Դեպի Եվրամիություն տանող ճանապարհին ամենամեծ մարտահրավերը Հայաստանի Հանրապետության՝ ԵՄ չափանիշներին օբյեկտիվորեն համապատասխանելն է. փետրվարի 12-ին ԱԺ-կառավարություն հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա հստակեցրեց՝ այդ չափանիշները վերաբերում են կառավարմանը, հակակոռուպցիոն պայքարին, տնտեսական թափանցիկությանը, հաշվետվողականությանը, ժողովրդավարությանը և այլն։
Փաշինյանի խոսքով՝ այս ամենն իրականում «մեզ է անհրաժեշտ, որ պետությունը ինստիտուցիոնալ և արդյունավետ կառավարման համակարգ ձևավորի»։
Ինչ վերաբերում է «Եվրոպական միությանը Հայաստանի Հանրապետության անդամակցելու գործընթացի մեկնարկի մասին» օրենսդրական նախաձեռնությանը, Փաշինյանն այն դրական գնահատեց և ասաց, որ այն համապատասխանում է կառավարության որդեգրած բալանսավորված և բալանսավորման արտաքին քաղաքակնությանը։
«Երբ օրենքը ուժի մեջ մտնի, մենք կարևոր ծառայություն մատուցած կլինենք մեր ժողովրդին՝ մենք արտաքին հարաբերությունների ամբողջական մենյու առաջարկած կլինենք ժողովրդին, և դա մեզ հնարավորություն կտա ավելի քաղաքական դարձնել մեր քաղաքական կյանքը և կենտրոնանալ բովանդակային քննարկումների վրա», – նշեց գործադիրի ղեկավարը։ Փաշինյանի խոսքով՝ հանրության մոտ պետք է ճիշտ սպասումներ ձևավորել։
Պատասխանելով Ռուսաստանի հետ կապված պոտենցիալ ռիսկերի մասին հարցին՝ Փաշինյանը նշեց, որ ԵՄ-ին վերաբերող որոշումը «ռիսկերից որևէ մեկը ավելի ռիսկային չի դարձնում, այլ, ընդհակատակը, կառավարելի է դարձնում դրանք»։