Վրաստանը թաղում է հայ-թուրքական արձանագրությունները

Թուրք վերլուծաբանների որոշակի շրջանակ բավական մեծ կարծիքի է Թուրքիայի կողմից Հայաստանի շրջափակման և դրա միջոցով հայկական պետությանը զիջումների մղելու կամ թուլացնելու հարցում: Այդ նույն շրջանակների մոտ բավականին տարածված կարծիք է, որ հայ-թուրքական սահմանի բացումը օգտակար կլինի հատկապես Հայաստանի համար:

Երկու տարի առաջ Երևանում անցկացվող գիտաժողովներից մեկում Ստամբուլի Իսիկ համալսարանի միջազգային հարաբերությունների ֆակուլտետի դեկան Բյուլենթ Արասն ասաց, որ Երևանի փողոցներում տեսել է ճանապարհաշինության մեջ օգտագործվող թուրքական արտադրության ծանր մեքենաներ, և նկատեց, որ թուրքական արտադրանքն այս կամ այն կերպ հասնում է Հայաստան, հետևաբար Թուրքիան քիչ է հետաքրքրված սահմանի բացմամբ: Առավել հետաքրքրված պետք է լինի Հայաստանը՝ նոր տրանսպորտային հնարավորություններ ստեղծելու և թուրքական շուկա մտնելու համար:

Ինչպես ցույց տվեց հայ-թուրքական արձանագրությունների պատմությունը, դրանք չվավերացնելու հիմնական խնդիրը Ադրբեջանի հիստերիան էր և վերջինիս ազդեցությունը թուրք հասարակության ազգայնական տրամադրված հատվածի վրա, ինչն էլ լրջորեն հաշվի է առնվում Էրդողանի կուսակցության կողմից:

ՀՀ իշխանությունները, չնայած արձանագրությունների դեմ հանրային կարծիքի մեծ հակազդեցությանը, պատրաստ էին մինչև վերջ գնալ դրանք կյանքի կոչելու համար: Պատերազմի ավարտից հետո հայաստանյան տարբեր էլիտաների մոտ տարածված է այն կարծիքը, որ Թուրքիայի (նաև Ադրբեջանի) հետ փակ սահմաններն են հայկական տնտեսության թուլության և Հայաստանի աղքատության պատճառները: Նրանցից ավելի ծայրահեղականները դրա մեջ մեղավորը համարում են Արցախի խնդիրը և պատրաստ են լուրջ զիջումների այդ հարցում:

Իրականում ՀՀ տնտեսությունը էական վնասներ կրել է ոչ թե Թուրքիայի հետ սահմանների փակումից, այլ աբխազական երկաթուղու անգործությունից, երբ վրաց-աբխազական հակամարտության պատճառով Հայաստանը զրկվեց դեպի Ռուսաստան ելնող էժան տրանսպորտային միջոցից:

Հոկտեմբերյան խորհրդարանական ընտրությունները Վրաստանում իշխանության բերեցին Աբխազիայի հարցում համարձակ մոտեցումներ ունեցող թիմի: Թիմի ընդհանուր մոտեցումն այն է, որ չպետք է թույլ տալ Աբխազիայի հետագա ինտեգրումը Ռուսաստանին, հարաբերություններ հաստատել նրա հետ, աջակցել Աբխազիայում տարբեր ծրագրերի իրականացմանը:

Վրաստանի վերաինտեգրման հարցերով նախարար Պաատա Զաքարեիշվիլին, որն անմիջականորեն զբաղվում է Աբխազիայի հետ հարաբերությունների վերականգնմամբ, հայտարարել է, որ Վրաստանը պետք է նպաստի տրանսպորտային հաղորդակցության վերականգնմանը Աբխազիայի տարածքով՝ ինչպես երկաթուղային, այնպես էլ ավտոմոբիլային: Ի դեպ՝ Զաքարեիշվիլին համարում է, որ դրա համար քաղաքական պայմաններ, օրինակ՝ վրաց փախստականների վերադարձը Աբխազիա, չպետք է առաջ քաշվեն:

Վրաստանի նոր կառավարության նման քայլերը իրական հույսեր են արթնացնում, որ մոտ ապագայում հնարավոր կլինի վերագործարկել աբխազական երկաթուղին, ինչը Հայաստանին թույլ կտա ավելի էժան ու հարմարավետ ճանապարհով կապվել Ռուսաստանի հետ: Սա իր հերթին նշանակում է հայ-թուրքական սահմանի բացման անհրաժեշտության վերացում:

Այսպիսով՝ Վրաստանը Աբխազիան վերադարձնելու իր նոր մարտավարությամբ վերջնականապես թաղում է հայ-թուրքական մեռելածին արձանագրությունները:

Մեկնաբանել