Բարաք Օբաման վերընտրվել է

ԱՄՆ-ի Դեմոկրատական կուսակցության թեկնածու, երկրի գործող նախագահ Բարաք Օբաման նախնական տվյալներով հաղթել է նախագահական ընտրություններում, հաղորդում է BBC-ն՝ վկայակոչելով ամերիկյան հեռուստաալիքները։

Այս պահի դրությամբ Օբաման ունի 303 ընտրիչի ձայն, նրա գլխավոր մրցակից, Հանրապետական կուսակցության թեկնածու Միթ Ռոմնին՝ 203-ի։

Քվեարկության ելքը որոշում է հենց ընտրիչների կոլեգիան։ Յուաքանչյուր նահանգ ներկայացնում են ընտրիչները, որոնց թիվը համամասնական է նահանգի բնակիչների թվին։ 538-ից 270 ձայն ստացող թեկնածուն դառնում է Սպիտակ տան ղեկավար։

ԱՄՆ գործող նախագահը Twitter-ի իր բլոգում և Facebook-ում շնորհակալություն է հայտնել ընտրողներին իր հաղթանակի համար․ «Դա տեղի ունեցավ ձեր շնորհիվ»։

Վերջին տվյալներով՝ ԱՄՆ-ի գործող նախագահը հաղթել է Օհայոյում, Կալիֆոռնիայում, Վիսկոնսինում, Վաշինգտոնում, Նյու Հեմփշիրում, Հավայիում, Ռոմնին՝ Այդահոյում և Հյուսիսային Կարոլինայում։