Ռուսական անօդաչու թռչող սարքը հարվածել է Չեռնոբիլի ատոմակայանի սարկոֆագին․ Զելենսկի

Ռուսական հարվածային անօդաչու թռչող սարքը փետրվարի 14-ի գիշերը խոցել է Չեռնոբիլի ատոմակայանի ավերված չորրորդ էներգաբլոկի սարկոֆագը։ Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել Է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին:

Ուկրաինայի առաջնորդի խոսքով՝ սարկոֆագը վնասվել է։ Հարվածի վայրում հրդեհ է բռնկվել։

«Ուկրաինան այդ սարկոֆագը կառուցել է Եվրոպայի, Ամերիկայի և բոլոր նրանց հետ, ովքեր ցանկանում են իրական անվտանգություն մարդկանց համար։ Աշխարհում միակ պետությունը, որը կարող է հարձակվել նման օբյեկտների վրա, գրավել ատոմակայանների տարածքը և ռազմական գործողություններ վարել՝ ընդհանրապես հաշվի չառնելով հետևանքները, այսօրվա Ռուսաստանն է։ Եվ դա ահաբեկչական սպառնալիք է ամբողջ աշխարհին»,- հայտարարել Է Ուկրաինայի նախագահը։

Զելենսկին նաև հայտնել է, որ ներկա պահին ռադիացիոն ֆոնը չի բարձրացել, բայց անընդհատ հետևում են դրան։ Նախնական գնահատականներով՝ մեկուսիչ կառույցի վնասը զգալի է։

Զելենսկին հրապարակել է Չեռնոբիլի տարածքում տեղի ունեցած պայթյունի տեսանյութը, ինչպես նաև հրդեհը և անօդաչու թռչող սարքի հարվածի հետևանքները: Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Անդրեյ Երմակը խոստացել է Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ, որի բացումը փետրվարի 14-ին է, ԱՄՆ-ին փոխանցել «շատ տեղեկություններ Չեռնոբիլի գոտում Ռուսաստանի հարվածի մասին»:

Ակնկալվում է, որ Վենսն այսօր Մյունխենի անվտանգության համաժողովի ժամանակ կհանդիպի Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։ Եվրոպայում և ԱՄՆ-ում շատերը, հուսով են, որ այդ բանակցությունները գոնե մի փոքր լույս կսփռեն պատերազմի բանակցային կարգավորման վերաբերյալ Թրամփի գաղափարների վրա: Այս մասին գրում է AP News-ը։

Մեկնաբանել