա ինն ամիսներին բանկերի կողմից վճարված պարտադիր սոցվճարների ծավալն աճել է 15,8%-ով՝ կազմելով Դ3,2 մլրդ։

Մյուս գործոնը, որը նպաստել է բանկերի վճարած հարկերի ծավալի աճին, 2011թ. ստացված շահույթն է։ «Շահութահարկի մասին» օրենքի համաձայն՝ տարվա ընթացքում հարկատուն պարտավոր է կատարել շահութահարկի կանխավճարներ։ Մուծումները կատարվում են յուրաքանչյուր եռամսյակ՝ նախորդ տարվա շահութահարկի փաստացի գումարի կամ շահութահարկի հաշվարկային մեծության 18,75%-ի չափով։

Սա նշանակում է, որ 2011թ. բանկերի կողմից վճարված շահութահարկի չափը կախված է եղել 2010թ. շահույթի մեծությունից, իսկ այս տարվա ինն ամիսներինը՝ 2011թ. շահույթից։ Անցած տարի բանկային համակարգն ապահովել է Դ43 մլրդ-ի շահույթ, որը 2010թ. զուտ շահույթի ծավալը գերազանցել է Դ9,3 մլրդ-ով կամ 27,6%-ով։ Ինչ վերաբերում է այս տարվա ինն ամիսներին, ապա բանկային համակարգի չբաշխված շահույթը կազմել է Դ31,4 մլրդ՝ անցած տարվա նույն ժամանակահատվածի Դ24,8 մլրդ-ի համեմատ։
Համաձայն ԿԲ-ի հրապարակած բանկային համակարգի ամփոփ նկարագրի՝ այս տարվա ինն ամիսներին բանկերը վճարել են Դ8,6 մլրդ-ի շահութահարկ, ինչն անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելի է 24,6%-ով։ Ստացվում է, որ բանկերի կողմից վճարված ընդհանուր հարկերում շահութահարկի մասնաբաժինը կազմել է 43%։

Խոշոր հարկատուների ընդհանուր հարկերի ծավալում բանկերի մասնաբաժնի մեծացումը նաև սուբյեկտիվ կողմ ունի։ Բանկային համակարգն ամբողջովին գտնվում է հարկային դաշտում, ոլորտում «ստվեր» չկա, ինչը հնարավոր չէ պնդել տնտեսության մյուս ճյուղերի մասին։ Արդյունքում, եթե այլ ոլորտներում գործող ընկերություններում նույնիսկ նույն չափով աճ է արձանագրվում (աշխատակիցների թվի կամ աշխատավարձի), ապա փաստաթղթային ձևակերպումների և իրականության մեջ շեղումը, միևնույն է, պահպանվում է։ Սրա մասին է վկայում թերևս այն, որ այս տարվա ինն ամիսներին 1000 խոշոր հարկատուների կողմից վճարված պարտադրի սոցվճարների ծավալի աճի Դ1,8 մլրդ-ից Դ430 մլն-ը (23%-ը) բաժին է ընկել հենց բանկային համակարգին։