Եվրախորհրդարանի պատգամավորները միջազգային հանրությանը կոչ են անում միանալ Վրաստանի «ինքնահռչակ իշխանությունների» դեմ բոյկոտին։ Պատգամավորները Վրաստանի իշխանություններին մեղադրում են երկրում ժողովրդավարությունը խաթարելու և այլախոհությունը ճնշելու մեջ: Այս մասին տեղեկանում ենք Եվրախորհրդարանի պաշտոնական էջում հրապարակված հայտարարությունից։
Փաստաթղթին կողմ է քվեարկել 400 պատգամավոր, դեմ է արտահայտվել 63-ը, ձեռնպահ է մնացել 81-ը:
«Եվրախորհրդարանը կոչ է անում 25 երկրներին (բացառությամբ Հունգարիայի և Սլովակիայի) երկկողմ և համակարգված հիմունքներով անհապաղ և նպատակային անհատական պատժամիջոցներ սահմանել Բիձինա Իվանիշվիլիի, նրա ընտանիքի և նրա ընկերությունների նկատմամբ, ինչպես նաև սառեցնել նրա բոլոր ակտիվները ԵՄ-ում՝ Վրաստանում քաղաքական գործընթացի վատթարացման գործում ունեցած դերի համար։ Անհատական պատժամիջոցներ սահմանել Վրաստանի այն պաշտոնյաների և քաղաքական առաջնորդների նկատմամբ, որոնք պատասխանատու են ժողովրդավարությունից հեռանալու, ընտրությունների կեղծման, մարդու իրավունքների խախտումների և քաղաքական ընդդիմախոսների ու ակտիվիստների համար»,- ասված է բանաձևում։
Նշվում է, որ Վրաստանի ներկայիս ճգնաժամի միակ լուծումը նոր խորհրդարանական ընտրությունների անցկացումն է, որոնք, Եվրախորհրդարանի պատգամավորների կարծիքով, պետք է տեղի ունենան առաջիկա մի քանի ամիսների ընթացքում։
«Եվրախորհրդարանի պատգամավորները շարունակում են Սալոմե Զուրաբիշվիլիին ճանաչել Վրաստանի օրինական նախագահ և կոչ են անում Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստային հրավիրել նրան ներկայացնելու երկիրը Եվրոպական խորհրդի և եվրոպական քաղաքական հանրության առաջիկա նիստերին»,- ասված է բանաձևում։
Եվրախորհրդարանը ափսոսանք է հայտնել, որ իշխող «Վրացական երազանք» կուսակցությունը շեղվել է եվրոպական ինտեգրացիայի և ՆԱՏՕ-ին անդամակցելու իր ուղուց:
Վրաստանը ԵՄ անդամի թեկնածուի կարգավիճակ է ստացել 2023 թվականի դեկտեմբերին։ Սակայն երկրում վերջին խորհրդարանական ընտրությունները Եվրախորհրդարանի կողմից չեն ճանաչվել ո՛չ ազատ, ո՛չ արդար։ Եվրախորհրդարանի պատգամավորները կոչ են արել հաջորդ տարվա ընթացքում կրկին ընտրություններ անցկացնել։
Կարդացեք նաև՝