Ներկայիս ընթացքով Վրաստանը չի միանա ԵՄ-ին. Էստոնիայի արտգործնախարար  

OC Media

Պարզ է, որ Վրաստանը իր ներկայիս ընթացքով չի միանա Եվրամիությանը, հայտարարել է Էստոնիայի արտգործնախարար Մարգուս Ցախնան։

«Մենք ասել ենք, որ նոր ընտրությունների անցկացումը ճանապարհ է այս ճգնաժամից դուրս գալու և վստահությունը վերականգնելու համար: Եթե իշխանությունները շարունակեն բռնություն կիրառել, մենք պատրաստ ենք շարունակել պատժամիջոցների խստացումը, ներառյալ առանց վիզայի ռեժիմի չեղարկումը»,- ասել է Ցախնան՝ անդրադառնալով Վրաստանի ոստիկանության կողմից բողոքի ցույցերի ճնշմանը, որոնք սկսվել էին նոյեմբերի վերջին՝ կառավարության կողմից Վրաստանի՝ ԵՄ-ին անդամակցության հայտը կասեցնելու որոշումից հետո:

Այն ժամանակ վարչապետ Իրակլի Կոբախիձեն հայտարարել էր, որ ԵՄ-ին անդամակցության շուրջ բանակցությունների մեկնարկը ներկայիս գումարման խորհրդարանի «օրակարգում» չի լինի՝ հավելելով, որ կառավարությունը նույնպես կհրաժարվի ԵՄ-ի կողմից բյուջետային որևէ աջակցությունից:

Նա հայտարարել էր, որ Վրաստանը «տնտեսապես պատրաստ կլինի» ԵՄ-ի հետ բանակցություններ սկսել միայն 2028-ի վերջին՝ նպատակ ունենալով անդամակցել մինչև 2030-ը:

Այն բանից հետո, երբ ԵՄ-ն հրաժարվեց բանակցություններ սկսել Վրաստանի հետ 2023-ին, կուսակցական պաշտոնյաները պնդում էին, որ Վրաստանն արժանի է դաշինքի հետ անդամակցության բանակցություններ սկսել:

Այդ ժամանակից ի վեր ԵՄ-ի ղեկավարներն ու պաշտոնյաները բազմիցս քննադատել են Վրաստանին, որ նա շեղվել է իր արևմտամետ կուրսից, ինչը «Վրացական երազանքը» հերքում է:

Վրաստանի արևմտյան գործընկերները նաև քննադատել են «Վրացական երազանքին» և նրա արբանյակներին հակասական և ռեպրեսիվ օրենսդրություն ընդունելու համար, վերջինը՝ երկրի վարչական և քրեական օրենսգրքերի փոփոխություններով, որոնք խստացրել են պատիժները ցույցերի և դրանց ժամանակ ձերբակալվածների նկատմամբ։

ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարտա Կոսը հինգշաբթի նախազգուշացրել է, որ այս փոփոխությունները «ավելի կխաթարեն քաղաքացիների խոսքի և հավաքների ազատության իրավունքները»:

Քանի որ Արևմուտքի և Վրաստանի միջև հարաբերությունները սրվել են՝ մերձբալթյան բոլոր երկրները, ինչպես նաև Գերմանիան, Չեխիան և Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ են սահմանել Վրաստանի կառավարության և ոստիկանության բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ:

ԱՄՆ-ը ևս պատժամիջոցներ է սահմանել «Վրացական երազանքի» հիմնադիր Բիձինա Իվանիշվիլիի նկատմամբ 2024-ի դեկտեմբերի վերջին՝ «Վրաստանի ժողովրդավարական և եվրաատլանտյան ապագան ի շահ Ռուսաստանի խաթարելու համար»։

Երկուշաբթի «Կոալիցիա հանուն փոփոխությունների» ընդդիմադիր խմբի առաջնորդ Նիկա Գվարամիան ասել է, որ ընդդիմադիր գործընկեր Զուրաբ Ջափարիձեի հետ մեկնում է Ստրասբուրգ՝ մասնակցելու Եվրախորհրդարանի նիստին:

«[Մենք] կունենանք մեր առաջարկները, այդ թվում՝ մարդկանց ցուցակը, որոնց պետք է պատժի ենթարկել։ Նրանք բռնություն են դրսևորում, ինչպես դատավորները, դատախազները, այնպես էլ կեղծ վկաները և ստում են դատավարությունների ժամանակ ու մարդկանց բանտ են ուղարկում»,- լրագրողներին ասել է Գվարամիան։

«Ազատություն» ռադիոկայանի հետ զրույցում Մարդու իրավունքների հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Օլոֆ Սքուգն ասել է, որ Վրաստանում մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված մտահոգության շատ պատճառներ կան՝ հավելելով, որ անհրաժեշտ է ազատ արձակել ցույցերի ժամանակ ձերբակալվածներին։

Նա ասել է, որ մարդկանց խոսքի ազատության համար չի կարելի բանտարկել, և կոչ է արել ազատ արձակել նրանց։

Վրաստանում իրավապաշտպանները ենթադրում են, որ նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին կառավարության դեմ ի աջակցություն ԵՄ ցույցերի ժամանակ ավելի քան 400 ցուցարար է բերման ենթարկվել։ Նրանցի շատերը, ըստ հաղորդումների, իրավապահների կողմից ֆիզիկական կամ հոգեբանական բռնության են ենթարկվել։

Թբիլիսիում և Վրաստանի այլ քաղաքներում գրեթե 80 օր է, ինչ բողոքի ցույցեր են ընթանում կառավարության դեմ և նոր ընտրությունների պահանջով։

Բողոքի ցույցերի մեկնարկից ի վեր իրավապահները և անհայտ դիմակավորված անձինք հարձակվել են մի շարք ցուցարարների, այդ թվում՝ բողոքի ցույցերը լուսաբանող տասնյակ լրագրողների վրա:

Մեկնաբանել