Ձերբակալվել է Վրաստանի ներքին գործերի նախկին նախարարը

Վրաստանի ներքին գործերի նախկին նախարար Բաչո Ախալայան այս գիշեր ձերբակալվել է դատախազությունում 4 ժամ տևած հարցաննությունից հետո:

Դատախազության տվյալների համաձայն՝ Ախալայայի դեմ քրեական գործ է հարուցվել քրեական օրենսգրքի 332-րդ հոդվածի համաձայն՝ պաշտոնական դիրքի չարաշահման մեղադրանքով:

Այս հոդվածով նախատեսվում է մինչև 5 տարի ազատազրկում, տուգանք կամ մինչև 3 տարի պաշտոն զբաղեցնելու արգելք:

Միխեիլ Սաակաշվիլիի գլխավորած «Ազգային միասնական շարժում կուսակցության» առաջնորդներից Գիորգի Գաբաշվիլիի կարծիքով՝ նախկին նախարարի ձերբակալությունը քաղաքական որոշում է, որի հիմքում քաղաքական մոտիվներ են:

Ախալայան Սաակաշվիլիի մերձավորներից է և երկրի ներքին գործերի նախարարությունը ղեկավարել է մինչ այս տարվա ամառ: Նա հրաժարական է ներկայացրել Թբիլիսիի Գլդանիի բանտի սկանդալի պատճառով, այնուհետ մեկնել է Վրաստանից, ինչը բազմաթիվ խոսակցությունների առիթ է դարձել: Այս շաբաթ նա վերադարձել է Թբիլիսի՝ հայտարարելով, թե պատրաստ է պատասխանել իրեն առաջադրված բոլոր հարցերին և մեղադրանքներին:

Մեկնաբանել