Բանակցությունները փակուղում չեն. փոխնախարար

Հայաստանի փոխարտգործնախարար Վահան Կոստանյանը չի կարծում, որ Հայաստանի ու Ադրբեջանի բանակցությունները փակուղում են։ Կառավարությունում լրագրողների հետ ճեպազրույցում ի պատասխան լրագրողի հարցի՝ նա հիշատակել է հունվարին կայացած պետական սահմանի սահմանազատման պետական հանձնաժողովի տասնմեկերորդ հանդիպումը՝ նշելով, որ նոր հանդիպման պայմանավորվածություն կա։

Փոխնախարարն անդրադարձել է նաև Հայաստանի կողմից Ադրբեջան ուղարկված նոր առաջարկները, որոնք վերաբերում են ապաշրջափակմանը։

«Բավականին երկար ժամանակ է մենք սպասում ենք ադրբեջանական կողմի արձագանքին։ Հույս ունենք՝ կարճ ժամանակում կստանանք այդ պատասխանը, որպեսզի գործընթացը հնարավոր լինի շարունակել։ Հայաստանը շարունակում է կառուցողական լինել բանակցություններին»,- ասել է Կոստանյանը։

Լրագրողի մեկ այլ հարցի, թե ինչ պետք է անի Հայաստանը, երբ Ադրբեջանի նախագահի սպառնալիքները խոսքից գործի անցնեն, Կոստանյանն ասել է, որ Հայաստանը կկիրառի իրեն հասու ամբողջ գործիքակազմը պաշտպանելու իր տարածքային ամբողջականությունը։ «Նման հայտարարությունները միտված են տարածաշրջանում էսկալացիոն ֆոնի ապահովմանը։ ՀՀ-ն չի տրվելու նման սադրանքներին, շարունակելու ենք կառուցողական տրամադրվել բանակցություններին»,- ասել է նա։

Հունվարին սկզբին Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը տեղական լրատվամիջոցներին տված հարցազրույցում սպառնացել էր, որ ուժով կարող է բացել «Զանգեզուրի միջանցքը» և մի շարք այլ սպառնալիքներ էր հնչեցրել Հայաստանի հասցեին։

Մեկնաբանել