Խանդանյանը Կիևում հանդիպում է ունեցել Գերագույն ռադայի նախագահի հետ

ՀՀ Ազգային ժողովն աջակցում է Ուկրաինայի Գերագույն ռադայի գործընկերներին։ Կիևում Ուկրաինայի Գերագույն ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկի հետ հանդիպմանն ասել է ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը։ Այս մասին հայտնում են ՀՀ խորհրդարանի մամուլի ծառայությունից։

Խանդանյանն Ուկրաինայի խորհրդարանի ղեկավարին ներկայացրել է Հայաստանի շուրջ ստեղծված անվտանգային մարտահրավերները, ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները, Հայաստան-Ադրբեջան և Հայաստան-Թուրքիա բանակցային գործընթացի մանրամասները: Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախագծին:

Ռուսլան Ստեֆանչուկը, կարևորելով տարածաշրջանային խաղաղության և կայունության ամրապնդումը, իր անվերապահ աջակցությունն է հայտնել Հայաստանի Հանրապետության տարածքային ամբողջականության պահպանմանը և ժողովրդավարական զարգացման ուղուն:

Սարգիս Խանդանյանն Ուկրաինա է մեկնել` մասնակցելու ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի բյուրոյի աշխատանքներին:

Մեկնաբանել