Թուրքիայում կառուցվող մզկիթը կերևա նաև Հայաստանից

Թուրքիայի Իգդիր քաղաքում կառուցվող մզկիթն ամենամեծն է Թուրքիայի արևելյան շրջաններում. այն կերևա նաև Հայաստանի Հանրապետությունից, հաղորդում է թուրքական Dinihaberler.com կայքը:

Մզկիթի կառուցումը սկսվել է 2006թ.: Ներկայում կատարված է շինարարական աշխատանքների մոտ 70%-ը: Այն կարող է միաժամանակ 6 հազ. մարդ տեղավորել:  Մզկիթը կունենա 70 մետր բարձրությամբ 4 մեծ մինարեթ, որոնք տեսանելի կլինեն նաև Հայաստանից: Իգդիրի շրջանի մուֆթի Ջունեյթ Քուլազի խոսքով` շինարարական աշխատանքները կավարտվեն երկու տարվա ընթացքում:

Իգդիրն անվանում են նաև Սուրմալու, որը ծագել է հայկական Սուրբ Մարի, Սուրմառի ձևից: Իգդիրի շրջանը, Հայաստանից բացի, սահմանակից է նաև Ադրբեջանի կազմում գտնվող Նախիջևանին և Իրանին: Ժամանակակից Իգդիր քաղաքն ունի մոտ 77 հազ. բնակչություն:

Հայ-թուրքական սահմանին գտնվող Իգդիրը Երևանից մոտ 40 կմ հեռավորության վրա է և տեսանելի է Արարատյան դաշտի մի շարք բնակավայրերից:

Նշենք, որ 1920թ. հայ-թուրքական պատերազմի ժամանակ Սուրմալուի ճակատի հրամանատարն էր Դրաստամատ Կանայանը, որը պարտություն մատնելով թուրքական զորքերին` չթույլատրեց նրանց ներխուժել Արարատյան դաշտ: Այնուամենայնիվ, պատերազմում Հայաստանի պարտությունից հետո Իգդիրն անցավ Թուրքիային, թեև երբևէ այս պետության մաս չէր կազմել: