Թրամփի և Պուտինի հանդիպումը կարող է կայանալ Սաուդյան Արաբիայում

Դոնալդ Թրամփը հեռախոսազրույց է ունեցել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: ԱՄՆ նախագահի խոսքով՝ պայմանավորվել են «անհապաղ բանակցություններ սկսել», զրույցը «շատ արդյունավետ» է եղել։

Զրույցի մասին առաջինը հայտնել Է Դոնալդ Թրամփը։ «Քիչ առաջ երկար և շատ արդյունավետ հեռախոսազրույց ունեցա Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ»,- գրել է նա իր Truth Social սոցցանցում:

Թրամփի խոսքով՝ երկու երկրների ղեկավարները քննարկել են Ուկրաինան, Մերձավոր Արևելքը, էներգետիկան, արհեստական բանականությունը, «դոլարի ուժը և շատ այլ թեմաներ»: Պեսկովը թեմաների թվում նշել է նաև պահվող անձանց փոխանակումը, Իրանի միջուկային ծրագիրը և Ռուսաստանի ու ԱՄՆ-ի միջև համագործակցությունը:

«Առաջին հերթին երկուսս էլ համաձայնեցինք, որ ցանկանում ենք դադարեցնել միլիոնավոր մահերը Ռուսաստանի և Ուկրաինայի պատերազմում»,- գրել Է Թրամփը:

Պուտինի հետ զրույցի ընթացքում Թրամփն ասել է, որ «հենց հիմա կզանգահարի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն՝ Պուտինի հետ զրույցի մասին պատմելու համար»:

Բանակցություններն ամերիկյան կողմից վարելու են պետքարտուղար Մարկո Ռուբիոն, Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ջոն Ռեթքլիֆը, ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ուոլցը և հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը:

Ավելի ուշ, պատասխանելով լրագրողների հարցերին, Թրամփն ասել է, որ Պուտինի հետ առաջին հանդիպումը տեղի կունենա Սաուդյան Արաբիայում:

Կրեմլից հայտարարել են, որ զրույցը տևել է մեկուկես ժամ, երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են հանդիպում կազմակերպել:

Պուտինի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովն ասել է, որ Պուտինը, ի պատասխան Ուկրաինայի հետ հնարավոր խաղաղության մասին Թրամփի խոսքերի, նշել է «հակամարտության արմատական պատճառները վերացնելու անհրաժեշտության մասին և համաձայնել Է Թրամփի հետ, որ երկարաժամկետ կարգավորման կարելի է հասնել խաղաղ բանակցությունների միջոցով»:

Հնարավոր մոտալուտ բանակցությունների մեկնարկի մասին Պեսկովը, սակայն, ուղղակիորեն չի խոսել։ Կրեմլի խոսնակի խոսքով՝ Պուտինը Թրամփին հրավիրել է Մոսկվա, և նախագահները պայմանավորվել են շարունակել անձնական շփումները:

Թրամփ-Զելենսկի հեռախոսազրույց

Պուտինի հետ զրույցից հետո Թրամփը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն։ BBC-ին հայտնում է, որ խոսակցությունը, ենթադրաբար, տևել է մոտ մեկ ժամ:

Զելենսկին իր տելեգրամյան ալիքում հաստատել է, որ խոսակցություն եղել է՝ զրույցն ավելի ընդհանրական ներկայացնելով։

«Հենց նոր խոսեցի Դոնալդ Թրամփի հետ։ Խոսեցինք խաղաղության հասնելու հնարավորության, թիմային մակարդակում միասին աշխատելու մեր պատրաստակամության, մեր տեխնոլոգիական հնարավորությունների մասին։ Շնորհակալ եմ նախագահ Թրամփին հետաքրքրված լինելու համար այն հարցերում, որոնցում կարող ենք համատեղ գործել»,- գրել է Զելենսկին։

«Ուկրաինան ամենից շատ խաղաղություն է ուզում։ Մենք որոշում ենք Ամերիկայի հետ մեր ընդհանուր քայլերը՝ դադարեցնելու ռուսական ագրեսիան և երաշխավորելու հուսալի, երկարատև խաղաղություն»,- գրել է Զելենսկին։

Իր հերթին, Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Զելենսկու հետ զրույցը «շատ լավ» է անցել:

«Նա, ինչպես և նախագահ Պուտինը, ցանկանում է խաղաղություն կնքել։ Մենք քննարկեցինք պատերազմի հետ կապված շատ հարցեր, բայց հիմնականում հանդիպումը, որը տեղի կունենա ուրբաթ օրը Մյունխենում, որի ընթացքում փոխնախագահ Ջեյ Դի Վենսը և պետքարտուղար Մարկո Ռուբիոն կգլխավորեն պատվիրակությունը: Հուսով եմ, որ այս հանդիպման արդյունքները դրական կլինեն»,- գրել Է Թրամփը։

Մյունխենի անվտանգության համաժողովը նախատեսվում է փետրվարի 16-18-ը, այնտեղ կքննարկվեն միջազգային անվտանգության հիմնական հարցերը, ներառյալ Ուկրաինայում տիրող իրավիճակը։

Ո՛չ Զելենսկին, ո՛չ Թրամփը չեն հայտնել խաղաղության համաձայնագրի կամ նախնական պայմանավորվածությունների որևէ պայմանի մասին:

Էլեն Մուրադյան

Մեկնաբանել