«Ղարաբաղ. թուրքական աշխարհի ընդհանուր խնդիրը» խորագրով կոնֆերանս Ադրբեջանում

Ադրբեջանում ընթանում է «Ղարաբաղ. թուրքական աշխարհի ընդհանուր խնդիրը» խորագրով կոնֆերանսը, որը միավորել է թուրքալեզու տարբեր պետությունների լրագրողներին և գրողներին, հաղորդում է թուրքական Haberler.com կայքը:

Կոնֆերանսը կազմակերպել է «Աշխարհի թուրք երիտասարդ գրողների միությունը»` Ադրբեջանի սպորտի և երիտասարդության նախարարության, Ադրբեջանի Աթաթուրքի կենտրոնի և Ադրբեջանի «Եվրասիա միջազգային ինստիտուտի» աջակցությամբ: Կոնֆերանսին մասնակցում են Թուրքիայի, Ղազախստանի, Ուզբեկստանի, Թուրքմենստանի և Ղըրղզստանի, ինչպես նաև մի քանի այլ թուրքալեզու ժողովուրդների ներկայացուցիչներ:

«Աշխարհի թուրք երիտասարդ գրողների միության» նախագահ Էքբեր Գոշալըն տեղեկացրել է, որ «Եկա, տեսա, գրեցի» ծրագրի շրջանակում Ադրբեջանում հյուրընկալված գրողներն ու լրագրողները հոդվածներ են պատրաստելու Ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ, որն ամբողջացվելու և տպագրվելու է մեկ գրքում:

Ադրբեջանի «Եվրասիա միջազգային ինստիտուտի» տնօրեն Գանիրե Փաշաևան կոնֆերանսի շրջանակում հայտարարել է, թե Ղարաբաղի խնդիրը և Խոջալուի դեպքերը թուրքական աշխարհի ընդհանուր խնդիրն են: Ղարաբաղյան խնդիրն անհրաժեշտ է լուծել համատեղ ուժերով, իսկ Խոջալուի դեպքերը միասնական ջանքերով պետք է ներկայացնել աշխարհին:

«Ղարաբաղ. թուրքական աշխարհի ընդհանուր խնդիրը» կոնֆերանսի մասնակիցներն այցելելու են նաև հայ-ադրբեջանական շփման գոտի:

Մեկնաբանել